Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ներդրումային առումով` Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով այն քննադատություններին, թե նոր կառավարությանը չի հաջողվում ներդրումներ ներգրավել:
«Ես չգիտեմ, թե այդ քննադատական խոսքերի հեղինակներն ովքեր են: Լավ կլինի, որ նրանք փաստարկված խոսեն, որովհետև այն ցուցանիշները, որոնք մենք ներկայացնում ենք, որոնք վիճակագրությունն է փաստում, խոսում են այն մասին, որ մենք ունենք որոշակի դրական զարգացում: Խոսքն ամենևին չի գնում երկնքից թափվող մանանա համարվող ներդրումների մասին: Սա աշխատանք է, որը պետք է կատարել»,- ասաց նա:
Մինասյանն ընդգծեց, որ անտեղի են այն խոսակցությունները, թե չկա տնտեսական քաղաքականություն: «Ո՞նց կարող է չլինել: Կառավարության ամենօրյա գործունեության հիմքում դրված է նպատակային սոցիալ-շուկայական տնտեսական կարգի կառուցման գործընթացը»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ մեծ թվով գործարարներ, մայիսից սկսած, ներդրումներ անելու ցանկություն են հայտնել, բայց կան ներդրումային նախկին ծրագրեր, որոնք շարունակվում են: «Հետաքրքրությունը չափազանց մեծ է: Կան ծրագրեր, կան ցանկություններ, որոնք դեռևս շատ լուրջ ուսումնասիրության փուլում են: Ես հիմա չեմ ուզում անուն հրապարակել, բայց նույնիսկ մենք ունենք 5 մլրդ դոլարի կարգի առաջարկություն: Պարզ է, առաջին հայացքից չի թվում, որ իրատեսական է»,- հավելեց նախարարը:
Հարցին, թե ո՞ր ոլորտում են ցանկանում նման խոշոր ներդրում իրականացնել, Մինասյանը պատասխանեց. «Սկսած խոշոր ենթակառուցվածքներից՝ ճանապարհ, երկաթգիծ, վերջացրած ջրային համակարգերով»: Ըստ նախարարի՝ նման ծրագրերի մասին հայտարարություններ են արվում, քանի դեռ դրանք իրատեսական չեն դարձել: