Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին շրջանում բուռն քննարկումներ են ծավալվում Երևան–Էջմիածին խճուղում գտնվող «Զվարթնոցի արծիվ» քանդակի շուրջ: Նկարիչ-քանդակագործ Երվանդ Քոչարի ժառանգները պնդում են, որ Զվարթնոցի ուղենիշ արծիվը ստեղծվել է երկու մեծերի՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի եւ Երվանդ Քոչարի համահեղինակությամբ, իսկ «Ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան» ՀԿ-ն պնդում է, որ Քոչարը քանդակի հեղինակը չէ, նա միայն նախագծի իրականացման փուլում բացառապես ունեցել է տեխնիկական բնույթի մասնակցություն:
Վերջերս այս կապակցությամբ հայտարարություն էր տարածել «Ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան» հասարակական կազմակերպությունը՝ նշելով, որ շատ տարօրինակ է տեսնել այդ արծվաքանդակ կոմպոզիցիայի խոշորաֆորմատ լուսանկարները Երվանդ Քոչարի թանգարանում:
«Երվանդ Քոչարի ստեղծագործությանը քաջածանոթ ցանկացած մարդ, հայ կերպարվեստի յուրաքանչյուր մասնագետ անվարան կարող է պնդել, որ այդ արծիվը ոչ մի ընդանուր բան, շփման ոչ մի կետ չունի Քոչարի ստեղծագործական ձեռագրի և ոճի հետ:
Եվ դրանում ոչ մի զարմանալի բան չկա, քանի որ այդ կոմպոզիցիայի իրական, միակ և լիիրավ հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է: Ամբողջ ասվածի ճշմարտացիությունը կհաստատեն Ռաֆոյի բոլոր կոլեգաները, այդ մասին են վկայում իրենց հիշողություններում նրա ժամանակակիցները` Մարկ Գրիգորյան, Յուրի Յարալով, Սոս Մանուկյանը, Սվյատոսլավ Ագաֆոնովը, ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Լևոն Հախվերդյան և ուրիշներ: Մեզանից ոչ ոք մտադիր չէ ստվեր գցել մեր նշանավոր արվեստագետ Երվանդ Քոչարի վրա, մանավանդ որ մեզ հայտնի չէ որևէ դեպք, որ երբևիցե նա իրեն վերագրի այդ արծվաքանդակի հեղինակային իրավունքը»,- ասված է հայտարարության մեջ:
Այսօր արդեն հայտնի դարձավ, որ «AM» իրավաբանական ընկերությունը պաշտպանելու է Երվանդ Քոչարի թանգարանի և ժառանգների հեղինակային իրավունքները, ինչպես նաև պատիվն ու արժանապատվությունը: Հիշյալ իրավաբանական ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Վերջին շրջանում զարմանալի է տեսնել «Ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան» հասարակական կազմակերպության հայտարարությունը «Զվարթնոցի արծիվ» քանդակի հետ կապված, որով փորձ է արվում կասկածի տակ դնել Երվանդ Քոչարի համահեղինակությունը: Հայտարարության հեղինակներն իրենց խոսքն ավելի լսելի դարձնելու համար օգտագործել են վիրավորանքներ և վարկաբեկող արտահայտություններ, ինչի հետ կապված Երվանդ Քոչարի թանգարանի և ժառանգների իրավունքների պաշտպանությունը ստանձնել է «AM» իրավաբանական ընկերությունը: «Զվարթնոցի արծիվ» քանդակը հրապարակման (տեղադրման) պահից հայտնի է եղել որպես Երվանդ Քոչարի և Ռաֆայել Իսրայելյանի համահեղինակությամբ ստեղծված աշխատանք, ինչը հանրահայտ փաստ է և հաստատվում է ինչպես բազմաթիվ գրքերով, տպագիր մամուլի հոդվածներով, վկայություններով, այնպես էլ պատմության և մշակույթի հուշարձանների ռեեստրի վկայագրով, որոնց համաձայն քանդակի ճարտարապետն է Ռաֆայել Իսրայելյանը, իսկ քանդակագործը` Երվանդ Քոչարը (նյութերից մի քանիսը կցվում են սույն հայտարարությանը): «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածների համաձայն քանդակի նկատմամբ սահմանվում է երկու արվեստագետների համահեղինակության իրավունքը: Երվանդ Քոչարի թանգարանը, ինչպես նաև ժառանգները երբևէ չեն ներկայացրել «Զվարթնոցի արծիվը» որպես բացառապես Քոչարի աշխատանք և միշտ բարեխղճորեն նշել են երկու համահեղինակներին: Պետք է նշել, որ Ռաֆայել Իսրայելյանը և Երվանդ Քոչարն իրենց կենդանության օրոք ևս որևէ կերպ չեն վիճարկել այդ փաստը: «Զվարթնոցի արծիվ» ուղենիշ կոթողով յուրաքանչյուրս կարող էինք հպարտանալ որպես երկու մեծագույն արվեստագետների համագործակցության արդյունք, մինչդեռ այսօր, օգտագործելով երկու մեծերի անունները, փորձ է արվում վնասել նրանց թողած մշակութային ժառանգությանը: «AM» իրավաբանական ընկերությունը պաշտպանելու է Երվանդ Քոչարի թանգարանի և ժառանգների հեղինակային իրավունքները, պատիվն ու արժանապատվությունը և հետամուտ է լինելու, որ նմանատիպ հրապարակումներն անհետևանք չմնան նաև իրավական հարթությունում»: