կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-27 22:00
Քաղաքական

Էրդողանին Հայաստանում մեծ հարգանքով կընդունեին. Սերժ Սարգսյանը պատասխանում է Պոզներին

Էրդողանին Հայաստանում մեծ հարգանքով կընդունեին. Սերժ Սարգսյանը պատասխանում է Պոզներին

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ռուսական «Առաջին» հեռուստաալիքի «Պոզներ» հաղորդաշարի հյուրն է  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: 

 

«1915 թվականի մայիսին Անտանտի երկրները հայտարարեցին, որ մարդկության դեմ  այս հանցագործության բոլոր մեղավորները կպատժվեն: Ի դեպ, հենց այդ ժամանակ առաջին անգամ օգտագործվեց այդ տերմինը՝ «հանցագործություն մարդկության դեմ»: Այդուհանդերձ, պահանջվեց 50 տարի, որպեսզի  ճանաչվի Ցեղասպանությունը՝ առաջինը Ուրուգվայի կողմից: ԽՍՀՄ-ը չի ճանաչել, ՌԴ-ն ճանաչել է: Այսօր 22 երկիր է ճանաչում ցեղասպանությունը, եթե չեմ սխալվում: Չեն ճանաչում այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, որ ինձ համար հանուն արդարության պայքարող  երկիր է (գոնե այդպես է թվում),  չի ճանաչել Իսրայելը, որ ինքն էլ տուժել է ցեղասպանությունից: Դուք ինչպե՞ս եք դա հասկանում»,- հարցրեց Վլադիմիր Պոզները:

 

«Ես հասկանում եմ, բայց չեմ ընդունում: Նրանց համար շահերը կարեւոր են արժեքներից՝ համամարդկային արժեքներից: Տվյալ պարագայում նրանք ասում են, որ իրենք ազգային շահերով են առաջնորդվում, որն արտահայտվում է Թուրքիային չնեղացնելով: ԱՄՆ 44 նահանգ  ճանաչել է, շատ նախագահներ ասել են՝ «Ցեղասպանություն», այսօրվա նախագահ Օբաման երբ կոնգրեսմեն էր, բազմիցս ասել է «ցեղասպանություն», իսկ իր նախընտրական արշավում նա մեղադրում էր իր մրցակիցներին՝ ասելով, թե  ինչպես կարելի է այս հարցում  միանշանակ դիրքորոշում չունենալ:

Նույնն Իսրայելի պարագայում է: Ի դեպ, ներկա նախագահը երբ խորհրդարանի պատգամավոր էր, նրա ազգանունը միշտ այն պատգամավորների ցուցակում էր, ովքեր ցանկանում էին, որ Իսրայելը ճանաչի Ցեղասպանությունը, սակայն  դառնալով նախագահ՝ փոխեց իր բառապաշարը»,- պատասխանեց Սերժ Սարգսյանը:


Պոզների հարցին՝ իսկ ԽՍՀՄ-ը նույնպե՞ս ունեցել է իր շահերը, որ չի խոսել  այդ մասին, ՀՀ նախագահը պատասխանեց.

«Իհարկել չեմ ասում որ ԽՍՀՄ-ը  մինչեւ վերջին շրջանը բարեկամություն է արել Թուրքիայի հետ: Բայց մենք բոլորս հիշում ենք, որ Խորհրդային Ռուսաստանը Լենինի առաջարկով Թուրքիային լուրջ օգնություն ցույց տվեց ոսկով, զինամթերքով, իհարկե ԽՍՀՄ-ը բարեկամական հարաբերություն չուներ Թուրքիայի հետ, բայց Թուրքիան մեծ պետություն էր, ինչպես  հիմա  է, եւ ԽՍՀՄ-ը մտածում էր՝ չարժե հարաբերությունները լարել»:

 

«Դուք հրավիրե՞լ եք Էրդողանին»,- հարցնում է Պոզները:

 

«Այո մենք հրավիրել էինք: Եւ դա պարզապես ձեւական քայլ չէր: Հրավերը մեր արտգործնախարարն անձամբ է փոխանցել թուրք պաշտոնյաներին: Հրավիրել էի, որ միասին հիշեինք զոհերին, հարգեինք նրանց հիշատակը եւ այդպիսով կարողանայինք այնպես անել, որպեսզի ապագայում նման հանցագործություններ չկրկնվեին: Եւ կարեւոր կլիներ եւ հայերի եւ թուրքերի համար այն ազդակը, որ դրան կհետեւեր»,- պատասխանում է Սերժ Սարգսյանը:


«Բայց դուք հասկանու՞մ էիք, որ նա չի գա»:

 

«Ես գրեթե վստահ էի, որ նա չի գա: Բայց  գոնե մեկ  տոկոս հավանականություն  կար: Ես մտածում էի՝ իսկ եթե հանկարծ գա՞: Ի վերջո, նման նախադեպ եղել էր: 2009 թվականին ես հրավիրեցի այն ժամանակվա նախագահ Աբդուլլա Գյուլին՝  գալ Հայաստան եւ միասին ֆուտբոլային հանդիպումը անել եւ նա եկավ: Իհարկե դրանք տարբեր բաներ են: Մենք մեղավոր չենք ճանաչում Թուրքիայի այս իշխանություններին ցեղասպանության իրագործման մեջ, բայց երբ նրանք հերքում են, նրանք հանցակից են դառնում: Մենք ուզում ենք, որ նրանք ազատվեն այդ բեռից, ախր չէ որ դա ծանր բեռ է»:

 

«Իսկ եթե գար, ինչպե՞ս նրան կընդուներ ժողովուրդը». հարցին Սերժ Սարգսյանը պատասխանեց՝  «նրան ժողովուրդը մեծ հարգանքով կընդուներ, ես  վստահ եմ»: