Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հաշվի առնելով փաստաբաներ Վահե Սեդրակյանի, Դավիթ Սրապիոնյանի, Տիգրան Սարուխանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրության և կից ներկայացված լրատվամիջոցների կայքէջերում հրապարակված տեղեկատվության կապակցությամբ շրջանառվող լուրերը, ինչպես նաև ապատեղեկատվությունից խուսափելու նպատակով՝ տեղեկացնում ենք.
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, ուսումնասիրելով փաստաբաներ Վ.Սեդրակյանի, Դ.Սրապիոնյանի, Տ.Սարուխանյանի ներկայացրած հրապարակումները, պարզել է, որ դրանք չեն կարող դիտվել որպես հանցագործության մասին լրատվության միջոցի հաղորդում, քանի որ դրանցում արված վերլուծություններն ու եզրահանգումներն ընդհանուր, վերացական բնույթի են և կատարված կամ նախապատրաստվող հանցագործության մասին որևէ փաստական տվյալ չեն պարունակում:
Մասնավորապես, ՀՀ Արմավիրի մարզում պետական սեփականության հողամասերի օտարման գործընթացում հնարավոր խախտումների կապակցությամբ հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում և վարչական սահմաններից դուրս գտնվող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված հողերի և գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի (անօգտագործելի) կադաստրային գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 25.07.2002թ. թիվ 1101-Ն որոշման 2-րդ հավելվածով ՀՀ Արմավիրի մարզում գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի կադաստրային գինը 1քմ համար սահմանվել է 5,75 դրամ: Ընդ որում, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ և 67-րդ հոդվածների իրավակարգավորման շրջանակներում չի բացառվում պետական և համայնքային սեփականության հողամասերի օտարումը նաև դրանց կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով:
Այսպես,
- ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի 2-րդ կետում նշված` չափից ավելի հողամաս օգտագործելու դեպքում ավելի հողամասը ուղղակի վաճառքի կարգով օտարվում է փաստացի օգտագործողին` հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով կամ տրվում է վարձակալության` հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարով»:
- ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Աճուրդով վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողի կադաստրային արժեքի 50 տոկոսից, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, ծայրամասային բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` հողի կադաստրային արժեքի 30 տոկոսից»: Ավելին, մինչև սույն հոդվածում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի ուժի մեջ մտնելը՝ 28.05.2005թ., պետական և համայնքային սեփականության բոլոր հողամասերի համար վաճառքի նվազագույն մեկնարկային գին էր սահմանվում հողամասի կադաստային արժեքի 30 տոկոսը[1]:
Նշված իրավանորմերի վերլուծությունից ակնհայտ է, որ ՀՀ Արմավիրի մարզում որոշ կատեգորիայի հողամասերի 1քմ կարող է օտարվել նույնիսկ 5,75 դրամի 30 տոկոսի չափով` 1,725 դրամով, կամ 50 տոկոսի չափով՝ 2,875 դրամով: Հետևաբար հողամասի օտարման ցածր գնի վերաբերյալ տեղեկատվությունն ինքնին բավարար հիմք չէ քրեական գործ հարուցելու համար:
Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով, որ փաստաբանների կողմից ներկայացված տեղեկատվությունը հստակ տվյալներ չի պարունակում օտարված հողամասերի հասցեի, նպատակային նշանակության, հողատեսքի, կատեգորիայի, չափսերի և անհատականացման համար անհրաժեշտ այլ տվյալների մասին` հայտնում ենք, որ քրեական գործ հարուցելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված առիթներն ու հիմքերը բացակայում են:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ Արմավիրի մարզում հողամասերի օտարման գործընթացին առնչվող հնարավոր խախտումների վերաբերյալ հստակ տվյալների կամ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածի կարգով հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու դեպքում դրանց օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի:
Ինչ վերաբերում է ՀՀ Արմավիրի մարզի դպրոցների վերաբերյալ տվյալներին, ապա հայտնում ենք, որ դրանք գտնվում են ուսումնասիրության փուլում: