Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս պահին լարված իրավիճակ է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում: Բժիշկները գործադուլ են անում՝ ի պաշտպանություն աշխատանքից ազատված տնօրենի` Արա Մինասյանի:
Նշենք, որ ժամեր առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ-ի տնօրեն Արա Մինասյանն ազատվել է աշխատանքից: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ տնօրենն ազատվել է աշխատանքից` հաշվի առնելով ՀՀ ԱՆ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների ահռելի ծավալը և դրանց մինչ օրս կրկնվող բնույթը։
Բողոքող անձնակազմին է միացել ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ով 2012թ-ից սկսած հանդիսանում է Նոր Նորքի տարածքից մեծամասնականով ընտրված պատգամավոր: Ֆարմանյանը պնդում է` նախքան ԲԿ-ում ստուգումների ամփոփումը, պետք չէր հեղինակավոր բժշկական հիմնարկի և առողջապահական համակարգում մեծ ավանդ ունեցող մարդու` Արա Մինասյանի հետ այդպես վարվել: Ըստ Ֆարմանյանի, առողջապահության նախարարը անձնավորված ու ուղղորդված պայքարում է Արա Մինասյանի դեմ: Ուստի պահանջում են առողջապահության նախարարի ներկայությունը, և եթե նա չներկայանա մինչև 22:00-ն, ապա կորոշեն իրենց հետագա քայլերը:
«Այն ժողովուրդները, պետությունները, որոնք քարը քարի վրա դնելով` ապագային միտված քայլեր են կատարում, հաջողություններ են ունենում: Բայց ցավոք, երբ իշխանության ղեկին հայտնվում են մարդիկ, տվյալ դեպքում առողջապահության նախարարը, որը հավանաբար իր կյանքում բժշկական անձնակազմ չի ղեկավարել, բայց կայացնում է որոշումներ` ինքը իրեն հակադրելով բժշկական համայնքին, չհասկանալով որ նախարարի առաքելությունը ոչ թե բժշկին հետապնդելն ու անձնավորված վերաբերմունք ցուցաբերելն է, այլ ոլորտի հարյուրավոր խնդիրների լուծումը, դա նշանակում է, որ նման նախարարը իր տեղում չէ:
Ցանկացած ոլորտում, մանավանդ առողջապահության ոլորտում, անհրաժեշտ են խելամիտ գրագետ լուծումներ: Եթե առողջապահության նախարարին թվում է, թե կարող է հաջողել` կրկնօրինակելով նեոբոլշևիկյան անփառունակ նարկոմի գործելաոճը, նա չարաչար սխալվում է: Աողջապահության նախարարին հորդորում եմ, որ վերագտնի ինքը իրեն, առաջնորդվի առողջապահության համակարգում երկխոսելու ճանապարհով գնա, ոչ թե իրեն հակադրի առողջապահական համակարգին:
Իրենից առաջ եղել են տասնյակ նախարարներ, բժիշկներ, որոնք իրենց ջանքերն ու վաստակն են ներդրել համակարգի կայացման համար, և հիմա վերցնել մեկ գրչի հարվածով ջնջել այդ ամենը, դա սխալ է: Առողջապահության նախարարի կամայական ու ուղղորդված որոշումը ձեռնոց է` նետված առողջապահական ողջ համակարգին: Առողջապահության նախարարը ի դեմս բժիշկների պետք է տեսնի ոչ թե հանցագործների, այլ` գործընկերների»,- ասաց Ֆարմանյանը: Նա կոչ արեց մնացած բժշկական կենտրոններին ևս բարձրացնել իրենց բողոքի ձայնը` միանալով իրենց ընդվզմանը: