կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-05 13:15
Քաղաքական

Երկու ուղղաթիռ կգնենք. առողջապահության նախարարը լուծումներ է առաջարկում

Երկու ուղղաթիռ կգնենք. առողջապահության նախարարը լուծումներ է առաջարկում

ԱԺ-ում 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ առողջապահության նախարարության բյուջեի կատարողականը ներկայացրեց նախարար Արսեն Թորոսյանը: Նրան հարց ուղղեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը:

Պատգամավորը նախ նշեց, որ մարզերում պետական բժշկական հաստատությունները չունեն համապատասխան նյութատեխնիկական բազա և ուղղորդում են հիվանդներին մայրաքաղաք` դրանով իսկ նվազեցնելով տեղերում բուժհաստատությունների դերը: Ապա նա երկու տվյալ բերեց նախարարության բյուջեի ծախսերից:

«Դեղագործական ապրանքների համար ծախսվել է 3 մլրդ 500 մլն դրամ, իսկ բժշկական սարքեր ձեռք բերելու համար ընդամենը 10 մլն: Իմ հարցը հետևյալն է՝ արդյո՞ք սա չի հուշում, որ մարզերում բուժսարքավորումերի կարիք չկա, բոլորն ապահովված են բարձր որակի սարքավորումներով, թե՞ ուղղակի ուղղորդում ենք բնակչությանը դեպի մասնավոր սեկտոր, նաև ֆինանսական բյուջետային միջոցները սոցփաթեթի անվան տակ` մասնավոր սեկտոր»,- հարցրեց Կյուրեղյանը:

Նախարարը պատասխանեց, որ 10 մլն–ը վերաբերում է նախարարության ուղղակի գնումներին, և որ առողջապահության նախարարությունն իր պետական բյուջետային միջոցներից վերջին տարիներին սարքավորումներ գրեթե ձեռք չի բերել, այդ սարքավորումները ձեռք են բերվել այլ միջոցերով: «Մարզային հիվանդանոցների մասով մենք շուտով գրեթե ոչ մի չվերանորոգված կլինիկա չենք ունենա, շենքային պրոբլեմով մարզային հիվանդանոց չենք ունենալու»,- ասաց նա, ապա օրինակ բերեց Վանաձորի ԲԿ-ն և մայրաքաղաքի հիվանդանոցները: Նախարարի խոսքով՝ Վանաձոր ԲԿ-ի սարքավորումները ձեռք են բերվել Համաշխարհային բանկի վարկային կազմակերպություններից ունեցած տնտեսումներից: Այսինքն, ըստ նրա, այդ հարցը լուծում են այլ աղբյուրներից: Երևան քաղաքի հիվանդանոցներն էլ, ըստ նախարարի, սարքավորումներ են ձեռք բերել քաղաքապետարանի խնայողությունների հաշվին:

«Ես կարծում եմ, որ առողջապահության նախարարությունը չպետք է լինի ՀՀ բժշկական հաստատությունների բժշկական սեփականատերը և պատասխանատուն, մենք տեղական իշխանության մասնակցցության խնդիր ունենք»,- հայտարարեց Թորոսյանը:

Ըստ նրա` Հայաստանը սարքավորումների առումով աշխարհի շատ զարգացած երկրների չի զիջում, սակայն կան սարքեր, որ ընդհանրապես չունենք: «Մարզերից ուղղորդումները ոչ թե սարքավորումների պատճառով են, այլ մասնագետների բացակայության: Մենք մարզերը լավ կադրերով հագեցնելու պրոբլեմ ունենք: Մի քանի ուղղություններով աշխատում ենք` սկսած նպատակային օրդինատուրաներից, սակայն մեզ այստեղ էլ քննադատում են, որ դա աքսոր է, ոչ թե աշխատանքի տեղավորում: Խնդիրը կա, բայց որ պետությունը չի գնում սարք, դա այդպես չէ»,- ասաց նախարարը:

Կյուրեղյանն արձագանքեց` ասելով, որ տեղերում կա խնդիր, և որ պետք է մարզերի բուժհաստատությունները հավելվեն որակով մասնագետներով:

Նախարարի խոսքով էլ` մենք միշտ պետք է բալանսավորենք ծախսերը և, արդյունավետությունից ելնելով, չենք կարող ցանկացած մարզում ունենալ ցանկացած հնարավորությամբ հիվանդանոց: «Դա ձեռնտու չէ պետությանը և տեղի աշխատողներին, որովհետև թերաշխատող ծանրաբեռնված հիվանդանոցը աշխատանքի առումով տուժում է»,- ասաց Թորոսյանը:

Նախարարի խոսքով՝ չենք կարող ունենալ անթիվ հիվանդանոցներ, որովհետև այդ դեպքում որակ չի լինի: «Աշխարհում այսպիսի պրակտիկա գոյություն ունի, որ անհասանելի վայրերում ոչ թե հիվանդանոցներ են սարքում, որ մարդիկ օգտվեն, այլ ուղղաթիռ են գնում: Ես այդ հարցը բարձրացնելու եմ, և մեկի տեղը երկու հատ ուղղաթիռ ենք գնելու: Այս հարցը քննարկել ենք ԱԻ նախարարի հետ, փորձելու ենք լուծել այն»,- եզրափակեց նա: