կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-17 15:50
Քաղաքական

Կարևոր է լինել սկզբունքային, ժամանակն ամենաճիշտ դատավորն է. Արմեն Ռուստամյան

Կարևոր է լինել սկզբունքային, ժամանակն ամենաճիշտ դատավորն է. Արմեն Ռուստամյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին, նշեց, որ եթե սահմանադրական փոփոխությունները իրականացվեն ՀՅԴ ներկայացրած փաթեթով, ապա իշխանությունը չի կարող վերարտադրվել: Սակայն, եթե ՀՅԴ առաջարկները չընդունվեն իշխանությունների կողմից, ապա ՀՅԴ-ն էլ կասի` ուրեմն սահմանադրական փոփոխությունների նպատակը իշխանությունների վերարտադրումն է:

 

«Վերարտադրվելու դեմ պայքարը օդում չի լինում, այլ կոնկրետ իրավական մեխանիզմներով է ամրագրվում, ինչն էլ ուզում է անել ՀՅԴ-ն: Մեր համոզմամբ` եթե մեր փաթեթն ընդունվի, շատ ավելի լավ համակարգ կունենանք, որը թույլ չի տա իշխանությունների վերարտադրություն, քան այն համակարգը, որը կա այսօր: Ավելին` այն, ինչ որ այսօր գործում է, շատ ավելի մեծ հնարավորություններ է տալիս իշխանություններին` վերարտադրվելու»,- ասաց Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ իշխանությունների համար բավական է` 41 մեծամասնականը պահեն, և ոչ իշխանական ուժերը եթե ընտրությունների գնան ներկայիս ընտրական համակարգով, 70 տոկոս ձայն էլ ունենան, միևնույն է` մեծամասնություն չեն ունենա խորհրդարանում:

 

Հարցին` իսկապե՞ս իշխանությունները նպատակ ունեն ավելի լավ համակարգ ունենալ, իսկապե՞ս իշխանությունները գնում են զիջումների` դիմելով սահմանադրական փոփոխությունների, պատգամավորը պատասխանեց. «Իշխանությունը գնում են զիջումների այն դեպքում, երբ կանգնած են ամբողջը կորցնելու վտանգի առաջ, ամբողջ աշխարհում է այդպես: Եթե ինչ-որ բան իշխանությունները զիջում են, դա չի նշանակում, որ, այդ զիջելով, նրանք ամենամեծ շահողն են լինելու: Փոխզիջումը երկուսի համար էլ օգտակար է, իսկ որ այստեղ զիջում կա, մենք տեսնում ենք: Իսկ մեր գործընկերները դա չեն տեսնում»:

 

Նրա կարծիքով` ոչ մի իշխանություն կամովին չի գնում իշխանափոխության, բայց, սահմանադրական փոփոխությունների միջոցով փոխելով համակարգը, արվում է այն, ինչը իշխանափոխության առաջին քայլն է: «Իշխանափոխությունը մենակ մարդ փոխելով է՞: Ոչ, ես էլ ասում եմ` մարդ փոխելով, ոչինչ չի փոխվում: Եթե էս համակարգը մնաց, ես ձեզ ասում եմ, կլինի մի չորրորդ նախագահ, որի դեմ բոլորը կհամախմբվեն ու նրա դեմ կպայքարեն, ով ուզում է լինի այդ նախագահը, այդ թվում` նաև ես»,- ասաց Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ նման հարցերում կարևոր է լինել սկզբունքային ու պահպանել մոտեցումները, և որ ժամանակն ամենաճիշտ դատավորն է: