կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-28 14:54
Հասարակություն

Տեխնիկան առաջնագծում թողնելով՝ Ադրբեջանը նվազագույնը փորձում է լարված պահել իրավիճակը. Տիգրան Աբրահամյան

Տեխնիկան առաջնագծում թողնելով՝ Ադրբեջանը նվազագույնը փորձում է լարված պահել իրավիճակը. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանական բանակը սեպտեմբերի 17-22-ն իրականացրել էր լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ: Վերջին շաբաթվա ընթացքում էլ Արցախում երկու զոհ ունեցանք՝ սեպտեմբերի 22-ին զոհվեց 1998թ. ծնված Արցախ Հովսեփյանը, իսկ սեպտեմբերի 26-ին՝ 1999թ. ծնված Աղասի Մկրտչյանը:

Սահմանին տիրող իրավիճակի մասին Yerkir.am-ը զրուցեց Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ: Ըստ նրա՝ ընդհանուր առմամբ, շատ հստակ դժվար է գնահատել, թե ինչպիսի իրավիճակ է առաջնագծում, քանի որ այն շատ փոփոխական է: «Բացի այդ՝ Ադրբեջանն օրերս անցկացրած զորավարժությունից հետո իր զինտեխնիկան ամբողջությամբ դուրս չի բերել առաջնագծից: Զինտեխնիկայի առկայությունն առաջնագծում լրացուցիչ սրություն է հաղորդում ընդհանուր՝ առանց այն էլ  լարված իրավիճակին»,- ասաց Աբրահամյանը:

Հարցին, թե միտում պե՞տք է տեսնենք Ադրբեջանի այդ քայլի մեջ, որ զինտեխնիկան ամբողջությամբ դուրս չի բերվել առաջնագծից, նա պատասխանեց, որ Ադրբեջանը տարբեր փուլերում  զորքի ակտիվությամբ, ակտիվ տեղաշարժերով, առաջնագիծն անընդհատ սպառազինությամբ լցնելով, նվազագույնը փորձում է լարված պահել իրավիճակը: 

Նշենք, որ Արցախում այս օրերին /սեպտեմբերի 25-28-ը/ ռազմական ավիացիայի ուսումնամարզական վարժանքներ են ընթանում, որոնք Ադրբեջանը որակել էր որպես սադրիչ գործողություններ՝ սպառնալով չեզոքացնել իրենց առաջատար դիրքերին մոտեցած ցանկացած օդային միջոց: Աբրահամյանի հավաստմամբ՝ բոլոր այն քայլերը, որոնք բարձրացնում են մեր զորքերի մարտունակությունը, ամրապնդում են Արցախի պետականությունը, բնականաբար, անհանգստություն են առաջացնում Ադրբեջանում: «Սա է պատճառը, որ ցանկացած նման իրադարձության Ադրբեջանն այդպես զգացմունքային է արձագանքում»,-ասաց Արցախի նախագահի խորհրդականը: