Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջերս կուսակցություն դարձած «Սասնա ծռեր» խմբավորման անդամները կարծում են, որ Փաշինյանը շատ մեղմ է՝ իրենց բառերով՝ նախկին ռեժիմի մնացորդների նկատմամբ: Ծռերն առաջարկում են ելնել հեղափոխության առաջ բերած իրավիճակից ու անցումային լուծումներ գտնել՝ չապավինելով նախորդ իշխանության ընդունած սահմանադրությանը ու չզբաղվել իրավական տառակերությամբ: Զարմանալիորեն միաժամանակ նման հռետորաբանությամբ են սկսել հանդես գալ մարդիկ, ովքեր ներկայանում են վերլուծաբան, քաղաքագետ կամ մտավորական. նրանք եւս կոչ են անում Փաշինյանին լինել ավելի կոշտ:
Այն, որ անկախ սուր հռետորաբանությունից Փաշինյանը կարեւորում է գործող Սահմանադրության շրջանակներում առկա քաղաքական ճգնաժամից դուրս գալը, հաճախ հիմնավորվում է միջազգային հանրության հանդեպ ունեցած վախերով: Որոշակի վախեր, ավելի ճիշտ՝ ռիսկեր, իհարկե, կան, բայց առավել հիմնարար պատճառ էլ կա, որ Փաշինյանին դրդում է մնալ սահմանադրականության շրջանակներում ու իր լայն հանրային աջակցությունն օգտագործել մեղմ չափաբաժնով: Կոշտ սցենարների, իսկ ավելի կոնկրետ՝ ժողովրդի՝ ԱԺ–ում հայտնվելու եւ այն ցրելու պարագայում նախկին քաղաքական վերնախավը էլ ավելի է սեղմվելու պատին ու չի բացառվում, որ սկսի ավելի կոշտ դիմադրել: Ինչն անժխտելիորեն բերելու է նոր քաղաքական ցնցումների ու անկայունությունների, որոնց պատասխանատուն լինելու է նախ Փաշինյանը:
Ըստ այդմ՝ գործող սահմանադրության շրջանակներում մնալու Փաշինյանի մարտավարությունը ոչ թե իրավական տառակերություն է կամ մեղմություն, այլ չոր հաշվարկ՝ իրավիճակից դուրս գալ հնարավորինս քիչ ցնցումներով ու փափուկ: Հանրահավաքային տրամադրությունների կիրառման գործում Փաշինյանը շատ հաշվենկատ է:
Իրականում հաշվարկը շատ պարզ է՝ Հայաստանում կան ուժեր, որոնք փափուկ խաղի պայմաններում պահանջարկ չունեն: Նրանց պետք է առավել սուր, կոնֆրոնտացիոն իրավիճակ, որտեղ նրանց թե՛ հռետորաբանությունը, թե՛ գործիքակազմը կարող է կիրառելի լինել:
Այս իմաստով շատ հետաքրքրական է, թե ինչպես են դասավորվելու Փաշինյանի եւ «Սասնա ծռերի» հարաբերությունները, ընդհանրապես ինչպես է դասավորվելու Ծռերի քաղաքական ապագան:
Դժվար է ասել, ընթացիկ դատավարության պայմաններում, երբ նրանցից դեռ չի հանվել մեղադրանքը, Ծռերն ինչպե՞ս են մասնակցելու ընտրություններին: Արդյոք նրանց խափանման միջոցը փոխելուն ուղղված քաղաքական մեսիջներին զուգահեռ Փաշինյանն, օրինակ, նրանց տվել է քաղաքական հեռանկարի երաշխիքներ: Թե՞ Ծռերը մտադիր են կորզել այդ երաշխիքները՝ ուժային գործողությունների շանտաժով կամ ինչպես վերը նշեցինք՝ Փաշինյանի ոճը մեղմ որակելով ու ավելի կոշտ սցենարներ առաջարկելով, սցենարներ, որտեղ իրենց դերակատարությունը կգա առաջին պլան: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կունենանք առաջիկայում: Իսկ այժմ ընդամենն արձանագրենք, որ թե՛ հեղափոխության, թե՛ դրա մրցակիցների ճամբարներում նկատելի են դառնում ուժեր, որոնց ձեռնտու է իրավիճակի սրումն ու կոնֆլիկտի էսկալացիան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: