կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-21 16:29
Հասարակություն

Մինչ այս պահը Գոհար Ենոքյանից բողոք չի ստացվել. Գևորգ Կոստանյան

Մինչ այս պահը Գոհար Ենոքյանից բողոք չի ստացվել. Գևորգ Կոստանյան

Այսօր ԱԺ-ում շարունակում էին ներկայացնել գլխավոր դատախազության տարեկան հաշվետվությունը:

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը երկու տարբեր դեպքերի կապակցությամբ հարց ուղղեց հիմնական զեկուցող` գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:  Պատգամավորի առաջին հարցը վերաբերում էր ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանին կալանավորելու որոշման փաստին: Նա հիշեցրեց, որ կինը 73 տարեկան է, ունի առողջական բազմաթիվ խնդիրներ, որ ունի պատկառելի քաղաքական գործունեություն: Պատգամավորը հարցրեց, թե ի՞նչ հիմքերով է կայացվել նրան կալանավորելու ու մեղադրանք ներկայացնելու որոշումը:

 

Երկրորդ հարցը վերաբերում էր փետրվարի սկզբին դաժանանաբար ծեծված` ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի միջադեպին, երբ նրան ծեծի ենթարկելուց առաջ առևանգեցին: Պատգամավորը նշեց, որ հիմա ամենուր տեսախցիկներ են տեղադրված, ուստի ցանկության դեպքում հնարավոր կլինել բացահայտել գործի մանրամասները, սակայն մինչ օրս տեղեկություններ չկան այդ դեպքի մասին:

 

Գոհար Ենոքյանի վերաբերյալ Գևորգ Կոստանյանը նշեց, որ անձի տարիքը, պատվավոր կենսագրությունը, կոչումները ընդամենը պատիժը մեղմացնող հանգամանք կարող են դիտարկվել, այլ ոչ թե պատիժը բացառող հանգամանք: Գոհար Ենոքյանի հիվանդությունը նույնպես չի կարող դիտարկվել որպես պատիժը բացառող հանգամանք: Ինչ վերաբերում է գործի հանգամանքներին ու կալանավորման որոշմանը, Գևորգ Կոստանյանը նշեց, որ տրվել է հաղորդում սպանություն նախապատրաստելու վերաբերյալ, և ըստ ընթացակարգի` երբ եղել են ցուցմունքներ ու ապացույցներ, ապա նրան տվել են կասկածյալի կարգավիճակ: Եվ հանցանքի վտանգավորության տեսակյունից որոշվել է նրան ձերբակալել: Գևորգ Կոստանյանի խոսքով, դեռ չի կարող ասել, թե ինչ դատական հեռանկար կունենա այդ գործը, սակայն Գոհար Ենոքյանին որպես մեղադրյալ ներգրավելու բավարար ապացույցներ կան, որոնք հիմա ստուգման փուլում են: Գևորգ Կոստանյանը նշեց, որ դեռևս չի կարող հրապարակել գործի մանրամասներ` համարելով դրանք նախաքննության գաղտնիք:

 

Ինչ վերաբերում է Արտակ Խաչատրյանի հետ կապված միջադեպին, նա հույս հայտնեց, որ այդ հանցագործությունը կբացահայտվի, իսկ մեղավորները կպատժվեն: Դատախազը վստահեցրեց, որ անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվում` դեպքի վայրը և հանցագործություն կատարողներին բացահայտելու համար:

 

Վահե Էնֆիաջյանը հարցրեց, թե որո՞նք են Գոհար Ենոքյանի մեղադրանք ներկայացնելու հիմքերը: Նա նաև անտրամաբանական համարեց Արտակ Խաչատրյանի միջադեպի հետ կապված գործի բացահայտման ձգձգումը:

 

Գոհար Ենոքյանի գործի վերաբերյալ գլխավոր դատախազը նշեց, որ կա դատավարական ընթացակարգ, որքան էլ դա ընկալելի չլինի հասարակության կողմից: Համենայն դեպս, Գևորգ Կոստանյանը նշեց, որ բողոք Գոհար Ենոքյանի կողմից չի ստացվել դատավարական պրոցեսի վերաբերյալ, մնացած տեղեկությունները նա համարեց նախաքննության գաղտնիք, որը պետք է պահպանել:

 

Արտակ Խաչատրյանի դեպքի կապակացությամբ Գևորգ Կոստանյանը նշեց, որ «անտրամաբանական» բառի փոխարեն գուցե պետք է օգտագործել «ոչ ողջամիտ» արտահայտությունը, որովհետև ապացուցողական բազան, ցավոք, բավարար չէ: