կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-20 16:30
Հասարակություն

Շատերի մոտ տպավորություն է, որ եթե ոստիկանությունը ուժ է կիրառում, ուրեմն դա արդեն հանցագործություն է. Գևորգ Կոստանյան

Շատերի մոտ տպավորություն է, որ եթե ոստիկանությունը ուժ է կիրառում, ուրեմն  դա արդեն հանցագործություն է. Գևորգ Կոստանյան

Այսօր ԱԺ հերթական քառօրյայում քննարկվում է գլխավոր դատախազության` 2014թ.  տարեկան հաշվետվությունը:

 

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղեց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, թե ի՞նչ վերաբերմունք ունի խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հանդեպ ոստիկանության կողմից վայրագ դրսևորումների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել օրեր առաջ նախագահական նստավայրի դիմաց:

 

Գևորգ Կոստանյանը նախ նշեց, որ մամուլից տեղյակ է այդ դեպքին, այնուհետև նշեց, որ տվյալ դեպքի կապակցությամբ քննչական նյութեր են նախապատրաստվում:

 

«Իրականում` մեր հասարակության մոտ այնպիսի տպավորություն է, որ եթե ոստիկանությունը ուժ է կիրառում, ուրեմն դա արդեն հանցագործություն է, բայց դա այդպես չէ, որովհետև ոստիկանությունը եզակի մարմիններից է, որ օրենքի մանդատով ունի ուժ կիրառելու իրավունք: Այլ հարց, որ այդ ուժի կիրառումը կարող է լինել ոչ իրավաչափ, ոչ անհրաժեշտ:

 

Կան իրավիճակներ ու իրադրություններ, երբ ոստիկանի կողմից ուժ չկիրառելը կարող է հանգեցնել հենց ոստիկանի վերաբերյալ պատասխանատվության կիրառման: Կոնկրետ այդ իրադրության պարագայում, հանրահավաքները արգելելու մասին օրենքի համաձայն, կա դրույթ, որ նախագահի նստավայրի, խորհրդարանի, դատարանների մոտ որոշակի տարածությամբ արգելվում է հանրահավաք կազմակերպել, քանի որ դա կարող է խոչընդոտել այդ մարմինների բնականոն գործունեությանը: Շատ երկրներում անգամ կոնկրետ սահմաններ են դրված` հիսուն մետր, հարյուր մետր հեռավորություն:

 

Արդյո՞ք անպայմանորեն այդ մայթի այդ հատվածում հանրահավաք անցկացնելը անհրաժեշտ էր ու չէր կարող խոչընդոտել տվյալ պետական մարմնի բնականոն գործունեությանը: Անպայման չէ անունը դնել վայրագություն, իրավական տեսակետից դա ֆիզիկական ուժի կիրառում է: Եթե գտնում եք, որ ոչ իրավաչափ է կիրառվել ֆիզիկական ուժը, կարող եք ներկայացնել ձեր հիմքերը»,- ասաց գլխավոր դատախազը: