կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-22 15:41
Քաղաքական

Կապանում ընտրության արդյունքը Փաշինյանի քաղաքական պարտությունն էր. Վոլոդյա Հովհաննիսյան

Կապանում ընտրության արդյունքը Փաշինյանի քաղաքական պարտությունն էր. Վոլոդյա Հովհաննիսյան

Եթե առանց ընտրակաշառքի ընտրություններ անցկացնեն, բոլորս շահում ենք, իսկ եթե ընտրակաշառքով, էլի շահում ենք՝ ասելով, որ տեղ տվեցինք նախորդ իշխանություններին. լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական գործիչ  Ազատ Արշակյանը:

Նրա խոսքով՝ Ընտրական նոր օրենսգրքի համաձայն՝ ռեյտինգային չի լինելու, իսկ ռեյտինգայինն էլ իր հերթին թաքնված կամ ակնհայտ ընտրակաշառք տվողների առաջ էր դռներ բացում: Իսկ Ընտրական հին օրենսգրքով առաջնորդվելով, Արշակյանի կարծիքով, ՔՊ-ն կշահի, քանի որ իշխանության համար անցանկալի մարդիկ կընտրվեն, այսինքն՝ բազմակարծություն և մրցակցություն կլինի: «Այս դեպքում վրեժխնդրության հանգամանքը պակաս կլինի, ինչն էլ քաղաքական դիվիդենդներ կբերի ՔՊ-ին»,- նշեց նա:

Արշակյանի մեկնաբանմամբ՝ ընտրությունները հապճեպ անցկացնելու անհրաժեշտությունը բխում է երեք «կ»-ից՝  պետք է դադարեցվոն կոռուպցիան, կրիմինալը, կոլաբորացիոնիզմը: Նա համարում է, որ այսօրվա ԱԺ-ն կրում է այդ երեք «կ»-երը: «Այս ԱԺ-ն պետք է հեռացվի, ամեն մարդ գնա իր գործին՝ իր կոռուպցիային, կրիմինալին և կոլաբորացիոնիզմին, իսկ պետական գործունեությամբ զբաղվեն արժանիները»,- նշեց Արշակյանը:

Քաղաքական գործիչ Վոլոդյա Հովհաննիսյանի խոսքով էլ՝ 2017-ին ԱԺ ընտրություններից հետո խոր հիասթափություն է ապրել և հենց այդ օրերից էլ անցել է ընդդիմադիր դաշտ: Նա նշեց նաև, որ համաձայն է Արշակյանի հետ ռեյտինգային ընտրակարգի հարցում և կարծում է, որ այն մեծագույն ապտակ էր ժողովրդի ձայնին: «Ռեյտինգային ընտրակարգը մեծահարուստներին հնարավորություն տվեց հայտնվելու ԱԺ-ում, իսկ հետո նրանք օրենսդիր գործունեթյան ծանրակշռությամբ ոչնչով աչքի չընկան: Պարզապես ձայն տվողների բանակ էր ստեղծվել, որն իշխանությանը ծառայում էր ուղղակի որոշակի օրենքների ժամանակ ձայն տալու գործընթացներին: Քաղաքական գործունեությունը վերածվեց հասարակական մեծահարուստների և ընտրյալների ինքնաբավարարման միջոցի, ինչը հարվածեց մեր պետականությանը, ինչի թուլացումն էլ բերեց հեղաշրջման: Այսինքն՝ նախկին ԸՕ-ն, որը Դավիթ Հարությունյանի իրավական գիտակցության արդյունքն էր, պարզապես իրեն սպառել է և իր սև գործն է կատարել արդեն»,- ասաց Հովհաննիսյանը:

Նրա բնորոշմամբ՝ նոր ԸՕ-ի վերաբերյալ ոչ ոք չի կարող իր կարծիքը հայտնել, քանի որ անտեղյակ են դրանից: Ըստ Հովհաննիսյանի՝ այն հասարակական լայն քննարկման չենթարկվեց: «Այնտեղ կան նրբություններ, որտեղ թաքնված է սատանայի մատը, որին մենք ծանոթ չենք: Սակայն, այդուհանդերձ, ես ողջունում եմ նոր ԸՕ-ն, քանի որ այն հնարավորություն կտա նոր ժամանակների պահանջով կատարելու ընտրություններ: Ինձ շատ է դուր գալիս ընտրախախտումների ժամանակ քրեորեն պատժելիության մեծացումը, ազատ գաղափարական պայքարի տեսության առաջ քաշումը, եթե, իհարկե, Փաշինյանը թույլ տա, որ այդ տեսությունը հաղթի, թե չէ՝ գմփ-գմփ-հոպը, մարդկանց բնազդային ճանապարհի վրա դնելը կարող է նաև խանգարել նոր ԸՕ-ի հաղթանակին հասարակության մեջ»:

Հովհաննիսյանի համոզմամբ՝ հասարակությունը չի կարողանալու մարսել նոր ԸՕ-ի գիտականությունը, ինչը խոցելի է այն դարձնում: Նա նշեց նաև, որ համաձայն չէ Արշակյանի հետ, թե նոր ԸՕ-ն միայն Փաշինյանին է մեծ հնարավորություն ընձեռում: «Այսօր կան նոր ձևավորված քաղաքական ուժեր, սակայն խոսքը «Սասնա ծռերի» մասին չէ, ես նրանց չեմ ընդունում. չի կարելի, որպեսզի քրեական հանցագործություն կատարած մարդիկ կուսակցություն բացեն: ՔՊ-ի կողքին կան շատ առողջ ուժեր»,- ասաց Հովհաննիսյանը:

Բանախոսներն անդրադարձան նաև երեկ կայացած ՏԻՄ ընտրություններին: Ազատ Արշակյանի խոսքով՝ Կապանում անկուսակցական թեկնածուի հաղթանակը ՔՊ-ի և Փաշինյանի հաղթանակն էր: «Երբ ոչ իր կողմնակիցը հաղթում է, դա նույնպես նրա հաղթանակն է»,- ասաց նա:

Իսկ Հովհաննիսյանի խոսքով՝ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ գմփ-գմփ-հոպ-ը սյունեցիները չընդունեցին: «Կապանի դեպքը կհամարեի Փաշինյանի հաղթանակը, եթե նա իշխանական ողջ ռեսուրսով, իր ծառայողական մեքենաներով, 20-25 թիկնապահներով, նազիր-վեզիրներով չգնար Կապան ու միտինգ չաներ ու կոչ չաներ ընտրել ՔՊ-ի ներկայացուցչին: Այդ դեպքում ես Փաշինյանի հաղթանակը կհամարեի, եթե անկուսակցական թեկնածուն հաղթեր, քանի որ երկրում ստեղծվել է ընտրական և քաղաքացիական գիտակցական այնպիսի իրավիճակ, որ ցանկացած մարդ կարող է հաղթել, եթե արժանի է: Սակայն, երբ Փաշինյանը գնում է այնտեղ, կոչ անում ընտրել իր թեկնածուին, ու նա չի հաղթում, սա Նիկոլ Փաշինյանի քաղաքական պարտությունն էր: Մենք տեսանք, որ գմփ-գմփ-հոպ-ը սյունեցիները չընդունեցին»,- ասաց Հովհաննիսյանը: