կարևոր
5707 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-08 11:22
Հասարակություն

Ճակատագրական օրերին չեզոք դիրք բռնող գրողներն ինչ-որ տեղ այս ամենին արժանին են. գրողները՝ ՀԳՄ շենքի ճակատագրի մասին

Ճակատագրական օրերին չեզոք դիրք բռնող գրողներն ինչ-որ տեղ այս ամենին արժանին են. գրողները՝ ՀԳՄ շենքի ճակատագրի մասին

Իշխանությունները մտադիր են պետականացնել Գրողների միության և Նկարիչների միության շենքերը։ Գլխավոր դատախազությունը դատական հայց է ներկայացրել Կադաստրի կոմիտեի դեմ և պահանջում է անվավեր ճանաչել Գրողների միությանը և Նկարիչների միությանը տրված սեփականության իրավունքը միությունների շենքերի նկատմամբ։

Վերոնշյալ հարցի շուրջ Yerkir.am-ը զրուցել է Հայաստանի գրողների միության անդամներ, գրողներ Սպարտակ Ղարաբաղցյանի և Դավիթ Սարգսյանի հետ։ 

Գրող, պատմաբան Սպարտակ Ղարաբաղցյանը կարծում է, որ այս ամենը  մշակույթի դեմ արշավի է նման, և ՀԳՄ-ի դեմ իրականացվողը դրա մի օղակն է։ 

«Մի ժամանակ հուշարձանների դեմ էին կռվում, հիմա՝  շենքերի։ Գրողների միության շենքն իր պատմությունն ու ավանդույթն ունի, այնտեղից հեղինակավոր մարդիկ են ելումուտ արել, հենց այնպես շենքը պետականացնելը միանշանակ սխալ որոշում է»,- ասաց գրողը։

Ովքե՞ր են մեղավորները: Ըստ Սպարտակ Ղարաբաղցյանի՝ համընդհանուր  կրավորական կեցվածի բերմամբ է, որ այս օրին ենք հասել։

«Ի վերջո՝ վիշապի դեմ միայնակ պայքարել չես կարող, բոլոր ստեղծագործական միությունները պետք է միասնական կարծիք արտահայտեն, ոչ թե ամեն մեկն առանձին իր դիրքորոշումը հայտնի։ Սա ոչ միայն գրողի, այլև ժողովրդի պայքարը պետք է դառնա, որովհետև այդ ամենը պատկանում է ժողովրդին»,- նշեց նա։ 

Գրող, հրապարակախոս Դավիթ Սարգսյանը առավել պատկերավոր է ներկայացնում իրավիճակը. «Ես չգիտեմ,  թե ինչ են նախատեսում անել Գրողների միության շենքը պետականացնելուց հետո, միգուցե Ադրբեջանը ցանկանում է այնտեղ դեսպանատու՞ն բացել, որովհետև մեր երկրում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ այն, ինչ ազգային է, ժողովրդական է, ուրեմն «դատապարտված է»։

Հրապարակախոսը կարծում է, որ ինչ-որ տեղ գրողներն այս ամենին արժանի են, քանի որ, երբ Հայաստանում մի շարք կարևորագույն, ճակատագրական իրադարձություններ էին տեղի ունենում, նրանք  այդ ժամանակ չեզոք դիրքում էին։

«Խոնարհաբար ընդունեցին շատ իրողություններ, դրա համար էլ այսպես ստացվեց (բացառությամբ մի քանի գրողի)։ Ես սպասում էի, որ գրողները կունենան իրենց հավաքական տեսակետն այն հարցերի շուրջ, որոնք հայ ժողովրդին ի նպաստ  չեն։ Սիլվա Կապուտիկյանի, Սերո Խանզադյանի, Պարույր Սևակի ժամանակաշրջանում ես տեսել եմ նրանց ընդվզումները սոցիալական, քաղաքական, ազգային հարցերում»,-նշում է գրողը։

Ի՞նչ է սպասվում գրողներին, եթե շենքը խլվի նրանցից կամ տեղափոխվի։ Դավիթ Սարգսյանը փաստում է՝ շենքը կառուցվել է գրողների միջոցներով, գրողների հոնորարների մասնահանումների շնորհիվ։ Ես չեմ կարծում, որ այս ամենը միամտորեն, ինչ-որ պետական գրանցման, սեփականաշնորհման, վկայականների հետ է կապված կամ փաստաթղթային սխալների հետևանքով է բարձրացվել. սրա ենթատեքստում կան շենքի հետ կապված լուրջ խնդիրներ։ 

- Պարո՛ն Սարգսյան, ի՞նչ կսպասվի մնացած ստեղծագործական միությունների շենքերին։ 

- Հաջորդիվ թող նախապատրաստվեն այն ստեղծագործական միությունները, որոնք ունեն փառահեղ շենքեր քաղաքի կենտրոնում։ Գիտեք, երբ մարդիկ ոչինչ չեն կարողանում  ստեղծել, փորձում են այլոց ստեղծածը խլել։ Սա  նաև տարբեր մակարդակների մշակութային և հակամշակութային կռիվ է։ Նույնը տեղի է ունենում մեր երկրի ներսում. մարդիկ, ովքեր ոչինչ չեն ստեղծում, ցանկանում են յուրացնել ուրիշների ստեղծածը։ 

-Ինչպե՞ս եք վերաբերվում Գլխավոր դատախազության որոշմանը։ 

-Միանշանակ վատ, ի՞նչ է նշանակում՝ սխալ գրանցում է արված, ուրեմն՝ շտկեք սխալը, ի վերջո  այդ շենքը կառուցվել է նաև անհատ գրողների նվիրատվություններով,  օրինակ՝ Ավետիք Իսահակյանը, Վախթանգ Անանյանը մեծ գումարներ են ներդրել, չի՛ կարելի այսպես վարվել, այս ամենը միանշանակ անարդար է։ Ոչ միայն անտրամաբանական  է, այլև՝ սեփականության իրավունքների հանդեպ լրջագույն ոտնձգություն է։ Հիմա կա այն վայրը, որտեղ հավաքվում են գրողները, քննարկումներ անում, լավ թե վատ, կարծիքներ փոխանակում, այն Գրողների միության շենքն է, որը համախմբում է գրողներին, և եթե շենքը  հանկարծ վերցվի, ես չեմ ասում պետականացվի, և գրողներին վտարեն շենքից, դա կլինի աշխարհում աննախադեպ իրողություն։ 

Այլ քաղաքակիրթ, ժողովրդավար, բաստիոնի հավակնորդ երկրներում գրողների համար պետությունը շենք է կառուցում և նվիրում, այլ ոչ թե մեր իրականության նման թատրոններ փակում, դասագրքեր պղծում, ստեղծագործական միությունների շենքերի պատկանելիությունը կասկածի տակ դնում և այլն։

-Արդյո՞ք ժողովուրդն այս պարագայում պետք է գրողների կողքին լինի։

-Երբ ասում են, որ ժողովուրդը պետք է գրողների կողքին կանգնի, ես մտածում եմ, իսկ գրողները նույն կերպ վարվեցի՞ն, երբ Հայաստանում լրջագույն իրադարձություններ տեղի ունեցան։ Եվ հետո մենք մեր ժողովրդին անընդհատ  փնովում ենք, նսեմացնում ենք, պիտակավորում ենք, բայց մեր ժողովուրդը շատ լավն է, միամիտ, համբերատար, դյուրահավատ։ Այս ժողովրդին կազմակերպել է անհրաժեշտ, քանզի նույն ժողովրդին 30 տարի առաջ ասացին՝ դիմացե՛ք ցրտին, սովին, հետո ասացին՝ ըմբռնումով մոտեցեք՝ մոտեցան, ասացին՝ գոտիները ձգեք, ձգեցին, ի՞նչ են ուզում ժողովրդից, կազմակերպեք և տեսեք, որ հիանալի ազգ ենք, մենք համախմբման կարիք ունենք։

 

Անժելա Սեդրակյան