Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իմ քայլը» խմբակցությունը երեկվա նիստում որոշում է կայացրել, որ փակ քվեարկության ժամանակ պատգամավորներն իրենց խղճի եւ մտքի համոզմունքով պետք է արտահայտեն իրենց կարծիքը՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությանը։
Եթե «Իմ քայլից» քվեարկության ժամանակ լինեն դեմ արտահայտվողներ, այդ պատգամավորներին ի՞նչ է սպասվում՝ հարցին, Մակունցը պատասխանեց. «Անկախ նրանից, թե քանի խմբակցություն է մասնակցում քվեարկությանը, ԱԺ է բերվել Դատախազության միջնորդություն, որով ԱԺ պատգամավորները պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն այն մասին՝ արդյոք ԱԺ-ն համաձա՞յն է, որպեսզի իրավապահ մարմիններին հնարավորություն տրվի լիարժեք քննություն իրականացնել, թե՞ ոչ»։
Հարցին՝ արդյոք խմբակցությունում որոշման մասին դեմ կամ կողմ արտահայտվողներ եղե՞լ են, Մակունցի պատասխանեց. «Խմբակցության նիստի բովանդակային մասին անդրադարձ չեմ կատարի։ Նիստը եղել է փակ»։
Նա ասաց, որ կարծում է՝ ԱԺ նախագահը կխորհրդակցի իրավաբանների եւ պետաիրավական հանձնաժողովի հետ, և որոշում կկայացնեն, թե արդյոք հնարավո՞ր է երկարացնել նիստը․ եթե հնարավոր լինի, ապա նմանատիպ որոշում կկայացնեն քվեարկությամբ։
Լրագրողներից մեկը նկատեց, որ մի քանի պատգամավորներ, այդ թվում՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը ներկա չեն նիստին։ Մակունցը պատասխանեց․ «Սասուն Միքայելյանը նախորդ քառօրյային ներկա չի եղել, որովհետեւ առողջական խնդիրներ ունի»։
ԲՀԿ ղեկավարի կողմից քաղաքական հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ինչ-ինչ հանգամանքներում տեղեկացել է քրեական գործերի մասին՝ իր երեկվա ենթադրությունը վերահաստատեց Լիլիթ Մակունցը։
Հարցին՝ ինչու էին Ծառուկյանին ԱԺ-ի բակում մեծ թվով ԱԱԾ աշխատակիցներ սպասում, երբ Ծառուկյանը հայտնել էր, որ ինքնակամ գնում է հարցաքննության, Մակունցն արձագանքեց. «Նախ Գագիկ Ծառուկյանն ինքը հայտարարեց, որ գնում է ԱԱԾ՝ նպաստելու գործի քննությանը։ Իսկ թե ովքեր են եղել ԱԺ-ի տարածքում, իրավապահ մարմիններ եղել են, թե ոչ. ես տեղյակ չեմ»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ տարբերություններ կան ԲՀԿ առանջնորդի եւ 2015 թվականին Նիկոլ Փաշինյանի անձեռնմխելիությունից զրկելու գործընթացների միջև։ Մակունցը պատասխանեց. «Ո՞ր հարթության մեջ ենք դիտարկում. իրավակա՞ն, քաղաքակա՞ն։ Պարզապես հնարավոր չի ձեր հարցին պատասխանել։ Տարբերվում են այնքանով, որ իրավական եւ քաղաքական պրոցեսներն իրարից անջատ են եւ որևիցե մեկը չի կարող ազդեցություն ունենալ իրավական գործընթացների վրա»։
Նշենք, որ լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ գործը շինծու է:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ Գլխավոր դատախազը երեկ է միջնորդություն ներկայացրել ԲՀԿ առաջնորդին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելու գործով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ: Խորհրդարանական ընտրություններին կաշառք բաժանելուց զատ, Ազգային անվտանգության ծառայությունը Ծառուկյանին առնչվող երկու այլ քրեական գործեր է հարուցել: «Բարգավաճ Հայաստանի» նախագահը պնդում է, որ այդ քրեական գործերը հորինված են քաղաքական պատվերով:
Մանրամասն՝ տեսանյութում․