կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-19 16:32
Սպորտ

Սուսերամարտ. ազգությամբ հայ մարզիկը արծաթե մեդալ է նվաճել Ֆրանսիայի հավաքականի կազմում

Սուսերամարտ. ազգությամբ հայ մարզիկը արծաթե մեդալ է նվաճել Ֆրանսիայի հավաքականի կազմում

Երևանում ընթացող սուսերամարտի` մինչև 23 տարեկանների  Եվրոպայի առաջնությունում  Հայաստանը ներկայացնող մարզիկներին դեռևս չի հաջողվել մեդալ նվաճել, բայց հայկական ամրատներ ունեցող մեկ մարզիկ արդեն իսկ բարձրացել է  պատվո պատվանադանին: Թրասուսեր զենքաձևի Ֆրանսիայի հավաքականի կազմում էր ընդգրկված  Ջին Ֆիլիպ Պատրիկ Արզումանյանը, ով իր ընտրանու կազմում թիմային պայքարում նվաճեց արծաթե մեդալ:  Եվրոպայի առաջնության մամուլի ծառայության հետ զրույցում Պատրիկը նշել է, որ իր համար երազանք էր հաղթել հենց իր հայրենիքում, և որ իր պապերի հայրենի հողի վրա մրցելն  իրեն ավելի ուժեղ է դարձրել  յուրաքանչյուր մրցելույթից առաջ։ 
 
«Ես հայ եմ մորս կողմից, թեև ծնվել եմ Ֆրանսիայում։ Պապերս եղել են Արևմտյան Հայաստանից։ Նրանց ցեղասպանել են։ Մեր ազգանունը Արզումանյան է։ Առաջին անգամ է, որ Հայաստանում եմ, բայց սա իսկապես հրաշալի պահ ու զգացողություն է, որը չեմ կարող բառերով նկարագրել, չէ՞ որ սա իմ մոր հայրենիքն է, այստեղ ապրել են իմ ազգակիցները։ Ցավում եմ, որ հայերեն չգիտեմ, մայրս որոշ բառեր հիշում է, բայց` ոչ լիարժեք, սակայն նա երբեք չի մոռացել իր արմատների մասին»,- ասել է մարզիկը:  
 
 Ջին Ֆիլիպ Պատրիկ Արզումանյանը նաև ընդգծել է, որ գուցե մի օր կրկին վերադառնա Հայաստան, բայց արդեն ընտանիքի հետ: