կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-02 14:35
Քաղաքական

Արցախի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավորները հանդիպել են «Պատիվ ունեմ» խմբակցության գործընկերների հետ

Արցախի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավորները հանդիպել են «Պատիվ ունեմ» խմբակցության գործընկերների հետ

Սեպտեմբերի 1-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում տեղի է ունեցել ԱՀ ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության և ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամների հանդիպումը:

Հանդիպմանը ներկա են եղել ԱՀ ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունից Արթուր Մոսիյանը, Դավիթ Իշխանյանն և Վահրամ Բալայանը, իսկ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից՝ Արթուր Վանեցյանը և Տիգրան Աբրահամյանը:

ԱՀ ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը ողջունել է «Պատիվ ունեմ» խմբակցությանը իրենց հայրենիքում՝ Արցախում:

««Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունը ուրախ է ձեզ ընդունել ոչ միայն Արցախի անկախության հռչակման օրվա միջոցառումներին մասնակցելու շրջանակներում, այլ ամեն օր: Լիազորված եմ ԱՀ ԱԺ մյուս 2 ընդդիմադիր ուժերի անունից ասելու, որ մեր օրակարգը նույնն է թե՛ ԱՀ-ում, թե՛ ՀՀ-ում: Այդ առումով մեր ֆրակցիաները թե՛ խորհրդարանական հարթակում, թե՛ քաղաքական տարբեր հարցերի լուծման համար կարող են ձևավորել միասնական օրակարգ»,-նշել է Մոսիյանը:

Արթուր Մոսիյանի խոսքով՝ Արցախի և Հայաստանի ընդդիմադիր դաշտերը միահամուռ ուժերով քայլ առ քայլ պետք է հասնեն նույն նպատակին, քանի որ բոլոր խնդիրները նույնն են, որը գալիս է ՀՀ ապիկար իշխանություններից և նրանց կցորդ՝ այստեղի կամակատար իշխանություններից:

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ուրախություն է հայտնել Արցախում գտնվելու համար և նշել, որ իրենք Արցախում չեն հյուրընկալվում և այստեղ տան տիրոջ կարգավճակով են այցելում, քանի որ Արցախը իրենց տունն են համարում:

«Մենք մտահոգված ենք Արցախի ներկայիս իրավիճակով, Արցախի ապագայով և ցավոք սրտի նաև Հայաստանի ներկայով ու ապագայով: Կարող եմ փաստել, որ Արցախի և Հայաստանի անվտանգային համակարգը խալխլված է: Ցավոք ունենք ապիկար իշխանություններ և Հայաստանում, և՛ Արցախում, որոնք մեր միասնական հայրենիքը հասցրին այս օրին»,-նշել է Վանեցյանը:

Արթուր Վանեցյանը իր խոսքում ասել է, որ 44-օրյա պատերազմից հետո ստորագրվեց մի խայտառակ փաստաթուղթ, որը իշխանությունները շահարկման առարկա են դարձնում:

Երկու խմբակցությունների անդամները վստահեցրել են, որ ընդդիմադիր ուժերի համագործակցությունը շարունակական է լինելու, քանի որ բոլորի նպատակը մեկն է ՝ հայ ժողովրդի և հայկական երկու պետականությունների անվտանգությունն ու բնականոն զարգացումը: