կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-09 13:00
Հասարակություն

Ուզում եմ արժանին մատուցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական հեռատեսությանը. Արմեն Սարգսյան

Ուզում եմ արժանին մատուցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական հեռատեսությանը. Արմեն Սարգսյան

Տեղեկացրել էինք, որ ՀՀ նախագահի երդման հանդիսավոր արարողության և պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ՀՀ Սահմանադրության համաձայն, հրավիրվել է ԱԺ հատուկ նիստ, որը տեղի է ունենում Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Արմեն Սարգսյանը ելույթում մասնավորապես նշեց. «Ես գնահատում եմ այն վիթխարի աշխատանքը, որ վերջին 3 տասնամյակների ընթացքում կատարվել է ՀՀ երեք նախագահների օրոք: Ժամանակը, իհարկե, լիակատար գնահատական կտա մեր անցած ուղուն, սակայն այսօր կարելի է ամենայն անաչառությամբ ասել՝ ԽՍՀՄ փլուզման, Սպիտակի ավերիչ երկրաշարժի, Արցախի գոյամարտի, քայքայված տնտեսության պայմաններում, այնուամենայնիվ, մեզ հաջողվեց ստեղծել պետական կուռ համակարգով, բաց հասարակության գաղափարով և համամարդկային արժեքներով առաջնորդվող երկիր, երկիր, որը վայելում է համաշխարհային հանրության հարգանքը:

ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին և ԵՄ-ի հետ ստորագրված գործընկերության համաձայնագիրը երկրի զարգացման համար նոր հեռանկարներ, հնարավորություններ է բացում, իսկ կառավարման խորհրդարական համակարգը լավագույն պայմաններ է ստեղծում դրա համար: Այս առումով՝ ես ուզում եմ արժանին մատուցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական հեռատեսությանը և պետական գործչի ու կազմակերպչի հմտությանը:  

Հայ ժողովրդի հերոսական անցյալն ու փորձը ցույց են տալիս, որ մեր պատմությունն առավելապես ոգու պատմություն է: Առանց այդ ոգու և հավատի մենք չէինք կարող խոր անցյալից հասնել մինչև մեր օրեր: Մենք եղել ենք արդի համամարդկային արժեքների ակունքներում:  

Ժամանակային ու տարածականության այդ տիրույթներում մենք տարբեր ժողովուրդների հետ համերաշխ համակեցության անգնատահելի փորձ ենք ձեռք բերել ու մեր պատմությամբ ապացուցել, որ արարող, ստեղծագործ, հաշտ ու խաղաղ ժողովուրդ ենք: Ահա թե ինչու Հայաստանը հետևողականորեն առաջ է տանում բոլոր հակամարտությունները  խաղաղ և բանակցային ճանապարհով լուծելու քաղաքականությունը, առաջ է տանում ցեղասպանությունները և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները կանխարգելելու քաղաքականությունը: Այն մեծ ողբերգությունը, որ հայ ժողովուրդը ապրել է 100 տարի առաջ՝ Մեծ եղեռնի տարիներին, զգոնության դաս պետք է լինի բոլորի համար: Ուստի այսօր Ցեղասպանության ճանաչումն ինքնանպատակ չէ, մարդկության դեմ գործած այդ ոճրի` միջազգայնորեն ընդունումն ու դատապարտումը կարևոր քայլ է դրա կրկնությունը որևէ տեղ աշխարհում բացառելու նպատակով:

Մեր առաջնահերթություններից մեկը պետք է լինի Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության համակողմանի ամրապնդումը: Մեր ազգային ամրապնդման գրավականն ու հենարանը եկեղեցին է՝ համաշխարհային ազգային մի կառույց, որի շուրջ դարեր ի վեր համախմբվել է մեր ժողովուրդը: Պետք է անենք ամեն բան արհեստական հակասությունների վերացման և մեր հավաքական ուժի գիտակցման ուղղությամբ:

Հավատ, վստահություն, արդարություն և ամենօրյա բարեխիղճ աշխատանք՝ այս արժեքներն են, որ կարող են խթանել մեր հասարակության ստեղծագործական ուժերն ու եռանդը: Տնտեսության ակտիվացման հստակ տեսլականն ու դրա շոշափելի արդյունքները կարող են ոչ միայն խթանել տնտեսական աճը, այլև արգելակել արտագաղթն ու հայրենիք վերադարձնել շատերին: 

Պետք է ներդրումներ արվեն գիտության, կրթության և մշակույթի ոլորտում: Վստահ եմ, որ մենք ի վիճակի ենք Հայաստանը դարձնել գրավիչ գործընկեր: Վստահեցնում եմ երիտասարդներին, որ ես միշտ լինելու եմ նրանց կողքին: 

Կերտելու ենք նոր Հայաստան, հայրենիք աշխարհի բոլոր հայության համար»: