կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-14 11:49
Աշխարհ

Պատրաստվեք ռազմական, տնտեսական և դիվանագիտական նոր հարվածների. Թրամփի ելույթը` Պենտագոնում․ տեսանյութ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայում ավիահարվածներ հասցնելուց հետո Պենտագոնում ելույթ է ունեցել ՝ բացատրելով այդ քայլին դիմելու պատճառները։

Միջանկյալ հիշեցնենք, որ ԱՄՆ-ը գործողությունն իրականացնում է Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի զինված ուժերի հետ համատեղ։
 
Թրամփն իր ուղերձում հայտարարել է, որ սկսել է Սիրիայում «կետային հարվածներ» հասցնել՝ ի պատասխան Սիրիայի Դումա քաղաքում անցած շաբաթ տեղի ունեցած ենթադրյալ քիմիական հարձակմանը։

«Ես հրամայեցի ԱՄՆ զինված ուժերին` սկսել կետային հարվածներն այն օբյեկտներին, որոնք առնչություն ունեն Սիրիայի բռնապետ Բաշար Ասադի քիմիական զենքի հետ»,- ասել է նա:

Թրամփի խոսքով՝ այդ գործողություններին դիմել են՝ ստեղծելու համար զսպող գործոն քիմիական զենքի արտադրության, տարածման ու գործածման դեմ։

Անդրադառնալով ՌԴ-ին և Իրանին, որոնք աջակցում են Ասադին, ԱՄՆ նախագահը հարց է ուղղել՝  ո՞ր ազգն է ուզում կապ ունենալ անմեղ տղամարդկանց, կանանց ու երեխաների զանգվածային սպանությունների հետ։ Նա շեշտել է, որ ԱՄՆ-ը լավ հարաբերություններ կարող էր ունենալ Ռուսաստանի և Իրանի հետ այն դեպքում, եթե նրանք փոխեին իրենց «մութ ուղու» դիրքորոշումը Սիրիայի հարցում։
Թրամփը նաև խորհուրդ է տվել ՌԴ-ին՝ պատրաստվել ռազմական, տնտեսական ու դիվանագիտական նոր հարվածների։

Ելույթի վերջում ԱՄՆ նախագահը կոչ է արել իր ժողովրդին՝ աղոթել ամերիկացի զինվորների համար։ «Այսօր ես բոլոր ամերիկացիներին խնդրում եմ աղոթել մեր ազնիվ մարտիկների և մեր դաշնակիցների համար, քանի որ նրանք իրականացնում են իրենց առաքելությունները: Մենք աղոթում ենք, որ Աստված հանգստություն տա Սիրիայում տառապողներին: Մենք աղոթում ենք, որ Աստված ամբողջ տարածաշրջանը ուղեկցի դեպի խաղաղություն՝ արժանապատիվ ապագայով։ Եվ մենք աղոթում ենք, որ Աստված շարունակի պահպանել և օրհնել Ամերիկայի Միացյալ Նահանգները»,- ելույթը եզրափակել է Թրամփը։

Նշենք, որ Թրամփն իր ուղերձը տարածել է նաև թվիթերյան էջում։