կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-01 15:48
Քաղաքական

Բաբլոյանին դուր չեկավ Փաշինյանի` ակցիաներին անչափահասների մասնակցելու մասին պատասխանը, նա լքեց ԱԺ նիստերի դահլիճը

Բաբլոյանին դուր չեկավ Փաշինյանի` ակցիաներին անչափահասների մասնակցելու մասին պատասխանը, նա լքեց ԱԺ նիստերի դահլիճը

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց, որ իրենց շարժման մեջ մեծ դեր են ունեցել անչափահասները: «Որպես 4 երեխայի մայր` դիմում եմ Ձեզ, ինչպե՞ս կվերաբերվեք, եթե ձեր երեխաները մասնակցեն լրիվ այլ թիմի առաջնորդների կողմից կազմակերպված` լրիվ այլ թեմաներով ցույցի»,- հարցրեց պատգամավորը:

«Ես ուզում եմ, առանց սեթևեթանքների, անկեղծ ասել` մեր շարժման ամենահզոր մասնակիցներից մեկը համարում եմ աշակերտներին: Առաջիկա հարյուր տարում այս պատմությունը պատմվելու է անմիջական մասնակիցների կողմից, այս պրոցեսը համարում եմ քաղաքացիական լրջագույն դպրոց մասնակիցների համար: Ողջունում եմ աշակերտների ակտիվությունը, և հուսով եմ, որ դա կշարունակվի մինչև այս պրոցեսի աներկբա ավարտը»,- ասաց Փաշինյանը:

Մուրադյանը հակադարձեց` հասկացել է, որ Փաշինյանի մղումներն այնքան ուժեղ են, որ նա կարող է անցնել երեխաների անվտանգության վրայով, անտեսել դեռահասների մասնակցությունը` հաշվի չառնելով նրանց տարիքային առանձնահատկությունները:

Փաշինյանը պատասխանեց. «Գիտե՞ք, երբ Դուք խոսում էիք, իմ աչքի առաջով անցնում էին բազմաթիվ կադրերը, երբ տարրական դպրոցի երեխաները, դպրոցի տնօրենների ուղեկցությամբ, մարզպետի որոշմամբ ստիպողաբար, ծնողների հետ, քշվում էին Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումներին` «Առաջ, Հայաստան» փուչիկները ձեռքներին բռնած: Իսկ որտե՞ղ էր այս մտահոգությունը Ձեր կուսակցության հավաքների ժամանակ»,- հարցրեց Փաշինյանը:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին էլ դուր չեկավ Փաշինյանի պատասխանը անչափահասների վերաբերյալ: «Ես մտադրություն չունեի հարց տալ, բայց Դուք ստիպեցիք: Ես կօգտագործեմ այն, ինչ Ձեզանից սովորել եմ` 10 րոպեով կլքեմ դահլիճը: Սա կապված է երեխաների մասին արված Ձեր հայտարարության հետ: Միջազգային կառույցները, որոնք զբաղվում են երեխաների իրավունքներով, կբացատրեն` Ձեր սխալը որտեղ է: Ես չեմ ակնկալում պատասխան»,- ասաց նա ու դուրս եկավ ԱԺ նիստերի դահլիճից:

Փաշինյանն էլ պատասխանեց. «Պարո'ն Բաբլոյան, հույս ունեմ, որ 10 րոպեից Դուք կվերադառնաք»: