կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-08 13:58
Հասարակություն

Ո՞ւմ է հետաքրքիր, թե ով իր անկողնում ինչ է անում. քննարկում են հոգեբանն ու սոցիոլոգը

Ո՞ւմ է հետաքրքիր, թե ով իր անկողնում ինչ է անում. քննարկում են հոգեբանն ու սոցիոլոգը

Այսօր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը և  հոգեբան Սամվել Խուդոյանը «Հենարան» մամուլի ակումբում  քննարկում էին  նոյեմբերի 15-18-ը Երևանում անցկացվելիք  ԼԳԲՏ-քրիստոնական ֆորումի, սեռական շեղումների և հայկական ավանդույթների թեմաները:

«Ազատականացված հասարակությունում  ավանդույթները գնալով դադարում են գործել: Մեր պետությունն էլ, լինելով զարգացող երկրների հոսքի մեջ, այս երևույթներից խուսափել չի կարող»,-նշեց սոցիոլոգը, սակայն կարծիք հայտնեց նաև, որ մենք խիստ  արական մշակույթ ունենք, այդ մասին է փաստում նաև մեր լեզվում իգական սեռին բնորոշ վերջավորությունների ու դեմքի բացակայությունը, և մեր ժողովուրդն այս երևույթի հետ դժվար է համակերպվում:

Հոգեբան Սամվել Խուդոյանի կարծիքով էլ` միայն կենսաբանությանը մեղադրել նման շեղումների մեջ սխալ է, պետք է մեծ ուշադրություն դարձնել ընտանիքին, դաստիարակությանը, հատկապես` դեռահասության շրջանում:

Հոգեբանը և սոցիոլոգը խորհրդային շրջանում  միասեռականների նման ակտիվություն  չեն հիշում և դա պայմանավորում են այս երևույթների` օրենքով արգելված լինելուն, իսկ այսօրվա մեծ ակտիվությունը` այս ոլորտում ահռելի ֆինանսների ներդրմամբ:

Ըստ Սամվել Խուդոյանի` այսպիսի մարդկանց մեղադրել կամ դատապարտել պետք չէ, բայց պետք է դատապարտել նրանց, ովքեր այսպիսի կողմնորոշում ունեցողներին դրդում, հանում են փողոց և ասում` բարձրաձայնեք ձեր ինտիմ կյանքի մասին: Հոգեբանը վախենում է, որ այս ամենը վատ ավարտ կարող է ունենալ. նա սոցցանցերում հազարավորների է ֆիքսել, ովքեր սպառնում են, հայհոյում,  հարցնում են, հետաքրքրվում,  թե որտեղ է անցկացվելու ֆորումը:   

«ԼԳԲՏ համայնքի նկատմամբ ագրեսիան այդքան չէր մեծանա, եթե այսպես չպրոպագանդեին, իրենց ինտիմ կյանքը ֆորումների ու գիտաժողովների չվերածեին: Ո՞ւմ է հետաքրքիր, թե ով իր անկողնում ինչ է անում»,- ասաց Սամվել Խուդոյանը:

Թե ինչո՞ւ է ԼԳԲՏ համայնքի երևանյան ֆորումը ստացել «ԼԳԲՏ-քրիստոնեական ֆորում» անվանումը, Սամվել Խուդոյանն ու Ահարոն Ադիբեկյանը դժվարացան պատասխանել, բայց, ըստ նրանց, այն, որ Հայաստանը առաջին քրիստոնյա երկիրն է, և Հռոմի պապը, ով դատապարտել է այս երևույթը, մեծ տեղ ու նշանակություն է տալիս  մեր երկրին, կապ ունի անվանման և անցկացման վայրի ընտրության հետ: