կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-28 14:49
Հասարակություն

Սևանա լճի ջրի մակարդակը, անցյալ տարվա համեմատ, 3 սմ-ով բարձրացել է. նախարար

Սևանա լճի ջրի մակարդակը, անցյալ տարվա համեմատ, 3 սմ-ով բարձրացել է. նախարար

Աժ-ում «Սևանա լճի հիմնախնդիրները» թեմայով լսումների ժամանակ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ Սևանա լճի ջրի մակարդակը, անցյալ տարվա նույն ժամանակի համեմատ, բարձրացել է մոտ 3 սմ-ով:

«Սևանա լճի մակարդակը բարձրացել է մոտ 3 սմ-ով: Սակայն ջրի քանակի հետ կապված կա հաստատված ծրագիր` մինչև 1903 մետր պետք է բարձրանա: Մակարդակի բարձրացումը մի մասով բնական երևույթների հետ է կապված»,- ասաց նախարարը:

Նախարարն անդրադարձավ այս տարի լճում հայտնված ջրիմուռներին: «Մենք ամենօրյա ռեժիմով տիեզերական պատկերներով հետևում էինք դրանց աճին: Այդ ջրիմուռները ծածկել էին ողջ լիճը: Նման պատկեր վերջին տարիներին չէր եղել: Առաջին պատճառը շոգ եղանակն է, ապա` տեղումների պակասը, հարակից բնակավայրերից լիճ թափվող կեղտաջրերը: Վերջին մոնիտորինգի արդյունքում ֆոսֆորի պարունակությունը ևս զգալիորեն ավելացել է, ինչը բացասական երևույթ է»,- ասաց նա:

Գրիգորյանի խոսքով` նախարարությունը ձկնատեսակների վերականգնման նպատակով զգալի աշխատանք է կատարում, մշակում է ծրագրեր: «Կողակը Սևանա լճի էկոհամակարգի համար կարևոր դեր ունի: Ներկայումս նախնական հաշվարկներ են անում Սևանա լճում կողակի աճեցման նպատակով»,- տեղեկացրեց նա:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նախարարից հետաքրքրվեց` նախատեսվո՞ւմ է նոր ջրամբարների կառուցում։ Գրիգորյանն արձագանքեց, որ, ջրամբարներ կառուցելուց բացի, կարևոր է նաև ջրային ռեսուրսները ճիշտ կառավարելը։ «Մենք ունենք մի քանի առաջարկներ։ Տարբերակներից մեկը կարող է լինել ջրամբարների կառուցման համար տարիֆ սահմանելը, որը կբերի այդ ոլորտում ներդրումների։ Սակայն այս մասով մեծ ակնկալիքներ չունեմ»,- ասաց նա։