Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը քիչ հավանական է համարում, որ խորհրդարանի վաղվա նիստը, որի ընթացքում պիտի քննարկվի վարչապետի թեկնածուի հարցը, արտագնա լինի: Այս մասին նա ասաց ԱԺ ճեպազրույցների ժամին:
«Դա պիտի Ազգային ժողովի որոշմամբ տեղի ունենա, և ես այդպիսի որոշման նախագծից տեղյակ չեմ, դրա համար Ազգային ժողովը պետք է հավաքվի, որ որոշում կայացնի: Չեմ կարծում, որ տեղը կփոխվի, Ազգային ժողովն իր տեղում է, ոչինչ չի կարող խոչընդոտել այդ նիստի գումարմանը»,- ասաց Ռուստամյանը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի մասնակիցները հայտարարել են, որ վաղը շրջափակելու են խորհրդարանի շենքը և թույլ չեն տալու պատգամավորներին` գնալ քվեարկության:
«Գրեթե անհնար եմ համարում, որ վաղվա նիստը տեղի չունենա, տեղի է ունենալու` մեր մասնակցությամբ: Կգա ժամանակը, կտեսնեք` այն քայլերը, որոնք ուղղված են հակաօրինական բան պահանջելուն, այդ պահանջողներն են հայտնվում խոցելի վիճակում: Եթե այդպես էր, թող Ազգային ժողովը շրջափակեին առաջին նիստի օրը: Ազգային ժողովը եթե լեգիտիմ է, պատգամավորներն էլ պիտի իրենց իրավունքը կատարեն»,- ասաց նա:
Դիտարկմանը` ժողովուրդը պահանջում է, որ մանդատները վայր դնեն, Արմեն Ռուստամյանն արձագանքեց` 3 հոգի հավաքվում են, ասում են՝ ժողովուրդ: «Այս բառը հերիք է` շատ հեշտ ու հանգիստ օգտագործեն: Ամեն մեկն իր կամքը դնում է ժողովրդի վրա ու պահանջում, որ իմ կամքն ընդունեն` որպես ժողովրդի ասած: Եթե այդպիսի մարդիկ գան իշխանության, ավելի վտանգավոր կլինի, քանի որ նրանք արդեն ուզուրպացնում են իշխանությունը: Այդ ո՞նց որոշեցիք, որ ժողովուրդը իշխանությունը տվել է ձեզ»,- ասաց պատգամավորը:
Հարցին` եթե, այնուամենայնիվ, շրջափակեն ԱԺ շենքը, ի՞նչ է անելու, պատասխանեց. «Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի խոչընդոտները հաղթահարեմ: Եթե իմ դեմ դուրս գան անօրինական մեթոդներով, ես ունեմ իմ օրինական իրավունքները, որոնք պիտի պաշտպանեմ: Դա պիտի անի, իհարկե, ոստիկանությունը: Եթե, օրինակ, մեկը գա, փողոցում ձեզ ապտակի, ի՞նչ պիտի անեք: Ես ենթադրում եմ, որ առնվազն կապտակեմ, ու կստացվի` ե՞ս եմ ապտակել, ո'չ, նա է ապտակել, պատասխանը ստացել է` ապտակին՝ ապտակ, բռունցքին՝ բռունցք: Բա ես պիտի սուս կանգնե՞մ, ինձ գան, քաշքշե՞ն, ասեն՝ մի' մտի՞: Ես կգտնեմ իմ արձագանքը»:
Հարցին՝ անկախ նրանից, թե ո՞վ կլինի կանգնած իր դիմաց, նույնիսկ` պատգամավո՞ր, Ռուստամյանն արձագանքեց. «Ի՞նչ կապ ունի՝ ով է դիմացս, դա իմ իրավունքն է, ձեր իրավունքն էլ է: Ձեզ էլ եմ կոչ անում՝ թույլ մի' տվեք, որ որևէ մեկը ձեզ հանիրավի վիրավորի»:
Նա նաև հավելեց, որ ԱԺ-ում են հատուկ նիստը գումարելու, որովհետև, ի վերջո, վարչապետը ծնվում է ԱԺ-ից: Ինչ վերաբերում է ՀՀԿ խորհրդի նիստը Ծաղկաձորում անցկացնելուն, ապա պատգամավորն ասաց, որ դա գաղտնի չի արվել, արդեն իսկ ավելի վաղ հայտարարվել էր, որ գործադիր մարմինը խորհրդին առաջադրելու էր Սերժ Սարգսյանի թեկնածությունը: