կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-30 17:52
Տնտեսական

Հարկավոր է թուլացնել խոշոր առևտրային կենտրոնների գերիշխող դիրքը. Սուրեն Պարսյանը լուծումներ է առաջարկում

Հարկավոր է թուլացնել խոշոր առևտրային կենտրոնների գերիշխող դիրքը. Սուրեն Պարսյանը լուծումներ է առաջարկում

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով` մանրածախ առևտրի ոլորտի համար հարկավոր է նոր տնտեսական քաղաքականություն մշակել: Ըստ նրա` Հայաստանում գործող խոշոր առևտրի կետերի ունեցած գերիշխող դիրքը թուլացնելու համար հարկավոր է նախ պարզել Հայաստանում մանրածախ առևտրի իրական ծավալները:

«2017թ. ընթացքում Հայաստանում մանրածախ առևտուրը գրանցել է 5.5 տոկոս աճ, սակայն այդ նույն ժամանակահատվածում փոքր և միջին տնտեսվարող սուբյեկտներ, այդ թվում՝ 800 փոքր խանութներ դադարեցրել են իրենց գործունեությունը: Նույն ժամանակահատվածում 4 խոշոր սուպերմարկետներ` «Երևան Սիթի»-ն, «ՍԱՍ»-ը, «Կրպակ»-ը և «Նոր Զովք»-ը, ավելացրել են իրենց շրջանառության ծավալները»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Նշենք որ ներկայումս խոշոր առևտրային կենտրոններին է բաժին ընկնում ընդհանուր մանրածախ առևտրի 23.8 տոկոսը, ինչն, ըստ տնտեսագետի, բավականին մեծ ցուցանիշ է:

Ըստ Սուրեն Պարսյանի` մանրածախ առևտրի ոլորտում գերիշխող դիրք ունենալու պատճառները շատ են: «Օրինակ՝ այսօր խոշոր առևտրային ցանցերում գյուղատնտեսական մթերքը վաճառվում է ոչ թե առևտրային ցանցի, այլ փոքր և միջին տնտեսվարողների անունից, որոնք անընդհատ բացվում կամ դադարեցնում են իրենց գործունեությունը, որպեսզի ավելացված արժեքի հարկ չվճարեն»,-ասաց նա:

Մյուս խնդիրը, ըստ տնտեսագետի, չգրանցված աշխատողների առկայությունն է, որոնք խոշոր սուպերմարկետներում մեծ թիվ են կազմում, հատկապես՝ նախատոնական օրերին:

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ ամիս ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի «Մանրածախ առևտրի համակենտրոնացման միտումները ՀՀ-ում» թեմայով վերլուծությունից հետո ՊԵԿ-ը ստուգումներ էր սկսել խոշոր առևտրային ցանցերում, որոնց արդյունքների մասին մինչ օրս որևէ տեղեկատվություն չի հրապարակվել:

«Հայտնի չէ, թե նման քանի աշխատող է հայտնաբերվել, և ինչ ծավալի խախտումների մասին է խոսքը»,- ն Պարսյանը:

Նրա խոսքով` առաջին հերթին հարկավոր է դասակարգել սուպերմարկետները, հստակ սահմանել, թե ո՞րն է համարվում խոշոր սուպերմարկետ, որը` միջին, որը` փոքր: Հարկավոր է նաև որոշել առևտրային կենտրոնների տեղակայման վայրերը, լուծել անհրաժեշտ ենթակառուցվածքների (օրինակ՝ ավտոկայանատեղի) հարցը և այլն:

Ըստ տնտեսագետի խոսքով` առաջնային խնդիրը ոչ այնքան խոշոր առևտրային ցանցերում ստվերի առկայությունն է, որքան մանրածախ առևտրի համակենտրոնացվածությունը, ինչի արդյունքում էլ փոքր և միջին առևտրային սուբյեկտները ստիպված են լինում դադարեցնել իրենց գործունեությունը կամ ձուլվել խոշոր ցանցերին:

«Նրանց նկատմամբ պետք է կիրառվի պրոգրեսիվ հարկ, օրինակ` երեք և ավելի առևտրային ցանց ունեցողները պետք է վճարեն լրացուցիչ հարկ, ինչպես նաև հարկավոր է, որպեսզի առևտրային ցանցերի համար հատուկ առևտրային ռեժիմ սահմանվի»,- նշեց տնտեսագետը` բերելով Դանիայի և Ֆինլանդիայի օրինակը, որտեղ շաբաթ և կիրակի օրերին, բացառությամբ զբոսաշրջային սեզոնի, խոշոր առևտրային ցանցերը չեն գործում, և առևտուր իրականացնելու հնարավորություն է տրվում փոքր և միջին բիզնեսին:

Տնտեսագետի կարծիքով` առևտրային ցանցերի համակենտրոնացման խնդիրը լուծելու հարցում լուրջ անելիքներ ունեն տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովն ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը:

Ըստ նրա` այս ոլորտում իրականացվող հարկային վարչարարության խստացումը պետք է շարունակական լինի, բացի այդ՝ անհրաժեշտություն կա օրենսդրական նոր փոփոխությունների:

Սուրեն Պարսյանը հույս հայտնեց, որ նոր կառավարությունն իր առաջիկա ծրագրում հաշվի կառնի հիշյալ ոլորտում առկա առաջնահերթ խնդիրները և կարճ ժամանակահատվածում կլուծի դրանք: