կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-17 13:13
Քաղաքական

Սերժ Սարգսյանը շատ հարգանքով վերաբերվեց իմ որոշմանը. Գևորգ Կոստանյան

Սերժ Սարգսյանը շատ հարգանքով վերաբերվեց իմ որոշմանը. Գևորգ Կոստանյան

Եթե դուք մի անգամ լսեք իմ ելույթը, այլ  ոչ թե վերնագրերով միայն ծանոթանաք, կհասկանաք, որ խոսքս վերաբերել է բացարձակապես նրան, որ Փաշինայնն ազնիվ է իր նպատակների մեջ, ազնիվ է իր ցանկությունների մեջ, բայց պետական կառավարման փորձ չունի: Այս մասին խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը:

Հարցին` հիասթափություն չկա՞ կուսակցությունում և Սերժ Սարգսյանի մոտ իր հանդեպ, նա արձագանքեց. «Սերժ Սարգսյանը շատ հարգանքով է ընդունել իմ որոշումը, և նա միշտ հարգանքով է վերաբերվում բոլորի որոշմանը: Իսկ թե մամուլում ի՞նչ են գրում, ո՞նց են գրում, 48-երորդական հարցեր են»:

Ճշտող հարցին էլ` նորմալ ընդունե՞ց, որ խմբակցությունում է մնում, բայց  աջակցում է Փաշինյանին, Կոստանյանը  կրկնեց, որ Սերժ Սարգսյանը շատ հարգանքով վերաբերվեց իր որոշմանը: «Ինչ վերաբերում է ֆրակցիայի հետ հակասություն փնտրելուն, ես այստեղ էլ հակասություն չեմ տեսնում մեկ պարզ պատճառով, որովհետև նույն օրը ֆրակցիան էլ հայտարարություն տարածեց. այստեղ որտե՞ղ հակասություն կար»,- նշեց նա:

Կոստանյանը շեշտեց, որ ինքը երբեք  իրեն թիմից հեռու չի պահել  ու չի պահում: «Ուղղակի ուզում եմ հասկանանք` ես կուսակցական չեմ եղել ու չեմ լինելու երբեք, որովհետև կուսակցական լինելու պարագայում դու կաշկանդված ես կուսակցական շահերով, կանոններով և կարգապահությամբ:  Ես երբեք չեմ եղել կուսակցական` հենց այն նկատառումից ելնելով, որ ես երբևէ ո'չ  կուսակցական, ո'չ քաղաքական կաշկանդվածություն չունենամ` իմ դիրքորոշումը արտահայտելու տեսակետից: Ինչ վերաբերում է թիմի անդամին, ես եղել եմ և մնում եմ թիմի անդամ»,- եզրափակեց նա: