Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երրորդմասցի Լյովիկի և նրա երկու ընկերների սպանության գործով դատավճիռի հրապարակումից հետո միջադեպ տեղի ունեցավ Երրորդմասցի Լյովիկի հարազատների և գործով 18 տարվա ազատազրկման դատապարտված ամբաստանյալների հարազատների միջև:
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի դատավճռով` գործով ամբաստանյալներ Վահան Հակոբյանը, Սարգիս Գրիգորյանը և Սարգիս Հախանումյանը մեղավոր ճանաչվեցին ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու, ինչպես նաև երեք անձի սպանության համար և դատապարտվեցին 18 տարվա ազատազրկման։
Դատավճռի հրապարակումից հետո դահլիճում ներկա ամբաստանյալների հարազատներից մեկը սկսեց բարկացած հարվածել նստարաններին և հայհոյանքներ հնչեցնել դատարանի հասցեին, իսկ սպանված Լևոն Ղազարյանի` Լյովիկի մայրն ու զոքանչն էլ իրենց հերթին դժգոհեցին պատժաչափից: Արդյունքում հայհոյախառն վիճաբանությունը վերածվեց քաշքշուկի: Դատական կարգադրիչները ամբաստանյալների հարազատներից ոմանց ստիպված եղան ուժով հեռացնել դահլիճից:
«Ապերը բոլ-բոլ փողեր ա տվել, ուրախացել եք, որ 18 տարի ա տվել, բայց փտելու եք»,-բարկացած հայտարարեց Լևոն Ղազարյանի մայրը:
Yerkir.am-ի հետ զրույցում այս գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը նշեց, որ տուժողի իրավահաջորդն ու մյուս հարազատները դժգոհ են պատժաչափից:
«Համարում ենք, որ դատավորն ակնհայտ կաշկանդված դատավճիռ է կայացրել: Եթե դատարանը համարում է, որ մեղադրանքը հիմանավոր է, ապա այս դեպքում ակնհայտ մեղմ պատիժներ է նշանակել»,-ասաց Սարգսյանը:
Փաստաբանը նկատեց, որ դատական պրակտիկայում մեկ սպանության համար անգամ անձին 20 տարվա ազատազրկման են դատապարտում, իսկ այս դեպքում, երբ երեք սպանություններից բացի ամբաստանյալներին առաջադրված էր նաև ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու մեղադրանք, նրանց 18 տարվա ազատազրկման դատապարտվեցին, ինչն, ըստ նրա` ակնհայտ մեղմ պատիժ է:
Սարգսյանը նշեց, որ դատվճիռը ստանալուց հետո այն անպայման բողոքարկելու են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում:
Այս գործով վերաքննիչ բողոք է պատրաստվում ներկայացնել նաև պաշտպանական կողմը: Մեզ հետ զրույցում ամբաստանյալների պաշտպաններից Լուսինե Սահակյանը հայտնեց, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանն ակնհայտ ապօրինի դատական ակտ է կայացրել: «Արտուշ Գաբրիելյանն ապացուցեց, որ ինքն ընդամենը մեղադրական եզրակացություն դակող է»,-նշեց նա` հավելելով, որ ի սկզբանե պարզ էր, որ դատավորը մտադիր է մեղադրական դատական ակտ կայացնել:
Դիտարկմանն` արդյոք երեք սպանության մեղադրանքը հիմնավորված համարելու պարագայում 18 տարվա ազատազրկումը մեղմ պատժաչափ չէ, Սահակյանը պատասխանեց:
«Ինձ համար կարևոր չէ, թե քանի տարվա ազատազրկում կսահմաներ դատավորը, պատժաչափը կլիներ 18 տարի, թե` ցմահ: Կարծում եմ դատավորն այդուհանդերձ հասկացավ, որ չի կարող այն աստիճան ապօրինության դիմել, որ նրանց ցմահ ազատազրկման դատապարտի: Սա նշանակում է, որ դատարանը հասկանում էր, որ ապացույցներ չկային»,- նշեց նա:
Մանրամասները` Yerkir.am-ի տեսանյութում: