Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում հակակոռուպցիոն պայքարի հանձնաժողովի ստեղծման հարցի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ելույթ ունեցավ և նշեց, որ կոռուպցիան ընդհանրապես կվերանա, եթե կառավարումը լինի արդյունավետ, առանց թերությունների, որևէ մեկի մոտ կասկած չհարուցեն օրենքների և որոշումների ընդունման օբյեկտիվությունն ու անաչառությունը, այդ դեպքում, ըստ նրա, կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ մարմին ստեղծելու կարիքն էլ չի լինի: Նրա խոսքով՝ սակայն դա այդպես չէ, և կարիք կա ստեղծելու մի մարմին, որը կողքից այդ ամենը կվերահսկի, կվերլուծի և վեր կհանի:
«Մենք ընդունում ենք, որ կառավարման համակարգի մեջ կան լուրջ խնդիրներ, կառավարման համակարգը կաղում է և չունի հասարակության վստահությունը: Վստահությունն ընդհանրապես պետական մարմինների նկատմամբ, իշխանական օղակների նկատմամբ, դրա գործունեության նկատմամբ ծայրաստիճան ցածր մակարդակի վրա է»,- ասաց Ռուստամյանը:
Պատգամավորը կարծիք հայտնեց, որ սա ունիվերսալ մարմին է, ստեղծվում է ոչ թե անկախ, այլ ինքնավար մարմին: Նա նշեց` եթե ստեղծվում է ինքնավար մարմին, ապա գլխավոր հարցը պետք է լինի վստահության առաջացումը, որովհետև երբեք մենք չենք հաջողել հակակոռուպցիոն պայքարը տեղ հասցնել, որովհետև հասարակության մոտ չի առաջացել վստահություն այդ պայքարի նկատմամբ:
Ռուստամյանը նաև անդրադարձավ ընդդիմության հարցին և նշեց, որ միշտ էլ կարելի է ասել, որ ընդդիմության ներկայացվածությունը չեզոքության հետ խնդիրներ է առաջացնում: «Բայց եթե համաձայնում ենք, որ հանձնաժողովի կազմում իրավունք չունի ընդդիմության նեկայացուցիչ լինելու, մրցույթ անցկացնելու հանձնաժողովի մեջ ինչո՞ւ պետք է ընդդիմությունը ներկայացվածություն չունենա: Եթե ինքնավար մարմին չլիներ, այլ լիներ անկախ մարմին, ես կառաջարկեի 3/5 տոկոսով մասնակցություն ունենա ընդդիմությունը»,- ընդգծեց նա, ապա հավելեց՝ պետք է հնարավորություն տրվի ընդդիմությանը, որ գոնե մի տեղ ներկայացվածություն ունենա:
Ռուստամյանը նաև առաջարկեց, որ այդ մարմինը կոչվի ոչ թե հակակոռուպցիոն պայքարի հանձնաժողով, այլ հակակոռուպցիոն պայքարի ինքնավար մարմին: Նա նշեց, որ ժողովուրդը հոգնել է «հանձնաժողով» բառից և չունի այդ հանձնաժողովների նկատմամբ վստահություն: