կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-30 19:00
Հասարակություն

Հիշում եմ արյունոտված Եփրատն ու Հովհաննես Թումանյանի հետ հանդիպումն Էջմիածնում

Հիշում եմ արյունոտված Եփրատն ու Հովհաննես Թումանյանի հետ հանդիպումն Էջմիածնում

Աղավնի Մկրտիչի Մկրտչյանի վկայությունը

1909 թ., Բիթլիս

 

Աղավնի Մկրտչյանը բնիկ բիթլիսցի էր: Նրանց ընտանիքում մինչև ջարդերը յոթը տղա կար, հինգ աղջիկ: Բոլոր տղաները թուրքի ձեռքով սպանվել են: Թուրքերը սպանել են նաև Աղավնիի հորը, իսկ մայրը մահացել է Էջմիածնում` խոլերայից: Ականատեսը ներկայացնում է իրենց գաղթի ճանապարհը` պատմելով արյունոտված Եփրատի ու Հովհաննես Թումանյանի հետ ճակատագրական հանդիպման մասին:

 

«Մենք բնիկ բիթլիսցիներ ենք: Ես Մուխսի Վարդանի թոռն եմ: Մեր տունը թուրքերը քանդեցին: Մեր տանը յոթանասուն հոգի էինք: Մեր ընտանիքում յոթը տղա կար, հինգ աղջիկ: Բոլոր տղաները թուրքի ձեռքով սպանվել են: Հիմա մեր մեծ գերդաստանից միայն ես եմ մնացել, մեկ էլ Միսաքը, որ Մոսկվայում գեներալ է:

 

Նախքան մեզ տեղահանելը, 1914 թ. եկան մեծ եղբորս թուրքի բանակ տարան, օնբաշի դարձավ: Մի անգամ եկավ մեզ տեսնելու, հայրս ասաց. – Խոսրո՜վ, լաո՜, մի՛ գնա:

 

Եղբայրս ասաց. – Ո՞նց չգնամ, ես օնբաշի եմ, եթե չգնամ, թուրքերը ձեզ կվառեն: Գնաց ու ետ չեկավ: Մի քանի հայ զինվորներ որոշել են փախչել, թուրքերը կրակ են բացել, բայց մի քանիսը իրենց գցում են Արազը, փրկվում են, անցնում են ռուսի բանակը:

 

Հայրս փախել էր թուրքական բանակից, մտել էր մեր տան մոտի դարմանի դեզի մեջ: Օսմանյան թուրքերը եկան դուրս քաշեցին, նրան սպանեցին: Մենք մնացինք որբ:

 

Մեր հարևանը` թուրք Յուսուֆ էֆենդին, մեղքացավ մեզ, տարավ իր տունը: Քրդական համիդիեի զինվորները եկան, հարցրին մորս. «Ու՞ր են ոսկիներդ»: Մայրս վախից ասաց. «Հրեն, գյուգյումի մեջն են»: Թուրքերը առան ոսկիները, գնացին: Էդ թուրք հարևանը, որ մեզի պահել էր, մորս վրա նեղացավ, թե ինչու իրեն չտվեց, ու մեզ դուրս հանեց իր տնից: Դուրս եկանք, փողոցները ամբողջ սպանվածների դիակներ էին, բոլոր հայերին կոտորել էին: Մնացածներիս քշեցին` ու՞ր, չգիտենք: Ճամփին` աղմուկ, աղաղակ, իրարանցում: Թուրք ոստիկանները սվիններով խփում էին ետ մնացողներին: Գիշերները գալիս աղջիկ-կնիկներին փախցնում էին: Մորս էլ տարան բռնաբարեցին, ետ բերեցին: Լավ է հայրս սպանված էր` չտեսավ իր պատվի արատավորումը:

 

Հիշում եմ, գաղթի ճամփին մեր սայլը շուռ եկավ ջրի մեջ: Եփրատ գետում շատերը ողջ-ողջ խեղդվեցին, շատերին էլ սպանում ու գցում էին գետը: Այնպես որ, Եփրատ գետը ամբողջ արյուն էր:

 

Ոտքով քայլելով-քայլելով եկանք հասանք Կարս: Լորիս-Մելիքովի արձանը տեսանք` մի մարդ արծվի վրա էր ոտքը դրել: Էնտեղից ոտքով եկանք Իգդիր: Գաղթականների հետ եկանք Էջմիածին: Գաղթականները հիվանդ, հյուծված, ուժասպառ փռված էին վանքի պատերի տակ. ծեր, ջահել, բոլորը հիվանդ, մահամերձ: Երկու մարդ եկան, հաց ու ձու բաժանեցին երեխաներին: Մորս մի ձու և հաց տվին: Մերս ասաց. – Ես երկու ձագուկ ունեմ:

 

Նրանք մի ձու էլ տվեցին, ու մենք կերանք: Դու մի ասա` դրանցից մեկը Հովհաննես Թումանյանն էր: Մեկ էլ սկսվեց հորդ անձրևը: Բոլոր գաղթականները մնացին անձրևի տակ: Մերս մի մուշամբա գցեց մեզ վրա, որ չթրջվենք:

 

Հովհ. Թումանյանը ղրկեց ժամկոչին կաթողիկոսի մոտ, որ աբեղաների խուցերի բանալիները տա, որ գաղթականները պատսպարվեն, բայց նա հրաժարվել, ասել էր, որ խուցերը կկեղտոտվեն: Էդ ժամանակ Հովհաննես Թումանյանը վերցրեց կացինը, սկսեց խուցերի դռները կոտրել և գաղթականներին ներս առնել ու ասաց.

– Գնացեք ասեք, որ ամենայն հայոց կաթողիկոսը մերժեց, բայց ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը կացինով կոտրեց դռները և գաղթականներին ներս մտցրեց: Մերս մուշամբան մեր վրայից քաշեց, վրայի ջուրը թափեց, մեզ տարավ, մտցրեց էն խուցերը` տաքացանք: Բայց առավոտյան շատերը մահացել էին արդեն: Խոլերան ահավոր չափերի էր հասել: Իմ խեղճ մերս էլ խոլերայի փայ դարձավ ու մեռավ: Ես մնացի լրիվ մենակ ու անտեր: Գաղթականների հետ եկա հասա Երևան: Երևանում մեզ լավ չընդունեցին: Մեզ «գաղթական» էին ասում:

 

Երևանում սովորեցի Աբովյանի անվան դպրոցում: 1933 թ. ավարտեցի Գյուղատնտեսական ինստիտուտը, որը այն ժամանակ համալսարանի ֆակուլտետն էր: 1933-1936 թթ. Ստեփանավանում աշխատել եմ գյուղատնտես: Ծանոթացել եմ Աղասի Խանջյանի հետ, իսկ Մացակ Պապյանը մեր կոլխոզի նախագահն էր: Ստացել եմ Վաստակավոր գյուղատնտեսի կոչում: Պատերազմի տարիներին թիկունքում ծառայել եմ ու պարգևատրվել: Հիսունհինգ տարի աշխատել եմ հացամթերումների նախարարությունում, որպես գլխավոր մասնագետ, ունեմ մի շարք պատվոգրեր ու գովեստագրեր»:

 

Վերժինե Սվազլյան, Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ, Երկրորդ համալրված հրատ., Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2011, վկայություն 20, էջ 111-112:

 

Աղբյուրը՝  armeniangenocide100.org: