կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-22 13:28
Քաղաքական

Եթե մեր կառավարությունը Հռոմի պապից ավելի կաթոլիկ է, դա շատ լավ է. Գևորգ Կոստանյան

Եթե մեր կառավարությունը Հռոմի պապից ավելի կաթոլիկ է, դա շատ լավ է. Գևորգ Կոստանյան

ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում քննարկվում է «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկույցով հանդես եկավ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: Նա ներկայացրեց, որ օրենքով ամրագրվելու է, որ օտարերկրացիներին հատուկ կացության կարգավիճակ տալու որոշումը կայացնելու է ոչ թե նախագահը, այլ վարչապետը:

«Առաջարկվում է, որ եթե հատուկ կացության կարգավիճակ տալու դիմումը մերժվեց, օտարերկրացին կարողանա բողոքարկել»,- ասաց նա:

Այս դրույթը դուր չեկավ հանձնաժողովի անդամներին: Բոլորը տարակուսանք հայտնեցին: Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի համար անհասկանելի էր, թե ինչու են փոփոխություն առաջարկում: «Հիմա որ դուք այլ երկրի դեսպանատուն եք դիմում՝ մուտքի արտոնագիր տալու համար, մերժվում եք, հետո բողոքարկո՞ւմ եք: Բողոքարկման ինստիտուտը տրվում է քաղաքացուն, որ պաշտպանի իր իրավունքները: Հատուկ կարգավիճակ տալը, մուտքի թույլտվություն տալը ինստիտուցիոնալ առումով նույնն է, դա պետության իրավունք է, քաղաքացու իրավունք չէ: Մենք բողոքարկման իրավունք ենք տալիս, որ իր ո՞ր իրավունքը պաշտպանի»,- հետաքրքրվեց նա:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ մուտքի արտոնագիր ստանալն ու կացության կարգավիճակ ստանալը չի կարելի նույն հարթության վրա դիտարկել: «Մուտքի արտոնագիր տալու համար մեկ այլ պետություն մտնելու համար ես դիմում, կացության համար դու գտնվում ես այդ երկրի տարածքում: Եթե մերժում են կացությունդ շարունակել, պետք է արդյունավետ վիճարկելու հնարավորություն ունենալ»,- ասաց նա:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի կարծիքով էլ` եթե բողոքարկման հնարավորությունները չլինեն, մենք լրջագույն խնդիրներ ենք ունենալու միջազգային ատյաններում, քանի որ միջազգային պարտավորություններ ենք ստանձնել: «Եթե դու անձին տալիս ես կացության կարգավիճակի իրավունք , այդ իրավունքը նա արդեն ունի, հետևաբար` պետք է ունենա նաև մերժումը բողոքարկելու հնարավորություն՝ դատական կամ արտադատական կարգով»,- ասաց նա:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ ընդգծեց, որ այստեղ պետության ինքնիշխանության խնդիր կա, եթե ամեն օտարեկրացի, որին մերժում են կացության կարգավիճակ տալ, վիճարկի, պետությունը պետք է ընկնի այդ վեճերի մեջ: «Բողոքարկումը կա'մ պետք է բացառել, կա'մ պետք է խիստ սահմանափակել»,- ասաց նա:

Գևորգ Կոստանյանը նշեց, որ սա ինքնիշխանության հարց է: «Պետությունը որոշում է` ում իր երկիր թողնի, ինչքան ժամանակով և ինչ պայմաններով: Սա տրված է պետությանը, պետության իրավունք է: Ազատ տեղաշարժվելու իրավունքն էլ բացարձակ իրավունք չէ, սահմանափակ է»,- ասաց նա, ապա օրինակ բերեց, թե ինչպես կարող է բողոքարկման իրավունք տալը մեր երկրի դեմ օգտագործվել: «Եթե Թուրքիայի բնակչության 40 տոկոսը դիմի մեզ՝ կացության կարգավիճակ ստանալու համար, ու մենք մերժենք, բոլորը գան այստեղ բողոքարկեն, ի՞նչ կլինի: Կամ` Սիրիայի բնակչության 95 տոկոսը դիմում է Գերմանիային, ասում է՝  բոլորս ուզում ենք հատուկ կարգավիճակ: Եթե այդպես լիներ, «փախստական» հասկացությունը չէր լինի, բոլորը հատուկ կարգավիճակ կստանային»,- նշեց Կոստանյանը և հավելեց, որ եթե մեր պետությունն ուզում է նման բան անել, ինքը դեմ է:

Փոխոստիկանապետը համաձայնեց Կոստանյանի ասածներին, բայց նշեց, որ բողոքարկման ինստիտուտ այլ դեպքերում նախատեսված է:

Թեև հանձնաժողովի բոլոր անդամները դեմ արտահայտվեցին նախագծին, բայց կողմ քվեարկեցին: «Մենք, դեմ լինելով, կողմ ենք: Ես չէի անի այդպիսի բան, բայց եթե մեր կառավարությունը Հռոմի պապից ավելի կաթոլիկ է, դա շատ լավ է»,- ասաց Կոստանյանը:

Ի վերջո, նախագիծն ընդունվեց: