կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-30 17:22
Քաղաքական

Թե ով է կանչել` Ավետ, դա հարցի ութերորդ կողմն է. Գեւորգ Կոստանյան

Թե ով է կանչել` Ավետ, դա հարցի ութերորդ կողմն է. Գեւորգ Կոստանյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ելույթ ունեցող Գեւորգ Կոստանյանից փորձեց մանրամասներ պարզել Գորիսի հայտնի դեպքերի կապակցությամբ:

 

Նախքան հարց տալը պատգամավորն անդրադարձավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն նկատողությանը, որ տպավորություն է, թե Փաշինյանը երբեմն խոսում է խոսելու համար: ՀԱԿ պատգամավորը հայտարարեց, որ, ցավոք, ստիպված է հարցեր բարձրացնել` նախագահի, վարչապետի ապօրինությունների մասին բարձրաձայնելու համար:

 

Անցնելով բուն հարցին` Փաշինյանն ասաց, որ, գորիսյան դեպքերի տեսագրությունը նայելով, արձանագրել է, որ երբ Ավետիք Բուդաղյանը գնում է հավաքված մարդկանց խմբի հետեւից, ինչ-որ մեկը ձայն է տալիս, ասում է` Ավետ, Ավետիք Բուղադյանն էլ հետ է դառնում եւ ստանում այն վնասվածքը, որը թիվ մեկ վնասվածք է որակվում գործում: Փաշինյանը նշեց, որ այդ վնասվածքը վերեւից ներքեւ ուղղություն ունի, իսկ Տիգրան Խաչատրյանը եւ Զարզանդը Նիկողոսյանը Ավետիք Բուդաղյանի հետ նույն հարթության վրա են գտնվել:

 

Գեւորգ Կոստանյանը եւս մեկ անգամ անդրադարձավ գործի մանրամասներին, վստահեցրեց, որ գործը քննելիս ապահովվել է օբյեկտիվություն ու բազմակողմանիությունը: Ըստ նրա` դեպքերի հաջորդականությունը հստակ ֆիքսված է, այստեղ տարաձայնություն լինել չի կարող, վնասվածքների համարակալումն էլ պայմանական է: «Դա էլ է միանշանակ, թե ովքեր են կրակել., տեսագրության եւ ձայնագրություն մեջ հստակ լսվում եւ երեւում են բոլոր կրակոցները, թե քանիսն է եղել, որ զենքից է եղել, դա եւս հստակ է»,- նշեց Կոստանյանը:

 

Դատախազի թեկնածուն անդրադարձավ այն տեսակետին, թե ի՞նչ անհրաժեշտ պաշտպանության մասին է խոսքը, երբ կողմերից մեկը Սուրեն Խաչատրյանն է: Նա հայտարարեց, որ, անկախ նրանից, թե ինչպես ենք ընկալում տվյալ անձին, դա չի կարող նշանակություն ունենալ քրեական գործով որոշումներ կայացնելու վրա: «Կայացնել որեւէ որոշում` հասարակական համակրանքից կամ հակակրանքից ելնելով, չենք կարող»,- ընդգծեց դատախազի թեկնաածուն:

 

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ հետաքրքրվեց` ո՞վ է եղել կանչողը, ո՞վ է Ավետիք Բուդաղյանի հետեւից կանչել` Ավետ:

 

«Թե ով է կանչել` Ավետ, ով չի կանչել, խնդիրը դա չի, հստակ է` ովքեր են եղել դեպքի վայրում, ովքեր են կրակել, քանի զենք է գործածվել եւ ով է տուժել, ով է պատասխան կրել: Թե ով է կանչել` Ավետ, դա հարցի ութերորդ կողմն է»,- հայտարարեց Կոստանյանը: