|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության գործով այսօրվա դատական նիստում, երբ հարցաքննվում էր գործով առանցքային նշանակություն ունեցող վկա Վահագան Մնացականյանը, միջադեպ արձանագրվեց: Երրորդմասցի Լյովիկի հայրը՝ Միհրան Ղազարյանը, դատարանում անհարգալից վերաբերմուք դրսեւորեց գործով ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանի նկատմամբ: Մասնավորապես` տուժողի հայրը Սահակյանին ասաց, որ հեռու նստի ամբաստանյալներից եւ «չփաթաթվի հանցագործին»: Փաստաբանը պահանջեց հարգալից խոսել, սակայն Ղազարյանը շարունակեց վիրավորել նրան:
Նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը նախազգուշացրեց տուժողի իրավահաջորդին, սակայն տուժողի հայրը կրկնեց նույն արտահայտությունը: Դատավորը տարեց տղամարդուն կրկին նախազգուշացրեց՝ ասելով. «Ես հարգում եմ ձեր սպիտակ մազերը, բայց խնդրում եմ հաջորդ անգամ չխանգարել»:
Պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը դատարանին խնդրեցին սանկցիա կիրառել տվյալ անձի նկատմամբ, սակայն դատարանը բավարարվեց միայն նախազգուշացմամբ: Պաշտպանները լքեցին դատական նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ քանի դեռ տվյալ անձը գտնվում է դահլիճում, իրենք այնտեղ չեն լինի: Նիստը հետաձգվելուց հետո էլ Լևոն Ղազարյանի հայրը ամբաստանյալներին հանցագործ անվանեց: