կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-02 15:57
Քաղաքական

Նախքան արտահերթ ընտրությունների գնալը անհրաժեշտ է կատարել երեք կարևոր քայլ. Արմեն Ռուստամյան

Նախքան արտահերթ ընտրությունների գնալը անհրաժեշտ է կատարել երեք կարևոր քայլ. Արմեն Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խորհրդարանում լրագրողներին հայտնեց, որ ՀՅԴ-ն «վարչապետ Նիկոլ Փաշինյանից ժամադրություն չի ստացել՝ արտահերթ ընտրությունների հարցը քննարկելու համար»։

Ըստ նրա` իրենք միշտ ասել են ու շարունակում են մնալ այն տեսակետին, որ իրենք կողմ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բայց դեմ են դրանց անհապաղ անցկացմանը: «Մեր կարծիքով՝ դա պետք է տեղի ունենա այն անհրաժեշտ քայլերը կատարելու տրամաբանությամբ, որոնց համար բավարար ժամանակ պետք է հատկացվի»,- ասաց Ռուստամյանը։

Ըստ պատգամավորի` նախքան արտահերթ ընտրությունների գնալը անհրաժեշտ է կատարել երեք կարևոր քայլ: «Առաջին կարևոր քայլն այն է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան նոր Ընտրական օրենսգրքով, ոչ թե հնով, որում առկա է ռեյտինգային համակարգը։ Երկրորդ խնդիրը ոստիկանության դերակատարությունն է: Կառավարության ծրագրում և ընտրական բարեփոխումներում նախատեսվում է լուրջ դերակատարություն վերապահել ոստիկանությանը: Եթե դա այդպես է, ապա օր առաջ պետք է փոխվի ոստիկանության ենթակայության հարցը, նրա չեզոքության հարցը պետք է ապահովել, քանի որ այսօր ոստիկանությունն ուղիղ ենթակա է վարչապետին: Ոստիկանության վերահսկողությունը պետք է վերապահվի Ազգային ժողովին, ստեղծվի ներքին գործերի նախարարություն: Երրորդ քայլը ժամանակն է, որն անհրաժեշտ է այս փոփոխություններն իրագործելու համար: Քաղաքական ուժերն ու հասարակությունը պետք է պատրաստ լինեն այդ փոփոխություններին, ժամկետի հաշվարկ պետք է արվի, հետո նշանակվեն ընտրություններ: Եվ սահմանադրական նորմով, որն այսօր կա, երկու անգամ վարչապետի չընտրվելու պարագայում խորհրդարանի լուծարումը, այդ պրոցեսները պետք է այնպես տարվեն, որ ժամկետների առումով մեզ համար ընդունելի օրը կատարվեն արտահերթ ընտրություններ»,- բացատրեց Ռուստամյանը:

Պատգամավորի խոսքով` այս ամենից ելնելով` 1 տարուց ոչ շուտ ժամկետ է պետք, որպեսզի այս ամենը կյանքի կոչվի, բոլոր խնդիրները լուծվեն: Նա նշեց, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները չի կարելի հիմք համարել արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավելի արագ անցկացնելու համար: «Ըստ էության` ոչ թե եղել է ավագանու ընտրություն, այլ եղել է հանրաքվե, այն էլ` լոկալ հանրաքվե, բառիս բուն իմաստով. անցկացվել է միայն Երևանում: Մենք, ճիշտն ասած, չենք իմացել, որ մասնակցում ենք հանրաքվեի, մենք իմացել ենք, թե մասնակցում ենք ավագանու ընտրություններին: Բայց եթե այդպես է դիտարկվում, որ հանրաքվեի է դրվել մի հարց՝ ժողովուրդն ուզում է ԱԺ-ն լուծարվի, թե՝ ոչ, կարծում եմ, որ այդ պարագայում հանրաքվեի արդյունքները ճիշտ չեն ներկայացվում, սխալ են ամփոփվել, որովհետև ոչ թե 82 տոկոսն է ուզում, այլ 100 տոկոսը: Բոլոր քաղաքական ուժերը, որոնք մասնակցել են այդ հանրաքվեին, դեմ չեն եղել արտահերթ ընտրություններին, ըստ այդմ՝ նաև ԱԺ-ի լուծարմանը: Այսինքն՝ մյուսների ձայներն էլ պետք է գումարվեն դրան»,- եզրափակեց Ռուստամյանը։