կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-26 20:08
Քաղաքական

Դաշնակցությունն առաջարկում է կոնկրետ ծրագրեր, լուծումներ և այդ ամենն իրականացնող հզոր թիմ. Արմենուհի Կյուրեղյան

Դաշնակցությունն առաջարկում է կոնկրետ ծրագրեր, լուծումներ և այդ ամենն իրականացնող հզոր թիմ. Արմենուհի Կյուրեղյան
Տեղեկացրել էինք, որ ՀՅԴ-ն իր քարոզարշավը սկսեց Արամ Մանուկյանի արձանի մոտից: ՀՅԴ-ի նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Արմենուհի Կյուրեղյանն իր ելույթում անդրադարձավ Դաշնակության սոցիալական ծրագրերին: Ըստ նրա` ՀՅԴ-ն սոցիալական պետության առաջնային խնդիրներից մեկը համարում է յուրաքանչյուր քաղաքացու արժանապատիվ կյանքի պահանջը: Բայց, Կյուրեղյանի խոսքով, ի՞նչ է մեզ առաջարկում այսօրվա կառավարությունը` կառավարությունն աշխատատեղերի ստեղծման փոխարեն վախեցնում է ժողովրդին աշխատատեղի կորստով, եթե իրեն քվե չտան:
 
«Ունենք առաջարկ` աշխատատեղերի, գործազրկության փոխարեն պետության կարգավորման դերի բարձրացում` աշխատատեղեր ստեղծելու համար: ՀՅԴ-ն համարում է, որ սոցիալական պետությունը պարտավոր է իր յուրաքանչյուր քաղաքացու համար ունենալ աշխատատեղերի ստեղծմանը նպաստող ծրագրեր: Ծրագրեր, որոնք երիտասարդներին կրթական համակարգից հետո աշխատատեղերով ապահովելու հնարավորություն կտան, ծրագրեր, որոնք միտված կլինեն հաշմանդամություն ունեցողներին քվոտավորմամբ աշխատատեղերով ապահովելուն, ծրագրեր, որոնք միտված կլինեն ժողովրդագրության հիմնական խնդիրները լուծելուն, հաջորդ երեխայի ծնունդը խթանող միջոցառումներ իրականացնելուն, ներգաղթը խթանելուն և արտագաղթը կանխելուն, կենսաթոշակի և նպաստի բարձրացում ապահովելուն»,- ասաց Կյուրեղյանը:
 
Նրա խոսքով` այդ ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ է ժողովրդի քվեն ու վստահությունը:
 
Կյուրեղյանը նշեց, որ իրենք միշտ խոսել են կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտության մասին և, ունենալով քիչ մանդատներ ԱԺ-ում և մի քանի պորտֆելներ կառավարությունում, կարողացան հասնել այդ համակարգի փոփոխությանը:
 
«Ունենալով ավելի շատ քվեներ` մենք հաստատ կարողանալու ենք երկրում իրականացնել սոցիալական արդարություն, նպաստել սոցիալական պետության կայացմանը: Վստահեք ՀՅԴ-ին, այն կուսակցությանը, որը երբեք չի ասել մի բան և արել այլ բան, միշտ հետևողական է առաջ քայլել` իր ծրագրերն իրականացնելու համար: Նայեք մեր ցուցակներին և համեմատեք այլ ցուցակների կազմի հետ: Մենք ունենք կուսակցություն, որն իր ցուցակում ներառել է կառավարության բոլոր անդամներին, քանի որ այլ անձինք չունի: Նայեք նրանց ցուցակին և կտեսնեք, որ այդ նույն անկարող թիմը, որն այսօր ոչինչ չի կարողանում անել և քարոզարշավին իր ծրագրերով դուրս գալու փոխարեն դուրս է եկել սև ու սպիտակի պայքարի, քանի որ առաջակելու ոչինչ չունի»,- ասաց Կյուրեղյանը` հավելելով, որ Դաշնակցությունն առաջարկում է կոնկրետ ծրագրեր ու կոնկրետ լուծումներ և այդ ամենն իրականացնող հզոր թիմ: