կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-06 11:42
Իրավական

Գոհար Ենոքյանի գործի հետեւում կանգնած են պետական պաշտոնյաներ. պաշտպան

Գոհար Ենոքյանի գործի հետեւում կանգնած են պետական պաշտոնյաներ. պաշտպան

Վաղը կլրանա ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ կասկածվող` ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գոհարիկ Ենոքյանի ձերբակալության 72 ժամը, և քննիչը պետք է որոշում կայացնի նրա խափանման միջոցի ընտրության վերաբերյալ:

 

Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ ձերբակալությունը չի կարող տևել արգելանքի վերցնելու պահից 72 ժամից ավելի: Իսկ այդ ընթացքում կասկածյալի նկատմամբ պետք է մեղադրանք առաջադրվի, եթե, իհարկե, նա այդ ընթացքում չի ազատվել արգելանքից: Խափանման միջոցի ընտրության հարցում դատարանը պետք է հաշվի առնի մի շարք հանգամանքներ, այդ թվում` կասկածյալի տարիքն ու առողջական վիճակը: Իսկ ինչպես հայտնի է Գոհարիկ Հակոբյանը 73 տարեկան է և լուրջ առողջական խնդիրներ ունի:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Ենոքյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը հայտնեց, որ իր պաշտպանյալի համար երեկ անգամ շտապօգնության բրիգադ է հրավիրվել ՁՊՎ և բուժօգնություն է ցուցաբերվել նրան:

 

Հիշեցնենք, որ Գոհարիկ Ենոքյանը ձերբակալվել է մայիսի 4-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործի շրջանակներում: Մեզ հետ զրույցում փաստաբանը նշեց, որ Ենոքյանի ձերբակալությունն ապօրինի է, և որ այդ որոշման դեմ բողոքներ է ներկայացրել տարբեր մարմինների: Ըստ նրա՝ ապօրինի է և օրենքի ակնհայտ խախտում է նաև նույն գործի շրջանակներում նույն հիմքով Ենոքյանի բնակարանը կրկնակի խուզարկելը: Հակոբյանի խոսքով՝ թե' առաջին՝ 2014թ. հունիսին, և թե' երկրորդ` 2015թ. ապրիլին, կատարված խուզարկության արձանագրություններում նշված է, որ քննությանը հետաքրքրող որևէ առարկա չի հայտնաբերվել և որևէ իր չի առգրավվել:

 

Ենոքյանի ձերբակալությունն, ըստ փաստաբանի, այլ նպատակ է հետապնդում: «Ավելի շուտ գույքային հարց են փորձում լուծել»,- ասաց Հակոբյանը և հավելեց, որ Ենոքյանի զարմիկի՝ Արայիկ Ենոքյանի դեմ հարուցված գործի շրջանակներում երբևէ քաղաքացիական հայց և գումարի պահանջ չի եղել:

 

Նշենք, որ Արայիկ Ենոքյանը խարդախություն կատարելու համար 5 տարվա ազատազրկման է դատապարտվել, սակայն մեկուկես տարի անց համաներման ակտով ազատ է արձակվել:

 

Անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե իբր Կարո Կարապետյանի սպանությունը նախապատրաստելու վերաբերյալ անգամ ձայնագրություններ են առկա, փաստաբանը նշեց, որ դրանք հորինվածք են, շանտաժի մի մասը: Դիտարկմանը, թե ճի՞շտ է այն տեղեկությունը, որ Գոհարիկ Ենոքյանի կողմից ենթադրյալ հանցագործությունը նախապատրաստելու վերաբերյալ ցուցմունքներ են տվել նրա փեսան և խնամին, պաշտպանը ձեռնպահ մնաց պատաստանել՝ նշելով, որ դա նեղ նախաքննական տվյալներ են: «Իմ պաշտպանյալին չկատարված հանցանք է վերագրվում, դա հովանավորվում է պետական պաշտոնյաների կողմից և օբյեկտիվության առումով վտանգ է ներկայացնում»,- ասաց նա և հավելեց, որ դեռևս 2014-ին միջնորդել են քրեական գործի քննությունը հանձնել ՀՀ ԱԱԾ քննչական վարչությանը, սակայն մերժվել են: «Հավանաբար, գործով շահագրգռված են իրավապահ համակարգի որոշ ներկայացուցիչներ»,- ասաց փաստաբանը:

 

Նշենք, որ news.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն, հայտնել է, որ Գոհար Ենոքյանը դեռ 2011թ.-ին «շատ մարդկանց է քցել»: «2011թ.-ին ինքը մի քանի միլիոնի խաբեբայություն ա արել, մարդկանց ա քցել ու էն ժամանակ նախաքննություն չի կատարվում: Հետո էլ գրում են՝ ինքը մեղք ա, հիվանդ ա: Ինքը ոչ միայն մեզ ա «քցել», հազարավոր մարդկանց կյանքն ա կերել, փողերը տարել: Տականքի մեկն ա, ես դա գիտեմ»,- ասել է Յուվեցի Կարոն:

 

Անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, թե Գոհար Ենոքյանը կասկածվում է իր սպանությունը նախապատրաստելու մեջ, պատգամավորը նշել է, որ այդ մասին ոչինչ չգիտի: Բացի այդ`  նա հայտնել է , որ «կան զապիսներ, որոնք տարել, հանձնել են դատախազությանը»: