կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-30 16:08
Քաղաքական

Թուրքիայի, Ամերիկայի քաղաքականությո՞ւնն են վարում «Սասնա ծռերը», ուզում են թուլացնե՞լ կարևոր ուղղությունը. գեներալը՝ ռուսական ռազմաբազայի մասին

Թուրքիայի, Ամերիկայի քաղաքականությո՞ւնն են վարում «Սասնա ծռերը», ուզում են թուլացնե՞լ կարևոր ուղղությունը. գեներալը՝ ռուսական ռազմաբազայի մասին

Թուրքիան Վրաստանի տարածքով երկաթգիծ է անցկացնում՝ շրջանցելով Հայաստանը, և լրացուցիչ շրջափակում ստեղծում այդ երկրի համար։ Ընդ որում՝ երկաթգիծը գնում է Ադրբեջան։ Այսինքն` այս երկաթուղով կարելի է մեծ քանակությամբ զինուժ տեղափոխել։ Այսօր Երևանում անցկացվող «Լազարյան» ակումբի նիստում ելույթ ունենալիս ասաց ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր շտաբի նախկին պետի տեղակալ, Աֆղանստանի պատերազմի մասնակից և ՀՀ ԶՈՒ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր–Գրիգորյանցը:

«Եվ հանկարծ այստեղ` Կովկասում, Ադրբեջանի տարածքում, Իրանի կողքին հայտնվում է Իսրայելը, որը յուրացնում է բոլոր օդանավակայանները, ողջ տարածքը և յուրովի վերակազմակերպում այս տարածաշրջանը»,– ասաց բարձրաստիճան զինվորականը` հիշեցնելով, որ Իրանը ոսկոր է Իսրայելի կոկորդում, Իսրայելը` արաբական աշխարհի, իսկ Հայաստանը` թուրք–ադրբեջանական միավորման։

Այս համատեքստում գեներալը հիշեցրեց, որ ժամանակին  Ադրբեջանը նպատակ է ունեցել գրավել Ղարաբաղը, Զանգեզուրը և վերջինս միացնել Նախիջևանին ու  այնտեղից հարձակվել Երևանի վրա: «Այս նպատակը քանդվել է ՀՀ ԶՈՒ-ի ստեղծման ճանապարհով, ինչպես նաև ռուսական կողմից տեխնիկական աջակցության կամ զինման շնորհիվ: Բայց, առանց Ռուսաստանի անմիջական մասնակցության, միայն Հայաստանն է իր կարողություններով դա արել՝ նախկին 7-րդ դաշտային զորամիավորման  ռազմական տեխնիկայի  առկայությամբ, որը Հայաստանի տարածքում էր տեղակայված»,- շեշտեց Նորատ Տեր-Գրիգորյանցը:

Գեներալը կարևորեց Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի ու սահմանապահ զորքերի ներկայությունը՝ վտանգավոր համարելով «Սասնա ծռերի» պնդումները: «Ո՞ւմ քաղաքականությունն է իրականացնում՝ Թուրքիայի՞, Ամերիկայի՞: Ինչո՞ւ են նրանք այս գործով զբաղվում, որ թուլացնե՞ն այդ ուղղությունը: Մենք պետք է այդ բարեկամության ամրացման ուղղությամբ շարժվենք և թույլ չտանք հրդեհ Կովկասում»,- ընդգծեց նա: