կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-06 11:24
Հասարակություն

Ավետիս Ահարոնյանի և Հովհաննես Թումանյանի գրական եւ ազգային գործունեության պատմությունից

Ավետիս Ահարոնյանի և Հովհաննես Թումանյանի գրական եւ ազգային գործունեության պատմությունից

Սուսաննա Հովհաննիսյան (Հայաստան)
Բանասիրական գիտությունների դոկտոր

20-րդ դարի առաջին երկու տասնամյակները ավելի, քան հայ ժողովրդի պատմության ընթացքի որևէ այլ հանգրվան, խտացրեցին իրենց մեջ մեր գոյությունից ի վեր բոլոր դարերի ողբերգությունն ու օրհասը, որոնք միաժամանակ ծնեցին հայորդիների աննախադեպ քաջ, տաղանդավոր սերունդ, հայրենազրկման պահին ազգի գոյապայքարին նվիրված հայրենասերների մի ծաղկաբույլ, որի կարկառուն ներկայացուցիչներից են նաև Ավետիս Ահարոնյանը և Հովհաննես Թումանյանը։ Երկուսն էլ դարձան իրենց ժողովրդի ողբերգական ճակատագրի կրողները։

Երկու գրողների ստեղծագործական կյանքի ու ազգային հայրենասիրական գործունեության սկիզբը դրվեց գրեթե միաժամանակ, և պայմանավորված էր ազգային ինքնագիտակցության բարձրացման և ազատագրական պայքարի նոր զարթոնքով։ Նրանց բարեկամության ու մտերմության, գրական ու քաղաքական գործունեության ակտիվ տարիները 20–րդ դարի առաջին երկու տասնամյակներն էին։ Ահարոնյանի և Թումանյանի ճանապարհները խաչվել են ինչպես անձնական, այնպես էլ հայ գրական ու մշակութային կյանքի, նաև ազգային քաղաքական կյանքի խաչմերուկներում։

Ահարոնյանն ու Թումանյանը մինչև 20-րդ դարասկիզբ անձամբ ծանոթ չէին. միմյանց գիտեին միայն մամուլի հրապարակումներով։ Ծանոթացել են ըստ ամենայնի 1901–1902թթ., երբ Ահարոնյանը բնակություն հաստատեց Թիֆլիսում և ստանձնեց «Մուրճ» ամսագրի գրական-գեղարվեստական բաժնի խմբագրի պաշտոնը։ 1902թ. հուլիսին 1893-ից «Մուրճից» հեռացած բանաստեղծին Ահարոնյանը հրավիրեց աշխատակցելու ամսագրին։ Նա 1902թ. սեպտեմբերին Թումանյանից խնդրել էր որևէ բանաստեղծություն տրամադրել ամսագրին։ 1902թ. նոյեմբերի 9-ին պոետը գրում է. «Այս օրերս մի բան եմ ուղարկելու։ Եվ այն էլ՝ լեգենդ»։

Նույն շրջանում հեղինակի ընթերցանությամբ լսելով «Սասունցի Դավիթը»՝ Ահարոնյանն այն տպագրում է «Մուրճում», 1903թ. փետրվարից։

Հայտնի չէ, թե կոնկրետ որտեղ հանդիպեցին երկու գրողները՝ խմբագրությունում, թե այլուր, սակայն մինչև 1906թ. երկու գրողների միջև սոսկ գրական գործիչների գործնական հարաբերություններ էին։ Նրանք մտերմացան 1906-ից, երբ Ավ. Ահարոնյանը ընտանիքով հաստատվեց Բեհբության 60 հասցեում։ Գրողի որդին՝ Վարդգես Ահարոնյանը, մոտավորապես ճիշտ է հիշում, երբ գրում է. «Հովհ. Թումանյանը ծանոթ էր մեր ընտանիքին 1903–ից սկսած։ Մեր երկու ընտանիքները, սակայն, ծանոթ չէին իրարու գրեթե մինչև 1906-07թթ. 1906–ից մենք էլ փոխադրվեցինք Սոլոլակ և միևնույն Բեհբության փողոցը, ուր բնակվում էր Թումանյանը։ Բնակարանների մոտիկությունը փոխադարձ այցելությունների հնարավորություններ ստեղծեց։ Հովհ. Թումանյանին շատ անգամներ տեսել էի մեր տանը»։

Հիրավի, բանաստեղծը հաճախ էր լինում Ահարոնյանի տանը։ Այդպիսի այցելություններից մեկի մասին պատմում է Վարդգես Ահարոնյանը. «Մի անգամ, երբ Հովհ. Թումանյանը մեր տանն էր, իմ ամենափոքր եղբայրը՝ այն ժամանակ հազիվ հինգ տարեկան, ծայրեծայր արտասանեց Թումանյանի «Անբախտ վաճառականները» բավական երկար առակը։

Թումանյանը սաստիկ հուզվեց.

– Էսպե՜ս էլ բան, էդ ո՞նց է սովորել էդքան բանը»։

Միմյանց հետ մտերիմ էին գրողների զավակները, մասնավորապես՝ Մուշեղն ու Վարդգեսը, որ տարեկիցներ էին։ Թումանյանի զավակները նույնպես հաճույքով էին ընթերցում Ահարոնյանի երկերը։ Այսպես, Աշխեն Թումանյանը 1909թ. հուլիսի 29–ին տեղեկացնում է հայրիկին, որ շատ է հավանել Ահարոնյանի «Լռությունը», որը նրան հիշեցրել է Տուրգենևի «Дворянское гнездо»-ն»։

1907թ. աշնանից մինչև 1909թ. մայիս Ահարոնյանը Ներսիսյան դպրոցի տեսուչն էր։ Ահարոնյանի նոր պաշտոնը առիթ դարձավ նրա և Թումանյանի մանկավարժական համագործակցության։ 1906թ. բանաստեղծն ընտրվում է Ներսիսյան դպրոցի հոգաբարձուների խորհրդի 12 անդամներից մեկը Լոռու բնակչության կողմից։ Ղ. Աղայանը նույնպես այդ հանձնաժողովում էր։ Ահարոնյանը նրանց երկուսին է վստահում 1907թ. ընդունելությունը։ Երկու մանկագիրները չեն կարողանում մերժել գավառներից եկած որևէ երեխայի։ Ինչպես վկայում է Թումանյանը՝ «Մենք էլ ոչ մեկին չմերժեցինք, դե գավառներից եկած երեխաներ»։ Ահարոնյանը, որ ամենուր կարգ ու կանոն էր հաստատում, ստիպված եղավ դպրոցում նոր ճյուղեր՝ «վարժեցնել», նախապատրաստական դասարաններ բացելու հրաման տալ և հաջորդ տարին սահմանափակել ընդունելությունը։ Միաժամանակ, Ներսիսյան դպրոցի տեսուչը հանդես է գալիս նոր շենք կառուցելու նախաձեռնությամբ՝ գործին կարողանալով մասնակից դարձնել Ալեքսանդր Մանթաշյանին։

Գնալով՝ երկու գրողների մտերմությունն ավելի էր խորանում։ Ահարոնյանը սկսում է ներկա լինել պոետի բնակարանում «Վերնատան» հավաքույթներին: «Մեր «Վերնատունը» բանում է մեղվի փեթակի նման,- գրում է Թումանյանը 1908թ. ապրիլին։ – Նոր մոտիկ ընկեր–բարեկամներից ուզում եմ հիշել Ահարոնյանին… Այո՛, միշտ իրար հետ ու իրար մոտ» ։

1908թ. ապրիլի առաջին կեսին Ներսիսյան դպրոցի ղեկավարությունը որոշել էր դպրոցական գործերով Թումանյանին և Ավ. Ահարոնյանին գործուղել Եվրոպա։ Ահարոնյանն ամեն ինչ անում է, որ հունիսյան այդ ուղևորությունից Թումանյանը չհրաժարվի։ Բայց պոետը կրկին, այս էլ ո՜րերորդ անգամ, չի կարողանում օգտվել արտասահման մեկնելու բարեպատեհ առիթից։ Բանաստեղծի՝ 1908թ. հուլիսի 2–ի նամակում կարդում ենք. «Լեոն ու Ավետիսը շատ աշխատեցին, որ ինձ տեղահան անեն, հետները տանեն Եվրոպա: Չեղավ՝ մնացի։ Մի քանի հարյուր ռուբլի փող պետք է գտնեի, որ հետս վերցնեի, մի քանի հարյուր էլ, որ տանըցոց ապահովեի մինչև գալս, մի քանի հարյուր էլ՝ էս ու էն ամսին վճարելիքներ ունեմ… Մի՞թե կարելի բան էր։ Չեղավ։ Բայց շատ կուզենայի մի անգամ ընկնեմ էդ աշխարհքը, ինչ որ ականջով լսել եմ, մի աչքով տեսնեմ՝ ժողովուրդներ կան, աշխարհքներ… կան… կուլտուրա ու գեղարվեստ կա։ Հարկավոր էր, շատ էր հարկավոր… լավ կլիներ, բայց չի լինում»։

Ավ. Ահարոնյանի և Հովհ. Թումանյանի նամակագրությունից պահպանվել են միմյանց հասցեագրված՝ 1914թ. և 1921թ. մեկ-երկու նամակ (Թումանյանի՝ 1914թ. մարտի 31–ի նամակը Թիֆլիսից և Ահարոնյանի 1914. ապրիլի 26–ի (հին տոմարով) նամակը Լոզանից), նաև Ահարոնյանի 1921թ. սեպտեմբերի 1-ի մի նամակը՝ ուղղված բանաստեղծին, որով վտարանդի դարձած Ահարոնյանը խնդրում էր աջակցել իր հարազատներին։ Սակայն այդ մի քանի նամակներն էլ բավական են՝ համոզվելու նրանց մտերմության և ընկերական ջերմ հարաբերությունների մասին։ Դրանք վկայում են, որ նրանք միմյանց վստահել են, պատմել են իրենց դժվարություններից ու հոգսերից և անկեղծորեն զրուցել այն ամենի մասին, ինչ չէին կարող բարձրաձայնել։

Ահարոնյանը գրում է գրական որոշ ընկերներից, նոր սերնդի գործիչներից ու հրապարակախոսներից, հատկապես «Մշակի» «մարքսիստ» թղթակիցներից (նկատի ուներ Ցոլակ Խանզադյանին և Պողոս Մակինցյանին) իր հիասթափության, անձնական ապրումների, վիրավորանքների ու զայրույթի, իր վատառողջ վիճակի, արտասահմանյան կյանքի դժվարությունների մասին, և կարծում է, որ Թումանյանը չափից դուրս շատ է նշանակություն տալիս Համբարձում Առաքելյանին, և զուր է նրա հետ բանավիճում. «Հեռվից հեռու հետևում եմ կյանքիդ ու գործիդ, իմ շատ սիրելի ընկեր, և անկեղծորեն ասեմ՝ ի սրտե ցավում եմ վատնած լավ ժամանակիդ, լավ եռանդիդ համար։ Հավատա ինձ, անհնար է հայկական ավգյան ախոռը մաքրագործել լրագրական բանակռիվներով, և այն էլ մեր օրերում, երբ քեզ շրջապատող նոր սերունդը անհամեմատ ավելի վար է կանգնած նախընթացներից իր հոգեկան առաքինություններով»։

Իսկ Ահարոնյանին ուղղված պոետի նամակում ձևակերպվել է ընկերական հարաբերությունների մասին թումանյանական ընկալումը, արդեն ասույթի արժեք ձեռք բերած՝ «Ինչ ուզում է լինի, ընկերը ժայռի պես կլինի» բանաձևը։

Շուրջ երեք տարի ապրելով Եվրոպայում՝ Ահարոնյանը, ինչպես խոստովանում է ընկերոջը, օտարացել ու խորթացել էր Թիֆլիսի միջավայրից, սակայն ձգտում էր ժամ առաջ հայտնվել այնտեղ։ Նա նկարագրում է օտարության մեջ առանց ընտանիքի ու հարազատների իր կրած տառապանքներն ու կարոտից ծնվող ծանր ապրումները. «Հիասթափությունից հիասթափություն. ես հասել էի վերջերս այն հուսաբեկ եզրա­ կացության, թե իմ շրջապատում այլևս ընկեր չունեմ, և թե աշխարհում այլևս ոչ ոքի պետք չէ հավատալ, և պետք է փորձել ապրել մեն մենակ՝ որպես մերժված, նզովված հալածական, որ լռությամբ տանում է իր ճակատագիրը, հեգնանքը շրթունքներին և հպարտությունը ճակատին։ Վերադարձիս հնարավորության մասին ես գրում։ Երանի թե կարողանայի լավատեսությունդ բաժանել… Ուզում եմ վերադառնալ միայն և միայն երեխաներիս համար, որոնց կարոտը խեղդում է ինձ, իսկ Վարդգեսիս վիճակված հոգսերի բեռը հեռվից իմ մեջքն է ջարդում։ Կուզեի ժամ առաջ իմ լավ, շատ լավ տղային հանիրավի և վաղաժամ իր ուսերին ընկած այդ անիրավ բեռից ազատել։ Կուզեի… բայց ո՞ւր է հնարը վերադարձի… Կյանքս լավ չի անցնում։ Ինքս ինձնից դժգոհ եմ: Վերադարձը միայն կարող էր օգնել ինձ և ոտքի հանել վերստին։ Ընտանեկան հարկի նպաստացուցիչ սրտապարար հովանին հզորապես պակասում է ինձ, և ես իզուր երկրե երկիր եմ թափառում՝ լցնելու մի պարապ, որ ոչնչով լցվելու չէ»։

Թումանյանը վաղուց էր սկսել պայքարը՝ արտասահմանում գտնվող ընկերների ապահով վերադարձի համար իշխանություններից հավաստիացումներ ստանալու։ Բնականաբար, Ահարոնյանի նամակից հետո պոետը ավելի մեծ եռանդով 1914թ. գարնանը վերստին պիտի պայքարեր նրա վերադարձի համար՝ կատարելով ընկերոջ խնդրանքը։ Նա դիմում է պաշտոնական տարբեր ատյաններ։ Ահարոնյանը բարձր է գնահատում ընկերոջ ջանքերը Թիֆլիս իր վերադարձն անվտանգ դարձնելու ուղղությամբ։ Սակայն ընդհանուր համաներումը հայտարարվում է միայն Առաջին աշխարհամարտը սկսելուց մեկ տարի հետո՝ 1915թ. ամռանը։ Ահարոնյանը 1915թ. դեկտեմբերին վերադառնում է Պետերբուրգ, բուժվում Կիսլովոդսկում, ապա նոր միայն 1916թ. սեպտեմբերին վերադառնում Թիֆլիս։

Թումանյանը հնարավորինս աջակցել է Ահարոնյանին նաև այլ հարցերում։ 1910 թ. հունվարի 15-ին բանաստեղծը բարձրացրեց Ահարոնյանի հեղինակային իրավունքի խնդիրը՝ գրելով՝ «Ահարոնյանի և մյուսների պիեսները խաղում եք շարունակ ու իրենց՝ դրամատուրգներին թողնում զուրկ, բողոքավոր»։ Իսկ 1910թ. հոկտեմբերի 17-ին պոետը հրապարակայնորեն դժգոհում է Դրամատիկական ընկերության որոշումից՝ Ավ. Ահարոնյանի գործերը թատրոնի խաղացանկից դուրս մղելու. «Սա կնշանակի՝ լավ չգնահատել ինքնուրույն գործը»։

«Միջազգային գիտաժողովի նյութեր»

Ավետիս Ահարոնյան

aparaj.am