կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-20 15:16
Քաղաքական

Չենք մասնակցի փոփոխություններին, եթե արմատական համակարգային փոփոխություն տեղի չունենա. Արմեն Ռուստամյան

Չենք մասնակցի փոփոխություններին, եթե արմատական համակարգային փոփոխություն տեղի չունենա. Արմեն Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով սահմանադրական փոփոխությունների հրապարակված հայեցակարգի մասին, ասաց, որ, ըստ նախնական ուսումնասիրության, այն ուղղությունները, որոնցով Դաշնակցությունն առաջարկել է փոփոխություններ, փաստաթղթում հիմնականում որդեգրված են, ուստի կարելի է աշխատել արդեն սահմանադրական փոփոխությունների իրականացման ուղղությամբ:


«Մենք, որպես անհրաժեշտ պայման, ասել էինք, որ չենք մասնակցի փոփոխություններին, եթե իրական արմատական համակարգային փոփոխություն տեղի չունենա, իսկ արմատական համակարգային փոփոխությունը դա անցումն է կառավարման խորհրդարանական համակարգին, ինչն այս հայեցակարգում ամրագրված է: Բայց մենք ունենք մեր մոտեցումները, որոնք հայեցակարգում լիարժեքորեն արտացոլված չեն, այն իմաստով, որ խորհրդարանական համակարգերը տարբեր են լինում, և այն պրոբլեմները, որոնք նշված են հայեցակարգում, մեզ համար ընդունելի են, բայց, լուծումների արդյունավետության հետ կապված, հարցեր ունենք: Մենք աշխատում ենք, որ առավել արդյունավետ լուծումներ առաջարկենք»,- ասաց Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ Դաշնակցությունն առավել լիարժեք կներկայացնի իր կարծիքը հայեցակարգի վերաբերյալ:

 


Ինչ վերաբերում է այն փաստին, որ երկրի նախագահը վեց ամսով հետաձգում է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ իր դիրքորոշման հրապարակումը, պատգամավորը կարծիք հայտնեց, որ չկա դիրքորոշման հետաձգման հարց, որովհետև, ըստ նախագահի հրամանագրի, հստակ նշված է ընթացակարգ, երբ հայեցակարգը ներկայացվում է նախագահի հաստատմանը, նրա կողմից ընդունվելուց հետո վերադարձվում հանձնաժողովին, տասը ամսվա ընթացքում հանձնաժողովը պատրաստում է նախագիծ: Հիմա քաղաքական կոնսուլտացիաների փուլն է:


«Ես չեմ կարծում, թե այստեղ ինչ-որ ճնշումների խնդիր կա, պարզապես ընթացակարգի տրամաբանական շարունակություն կա: Քաղաքական կոնսուլտացիաների ժամանակն է գալիս, ինչը ժամանակ է պահանջում, այնպես որ` ես արտառոց բան չեմ տեսնում այստեղ»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

 

Ըստ պատգամավորի` հայեցակարգը դեռևս հիմնադրույթներն են, կան որոշակի անորոշություններ, հստակ պատասխաններ տալու է նախագիծը: Արմեն Ռուստամյանի խոսքով` հայեցակարգը կարելի է հիմք ընդունել և առավել արդյունավետ լուծումներ առաջարկել: