Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել բոլորին` իրեն ցավակցություններ հայտնելու համար:
«Սիրելի ընկերներ, հարազատներ, հարգելի քաղաքացիներ
Անչափ զգացված եմ այս ծանր պահին կողքիս լինելու և ձեր խոսքերով զորակցելու համար։
Ուզում եմ նշել, որ հայրս՝ Վալերի Մուշեղի Գրիգորյանը, կյանքի վերջին մեկ տարում ունեցել է ալցհայմերի հիվանդություն, ինչն էլ իր ազդեցությունն է ունեցել կյանքից հեռանալու նրա որոշման վրա։
Երբ առաջին անգամ լսեցի, թե ինչպես է մահացել հայրս, սկսեցի մտովի կռվել նրա հետ, բայց հետո հասկացա, որ դա իր որոշումն է, և ես հարգում եմ այդ որոշումը։ Այս հարցում իմ ընկալման ելակետն ազատությունն է, որը ամենակարևոր բանն է, որ մարդը կարող է ունենալ: Ես ընդունում եմ իր այդ որոշումը որպես իր կամքն ազատ արտահայտելու միջոց: Ավելին, համոզված եմ, որ սիրո արտահայտման ամենաբարձր ձևը սիրելի մարդուն իր նախընտրած կերպ լինելու ազատություն տալն է, ինչպես նաև ընդունել սիրած մարդուն այնպիսին, ինչպիսին ինքն է նախընտրում լինել։
Ինձ համար մահը երբեք չի եղել ողբալու կամ սգալու առիթ։ Այն հնարավորություն է արժևորելու մարդու ապրած կյանքը և այն ամենը, ինչ կարողացել է ստեղծել և փոխանցել մարդն իր կյանքի ընթացքում։
Հայրս իր երեխաների մեջ սերմանել է այնպիսի արժեքներ, ինչպիսիք են սկզբունքայնությունը, անարդարության նկատմամբ անհանդուրժողականությունը, ցանկացած իրավիճակում մարդ մնալու կարելիությունը։
Նրա ցույց տված օրինակների շնորհիվ ես սովորել եմ, որ կյանքն անընդհատ կանգնելու և պայքարելու հնարավորություն է:
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ զորակցեցին և փորձեցին կիսել ու թեթևացնել իմ և իմ ընտանիքի վիշտը»:
Արմեն Գրիգորյանի հայրը օրեր առաջ ինքնասպանություն է գործել: