Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օգոստոսի 31-ին՝ գրողի ծննդյան 110-ամյակին, Ֆրեզնոյում կբացվի Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը. տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:
Հիշեցնենք, որ Yerkir.am-ը քանիցս անդրադարձել էր Սարոյանի՝ Ֆրեզնոյի տան խնդրին. տունը 2014-ի մայիսին աճուրդի էր հանվել 110 000 դոլարով, այն գնել էին 162 000 դոլարով, գնորդն ամերիկացի էր: Սա մեծ աղմուկ էր բարձրացրել թե՛ հայկական համայնքում, թե՛ սոցիալական ցանցերում: Մեկ տարի անց՝ 2015-ին, պարզ դարձավ, որ Սարոյանի տունը գնել է Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը: Սփյուռքի և մշակույթի նախարարություններից Yerkir.am-ին տեղեկացրել էին, որ իրենք տեղյակ են, որ տունը գնվել է, և հետևում են գործընթացին: Ավելին՝ մեր հարցմանն ի պատասխան, մշակույթի նախարարությունից նշել էին, որ նախարարությունը և «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոյի տան հարցով կհամագործակցեն: Այդ տանը Սարոյանն անցկացրել է կյանքի վերջին 17 տարիները:
Մշակույթի նախարարությունից այժմ տեղեկացնում են, որ նշանավոր գրողին լիարժեք ներկայացնելու համար «Սարոյան Հաուս» նախագիծը ստեղծել է սարոյանական ամենամեծ թվայնացված արխիվը, հավաքագրել ու շարունակում է տարբեր միջոցներով ձեռք բերել Սարոյանին առնչվող իրեր, լուսանկարներ, գունանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, ֆիլմեր, ձայնագրություններ: Ամբողջ նյութը թանգարանում ներկայացվելու է տեխնոլոգիական ինտերակտիվ լուծումներով: Սրահներից մեկում «ներկա» կլինի հենց գրողը՝ հոլոգրաֆիկ պատկերով: Հետագայում տուն-թանգարանը կդառնա նաև սարոյանագիտության կենտրոն:
Նորարարական բոլոր լուծումներով թանգարանը տարածաշրջանում առաջինն է, իսկ որպես Սարոյանի տուն-թանգարան՝ առաջինն աշխարհում: