կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-09 19:47
Հասարակություն

Կառավարության նիստերի դահլիճը ճեպազրույցի սրահ չէ. պարզաբանում լրագրողների համար` կառավարությունից

Կառավարության նիստերի դահլիճը ճեպազրույցի սրահ չէ. պարզաբանում լրագրողների համար` կառավարությունից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է ներկայացրել կառավարության շենքում լրագրողների լուսաբանման առանձնահատկությունների հետ կապված: Նշենք, որ այսօր կառավարության շենքում անվտանգության աշխատակիցները լրագրողներին թույլ չեն տվել բարձրանալ հինգերորդ հարկ` լուսաբանելու, ինչը դժգոհություններ էր առաջացրել լրագրողների մոտ:

«Կառավարության շենքն ունի հինգ հարկ, առաջին հարկում գտնվում է մամուլի կենտրոնը և այն նախասրահը որտեղ սովորաբար նիստերի ավարտից հետո լրագրողները հարցազրույցներ են վերցնում պաշտոնյաներից: Հինգերորդ հարկում գտնվում է կառավարության նիստերի դահլիճը: Նիստերը ուղիղ հեռարձակվում են ոչ միայն մամուլի կենտրոնում, այլ նաև արդեն համացանցում: Այսինքն կառավարության նիստերը ոչ միայն բաց են, այլ հասանելի են յուրաքանչյուր քաղաքացու ուղիղ ռեժիմով:

Լրագրողների (և ոչ օպերատորների կամ լուսանկարիչների) համար կառավարության նիստերի դահլիճ մտնելու ցանկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախկինում նիստերի ավարտից հետո ոչ բոլոր պաշտոնյաներն էին համաձայնում հարցազրույց տալ առաջին հարկի նախասրահում: Կարծում եմ կհամաձայնեք, որ ներկայում նման դեպքերը բացառիկ են: Անկախ ամեն ինչից կառավարության նիստերի դահլիճը ճեպազրույցի սրահ չէ, դրա համար նախասրահում կա հատուկ առանձնացված տարածք:

Պաշտոնյայի՝ հարցազրույց տալու պատրաստակամությունը կախված չէ նրանից, թե կառավարության շենքի ո՛ր հարկում է նա այդ պահին գտնվում: Իսկ ահա կառավարության շենքի անվտանգությունը ուղղակիորեն կապված է տվյալ պահին շենքում գտնվող մարդկանց քանակի և շարժի վերահսկելիության հետ: Լրագրողների աշխատանքային ռեժիմում որևէ բան չի փոխվել, ինչպես և նախկինում օպերատորներն ու լուսանկարիչները բարձրանում են նիստերի դահլիճ՝ տեսանյութ ստանալու, իսկ նիստի ավարտին պաշտոնյաները ճեպազրույց են ունենում լրագրողների հետ առաջին հարկի նախասրահում: Այդպես է եղել նախկինում, այդպես է նաև հիմա, այն տարբերությամբ, որ հիմա ճեպազրույցների քանակն ավելացել է, իսկ կառավարության նիստերն այլևս դռնփակ լինելու վտանգի տակ չեն: Եթե պարզվի, որ կան պաշտոնյաներ ովքեր օգտվելով կառավարության շենքի կառուցվածքից սիստեմաբար խուսափում են լրագրողների հետ ճեպազրույցներ ունենալուց, դա կլինի արդեն այլ խնդիր և դրան կանդրադառնանք առանձին ու լուծումը դժվար թե լինի կառավարության նիստերի դահլիճը ճեպազրուցների սրահի վերածելը:

Ես հասկանում եմ, որ լրատվական դաշտում նախկինում եղած ավանդույթները կարող են ժամանակ առ ժամանակ ռուդիմենտար մտավախությունների պատճառ դառնալ, բայց հորդորում եմ ամեն իրավիճակ գնահատել սառը, սթափ, անշտապ, իր ամբողջության մեջ, համադրելով առկա ամբողջ տեղեկատվությունն ու հայցելով նորը, եթե դրա կարիքը կա:

Շնորհակալություն»,- գրել է Արման Եղոյանը: