կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-02 14:54
Իրավական

Սա դատավարություն չէ. Բուդաղյանների պաշտպանը լքեց նիստերի դահլիճը

Սա դատավարություն չէ. Բուդաղյանների պաշտպանը լքեց նիստերի դահլիճը

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ նախորդ տարվա հունիսի 1-ին տեղի ունեցած միջադեպի գործը քննող դատավոր Նապոլեոն Օհանյանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակից և մերժեց Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանի կողմից դատավորին ներկայացված` ինքնաբացարկի միջնորդությունը:

 

Փաստաբան Հայկ Ալումյանը, ծանոթանալով դատավորի որոշմանը, հայտարարեց, որ դրա մեջ դատավորը նշել է, որ բացարկը հիմնավորող որևէ ապացույց չի ներկայացվել:

 

«Ես Ձեզ ապացույց ներկայացրել եմ, երկար խնդրել ու համոզել եմ, որ դա վերցնեք և հետազոտեք, հրաժարվել եք վերցնել, հիմա ասում եք՝ չի ներկայացվել: Ես այս հիմքով առարկում եմ Ձեր գործողությունների դեմ»,- ասաց փաստաբանը և պնդեց իր այն կարծիքը, որ դատավորը չի կարող լինել անաչառ, անկողմնակալ, կամ, գոնե անաչառ դիտորդի տեսանկյունից, դա այդպես թվում է:

 

«Հենց միայն այն հանգամանքը, որ մինչև հիմա հնարավոր չի լինում գործով վկային բերել, ներկայացնել դատարան, արդեն վկայում է այն մասին, որ այս մարզում դատավորությունը չի կարող ընթանալ քիչ թե շատ պատշաճ կերպով: Դրա մի օրինակն էլ մենք տեսանք, երբ Դուք հեռացել էիք խորհրդակցական սենյակ: Ինչպես հիշում եք՝ Ձեր` նիստերի քարտուղարը հայտնեց, երբ մասնակիցների ներկայությունն էիք ստուգում, որ դատարան է ներկայացել նաև Տրդատ Խաչատրյանը: Երբ Դուք հեռացաք խորհրդակցական սենյակ, ես պարզեցի որ Տրդատ Խաչատրյանի ներկայությունը ստուգված չի եղել, նիստերի քարտուղարը, հիմք է ընդունել գործով տուժող Լորետա Բարսեղյանի հայտարարությունը»,- ասաց նա և հավելեց. «Սա պարզապես ախտանիշ է, որ այստեղ այս գործը չի կարող քննվել քիչ թե շատ օբյեկտիվ, հատկապես` այն բանից հետո, երբ Սուրիկ Խաչատրյանը նշանակվեց մարզպետ: Այս դատավորությունն իրականում դատավարություն չէ: Սա դատավարության իմիտացիա է, ուրիշ ոչ մի բան»:

 

Հայկ Ալումյանը բոյկոտեց նիստն ու լքեց դահլիճը: Ամբաստանյալ Արտակ Բուդաղյանն էլ հայտարարեց, որ առանց պաշտպանի նիստը շարունակվել չի կարող:

 

Դատարանը հայտարարեց, որ հեռանում է խորհրդակցական սենյակ` պաշտպանին դատավարությունից հեռացնելու համար: Սակայն փաստաբան Ռուբեն Հակոբյանը դատավորին հուշեց, որ նման հիմքեր չկան: Այսպիսով`  այսօրվա դատական նիստը հետաձգվեց, հաջորդը նշանակվեց հոկտեմբերի 7-ին:

 

Տեսանյութն ` ավելի ուշ: