Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շուրջ մեկ ժամ ուշացումով շարունակվեց նախորդ տարվա նոյեմբերի 5-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների գործով դատական նիստը:
Դատարանն ուսումնասիրում է դեպքի վերաբերյալ տեսագրություններն ու դրանց զննության վերաբերյալ արձանագրությունները:
Այսօրվա նիստում համատեղ հայտարարությամբ հանդես եկան գործով պաշտպաններ Ինեսա Պետրոսյանը, Հովհաննես Քոչարյանը և Արա Զաքարյանը: Ըստ հայտարարության` տեսագրություններն ու դրանց արձանագրություններն էականորեն տարբերվում են միմյանցից: Մասնավորապես` արձանագրություններում նշված են մարդկանց անուններ, որոնք տեսանյութից դժվար է պարզել: Ըստ Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանի` երթի մասնակիցների թիվը չի գերազանցել 50-ը, երթը դադարեցվել է մինչև մասնակիցների` Մաշտոցի պողոտա դուրս գալը: Նա նաև նշեց, որ տեսանյութից երևում է, որ բախման ընթացքում հարվածներ են ստանում քաղաքացիական հագուստով անձինք, սակայն մեղադրական եզրակացության մեջ նշված են ոստիկանների անուններ: Ամբաստանյալ Շանթ Հարությունյանը դատավորից հետաքրքրվեց, թե ոստիկանությունն իրավունք ունի՞ պրովոկացիաներ անել ընդդիմադիրների նկատմամբ:
Դատավորը խորհուրդ տվեց հարցը ճշտել պաշտպանից, ով էլ պատասխանեց, որ իրավունք չունի: Հարությունյանն ուշադրության հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ինքը սկզբում առաջարկել է, որ գործը քննի ոչ թե ոստիկանությունը, այլ երրորդ կողմը` պատճառաբանելով, որ բախումը տեղի է ունեցել ոստիկանների և իրենց միջև: Ըստ նրա` եթե համակողմանի ուսումնասիրություն լիներ, քննիչները կպարզեին, թե ով է պրովակացիա արել:
«Օսիպյանը վերջերս հայտարարեց, որ ոստիկաններն ուժ են գործադրում այն ակտիվիստների նկատմամբ, ովքեր պրովոկացիա են անում: Եթե ոստիկանությունն օրենքով սադրելու իրավունք ունի, թող հայտարարեն»,- ասաց նա և ուշադրության հրավիրեց այն հանգամանքի վրա, որ քննիչների կողմից չի ուսումնասիրվել այն տեսանյութը, որից երևում է, թե ինչպես է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն իր թևն ընկնում և որոշ ժամանակ զրուցում հետը:
«Քննիչներն ինչո՞ւ չեն կանչել Օսիպյանին և պարզել, թե ինչ ենք խոսել: Կարող ա շանտաժ է արել, որ հետո ինձ բռնեն-տանեն, երեխուս ու ինձ սպանեն: Ես պահանջում եմ, որ Օսիպյանը գա էստեղ»,- ասաց Հարությունյանը:
Ըստ նրա` Օսիպյանի ասածը պրովոկացիա է պարունակում, և ինքն այդ մասին կարող է բարձրաձայնել: Դատավորն, ի պատասխան, հայտնեց, որ ոստիկանության հիշյալ աշխատակիցը դատակոչի ցուցակում կա: Հարությունյանն առաջարկեց տեսանյութն ուսումնասիրելուն զուգահեռ հարցաքննել Օսիպյանին:
«Ոստիկանությունն ակնհայտորեն պրովոկացիաներ է սարքել, որի համար ես դիմել եմ այդ քայլին, լավ եմ արել, որ դուրս գամ, էլի եմ անելու»,- ասաց Հարությունյանը: Ըստ նրա` տեսանյութն ուսումնասիրելուն զուգահեռ պետք է հարցաքննվի Օսիպյանը: «Եթե Օսիպյանն ինձ ասել է` քեզ տանելու եմ` խփեմ, կարող ա ես դիմել եմ ինքնապաշտպանության»,- հայտարարեց ամբաստանյալը: