կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-22 16:30
Մշակույթ

«Արևի նման նայենք աշխարհին». վերահրատարակվել է Վարդգես Ահարոնյանի գիրքը

«Արևի նման նայենք աշխարհին». վերահրատարակվել է Վարդգես Ահարոնյանի գիրքը

Համազգային  հայ կրթական և մշակութային միությունը  նախաձեռնել և վերահրատարակել է Վարդգես  Ահարոնյանի «Հովհաննես  Թումանյան. մարդը և բանաստեղծը» գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ`հայտնի դեմքերի, հասարակական գործիչների, ընթերցասերների մասնակցությամբ:

Բացման խոսքով հանդես եկավ Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ Սպարտակ Ղարաբաղցյանը: Նա բարձր գնահատեց գրքի մշակութային արժեք և բարձրաձայնեց վերահրատարակելու անհրաժեշտության մասին:

Գիրքն առաջին անգամ է տպագրվում Հայաստանում: Որպես հոդվածաշար՝ այն առաջին անգամ հրատարակվել է «Հայրենիք» ամսագրում 1936թ., ապա գրքի տեսքով` նույն թվականին Բոստոնում։ Գրքի հեղինակը հասարակական գործիչ, իրավաբան, մանկավարժ, գրող Վարդգես Ահարոնյանն է` Առաջին հանրապետության նշանավոր գործիչ Ավետիս Ահարոնյանի որդին։ 

«Գրքում հեղինակի ինքնատիպ նկարագրություններն են Թումանյանի ու ժամանակի նշանավոր անհատների մասին: Համազգայինը չէր կարող անտարբեր անցնել Թումանյանի 150-ամյակի կողքով, մեր գրեթե բոլոր կառույցներում՝ Ավստրալիայից մինչեւ Արցախ, տարբեր միջոցառումների տեսքով նշվում է Թումանյանի 150-ամյակը։ Ուրախ եմ, որ Թումանյանը կարողացել է գոնե այդ ճանապարհով համախմբել մեզ եւ դարձել է մեր այսօրվա թթխմորը։ Ես ակամա հիշեցի Թումանյանի 100-ամյակի տոնակատարությունները, երբ ամբողջ Հայաստանը ոչ թե մեկ օր, այլ ամբողջ տարին էր Թումանյանական հայտարարել։ Ամեն օր կարելի է Թումանյանի հետ քայլել, զրուցել, խոսել, մինչեւ անգամ՝ վիճել»,- նշեց Սպարտակ Ղարաբաղցյանը։