կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-07 17:13
Իրավական

էն խեղճ տղուն թողեք. «Օլիմպավանում» կատարված միջադեպի մասնակիցը` վարչապետին

էն խեղճ տղուն թողեք. «Օլիմպավանում» կատարված միջադեպի մասնակիցը` վարչապետին

Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող «Օլիմպավան»-ում տեղի ունեցած միջադեպի գործով տուժող, բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Նիկոլ Հարությունովի հոր՝ բռնցքամարտի մարզիչ Վյաչեսլավ Հարությունովի փաստաբանները պնդում են, որ Հարությունովի նկատմամբ խորթ մեթոդներ են կիրառվում:

Դրա վկայությունն, ըստ փաստաբանների, Հարությունովի բնակարանում կատարված խուզարկությունն է, որի միջոցով փորձել են ճնշում գործադրել տուժողի նկատմամբ: Նրանց համոզմամբ` նախաքննական մարմինը Հարությունովին վերաբերում է ոչ թե որպես տուժողի, այլ որպես կասկածյալի:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 2-ին` «Օլիմպավան» մարզահամալիրում, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տեղի ունեցած Հայաստանի բռնցքամարտիկների ֆեդերացիայի ժողովի ավարտից հետո` մարզահամալիրի հանդիպումների դահլիճում միջադեպ է տեղի ունեցել Վ Հարությունովի և Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանի միջև:

Ըստ գործի նյութերի` Բաբայանը` խմբով, Վ. Հարությունովին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս` գլխուղեղի ցնցման, դեմքի և կրծքավանդակի վնասվածքների, կողոսկրի կոտրվածքի և աջակողմյան պնևմոթորաքսի ձևով` ուղեկցված սուր շնչառական անբավարարությամբ:

Հարությունովն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հերթական անգամ հայտարարեց, որ ո’չ Գագիկ Ծառուկյանը և ո’չ էլ Էդուարդ Բաբայանը չեն հարվածել իրեն, ավելին՝ նրանք միջադեպի վայրում չեն եղել:

Նա նշեց, որ Օլիմպավանում ինքը սպասողական վիճակից բարկացած` ջրով լի շիշն ու աթոռը շպրտել է գետնեին, ապա իր իսկ շուռ տված ջրի վրա` սայթակել ու վնասվածքներ ստացել:

«Ինձ մոտեցավ Էդուարդ Բաբայանն, ասաց` Սլավիկ ջան, ի՞նչ է եղել, ասացի, որ ինձ վատ եմ զգում և գնում եմ հիվանդանոց: Ես այդպես էլ չհասկացա, թե ինչպես ինձ սարքեցին տուժող, իսկ պարոն Ծառուկյանին կամ Էդիկին էլ սարքին մեղադրյալ, էն խեղճ տղան ի՞նչ մեղք ունի, որ էսօր անկապ տեղը գնացել` նստել ա: Հլը չգրած` խեղճ տղուն տարել` փակել են, բա որ գրեինք ինչ կանեին: Հո՞ հավի ճուտ չեմ, որ ինձ բռնեն` ծեծեն, կամ ո՞նց եք պատկերացնում, որ Գագիկ Ծառուկյանը իրա 100 հոգի ախռանիկները կողքն էն, էլ բան ու գործ չունեն ինքը պետք է գար` իմ վրա ձեռք բարձրացներ, դա ուղղակի մի քիչ աբսուրդային է»,- հայտարարեց նա` նշելով, որ Ծառուկյանի հետ ընտանեկան ջերմ հարաբերություններ ունի:

Նշենք, որ դեպքից ժամեր անց տուժողը ոստիկանությունում հաղորդում էր տվել և հայտնել, որ իրեն հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ: Այս մասին Հարությունովը բարձարձայնել է նաև ոստիկանության հրապարակած տեսանյութում: Այսօր, սակայն աշխարհի չեմպիոնի հայրը հայտարարեց, որ ինքը ցուցմունք է տվեց հոգեմետ դեղերի ազդեցության տակ:

Փաստաբան Վահագն Հակոբյանն էլ տեղեկացրեց, որ դեռ չեն ստացել տուժողի նկատմամբ նշանակված դատաբժշկակա փորձաքննության եզրակացությունը, միևնույն ժամանակ կասկածի տակ դնելով դատաբժշկի տված նախնական եզրակացությունը: Ըստ տուժողի ներկայացուցչի` նախաքննական մարմինը քննության առարկա չի դարձրել իր վստահորդի պատմածները և առաջնորդվել է միայն մեկ վարկածով:

Հակոբյանի խոսքով` իր վստահորդից ցուցմունք են կորզել շանտաժի և քննությանը խորթ այլ մեթոդներով: Հարցին` արդյո՞ք Հարությունովն ընդունում է, որ ինքը սուտ ցուցմունք է տվել և արդյո՞ք տեղյակ է դրա համար օրենքով նախատեսված քրեական պատասխանատվությունից, փաստաբանը պատասխանեց, որ իր վստահորդի տված ցուցմունքը չի կարող արժանահավատ լինել, քանի որ նա դա ասել է հոգեմետ դեղերի ազդեցության տակ: Հարցին, արդյո՞ք Հարությունովը դատախազությունում կամ ՀՔԾ-ում հաղորդում ներկայացրել է իրավապահների կողմից իր նկատմամբ կիրառած ճնշումների մասին, փաստաբանը պատասխանեց. «Էդուարդ Բաբայանի կալանավորման որոշման դեմ բողոքի քննության ժամանակ Վերաքննիչ քրեական դատարանում Հարությունովը բարձրաձայնել է այդ մասին, դատական նիստը ձայնագրվում էր, այնտեղ էր նաև քննիչն ու դատախազը»,-ասաց նա` նշելով, որ դատախազն իր իսկ նախաձեռնությամբ Հարությունովի ասածները կարող էր ընդունել, որպես հանցագործության մասին հաղորդում:

Հարությունովը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշեց, որ ինքը ևս մասնակցել է հեղափոխությանը և հույս հայտնեց, որ նա կանդրադառնա այս խնդրին: «Ես այս հեղափոխության պարագլուխներից եմ եղել, ես եմ Աշտարակի շոշը փակել, ես միշտ ձեր (Փաշինյան- խմբ.  կողքին եմ եղել, մինչև հեղափոխությունը հաղթեց, խնդրում ենք այս հարցին ուշադրություն դարձրեք, էն խեղճ տղուն էլ թողեք` թող գնա տուն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանին` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար: Բաբայանը կալանավորվել է հուլիսի 5-ին` երկու ամիս ժամկետով: