|
Փոխարժեքներ
14 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանի ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:
Հիմնական զեկույցով հանդես եկավ պատգամավորը և նշեց, որ նախագծով առաջարկվում է առանց զույգ համարանիշների առկայության տրանսպորտային միջոց վարելու համար վարորդին տուգանել 200 հազար դրամով, իսկ մեկի բացակայության դեպքում՝ 100 հազար դրամով:
ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք հնարավոր չէ, որ մեկ համարանիշի բացակայությունը դիտավորությամբ չլինի, ու գուցե այդ դեպքում վարորդին 100 հազար դրամով չտուգանեն: «Եթե անմեղության կանխավարկած կա, կարծում եմ՝ ընդհանրապես տուգանք կիրառելը ճիշտ չէ»,- նշեց նա:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանն էլ չհամաձայնեց գործընկերների հետ՝ պնդելով, որ նրանց ասածը՝ պարզել, թե մեկ համարի բացակայությունը դիտավորությո՞ւն է, թե՞ ոչ, գործնականում անհնար է: «Շատ անորոշ բանի մասին եք խոսում, երկրորդ՝ դաժան բաներ եք ասում: Այդ 100 կամ 200 հազարը հե՞շտ է տուգանքի չափի մեջ մտցնել: Մի քիչ իջեցրեք էդ թվերը: Հիմա` եթե համարը պատահաբար ընկել է, ի՞նչ անես, գնաս 100 կամ 200 հազար տա՞ս: Թեկուզ դիտավորություն լինի՝ 200 հազարն ի՞նչ թիվ է»,- ասաց նա:
Բաբուխանյանն էլ նշեց, որ գործող օրենքում 200 հազար դրամը տուգանքի ստանդարտ չափ է համարանիշի բացակայության համար՝ անկախ նրանից` մեկն է բացակայում, թե` երկուսը: «Եթե մի համարը չկա, ու ակնհայտ է, որ վարորդն այն ոչ միտումնավոր է կորցրել, պետք է տարբերակում լինի, իսկ օրենքում ուղիղ և պարզ պետք է նշված լինի, որ եթե ոստիկանը տեսնում է՝ մարդն ի վիճակի չէր այդ խախտումն ուղղել, ապա չպետք է տուգանվի»,- ասաց նա:
Բաբուխանյանը նաև նշեց, որ մեկ համարանիշի կորստի դեպքում սահմանված պատիժը անհամաչափ խիստ է և այն պետք է նվազեցվի:
Նա առաջարկում է նաև տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելու համար նախատեսված տուգանքի չափն ավելացնել, օրենքում հատուկ նշել ծխախոտը նետելու հանգամանքը, և տուգանքի չափը հնգապատիկից դարձնել տասնապատիկ՝ սահմանելով 10 000 դրամ:
Նշենք, որ այս պահին նախատեսված է 5000 դրամ տուգանքի չափ:
ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը հայտնեց, որ կառավարությունը դեմ է այս առաջարկին, որովհետև դա հանգեցնելու է վարչական բեռի ավելացման:
Պատգամավորի հաջորդ առաջարկը վերաբերում էր գիշերային ժամերին ձայնային անտեղի ազդանշանների կիրառմանը: Նա առաջարկում է կրկնապատկել սահմանված տուգանքի չափը: «Օրինակ` գիշերը ժամը 3-ին Բաղրամյան պողոտայում մոտ 10 երիտասարդ որոշել էին պարել ու բարձր երաժշտություն էին միացրել: Ոստիկանություն դիմեցի, ասում եմ՝ հարգելի' ոստիկանություն, ի՞նչ է հնարավոր անել, ոստիկանությունն ասում է՝ ճիշտն ասած, ոչ մի բան հնարավոր չէ անել: Եթե անգամ, նրանց բերման ենթարկեն, պիտի նախազգուշացնեն, ասեն` գնա, բայց գոնե 10 000 դրամ այդ մարդկանց չտուգանե՞ն»,- ասաց Բաբուխանյանը:
Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն առաջարկեց Բաբուխանյանին և կառավարությանը` միասին աշխատել նախագծի լրամշակման վրա և ներկայացնել համաձայնեցված տարբերակ:
Կողմերը համաձայնեցին, հարցի քննարկումը հետաձգվեց:
Նշենք, որ հանձնաժողովի նիստում պետք է քննարկվեր նաև «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը, սակայն հիմնական զեկուցող` «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը չէր ներկայացել: Այս հարցի քննարկումը ևս հետաձգվեց: