Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխարհի 37 երկրի 1250 մտավորականներ արշավ են սկսել՝ ի պաշտպանություն Թուրքիայի Բողազիչի (Բոսֆոր) համալսարանի ուսանողների, ովքեր ձերբակալվել էին Աֆրինում Թուրքիայի գործողությունների դեմ բողոքելու համար։
Ըստ Ermenihaber-ի՝ արշավի մասնակիցներից են աշխարհահռչակ լեզվաբան, փիլիսոփա և գրող Նոամ Չոմսկին (Խոմսկի), կին փիլիսոփա Ջուդիթ Բոաթլերը, հասարակական գործիչ Դեյվիդ Գրեբերը, կենսաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Էրիկ Վիշաուսը և այլք։ Նրանք նամակ են հղել Նյու Յորքում և Վաշինգտոնում գտնվող` Թուրքիայի հյուպատոսարաններին, ՄԱԿ-ին, Եվրամիության պաշտոնյաներին, ինչպես նաև Բողազիչի համալսարանի ռեկտորին, որում կոչ են արել ազատ արձակել ուսանողներին։ Նամակում մտավորականները խոստացել են իրենց ձեռքի տակ եղած բոլոր լծակներով, այդ թվում` սեփական հնարավորություններով աջակցել ուսանողներին։
Ավելի վաղ բրիտանական Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հրատապ արշավ էր սկսել՝ ի պաշտպանություն Թուրքիայում ձերբակալված ուսանողների։
Հիշեցնենք, որ մարտի 19-ին Բողազիչի համալսարանում մի խումբ ուսանողներ քաղցրավենիք (լոխում) էին բաժանել՝ ի պատիվ Աֆրինում թուրքական ուժերի հաղթանակի։ Այդ երևույթից վրդովված մեկ այլ խումբ ուսանողներ բողոքել էին նման քայլի դեմ՝ հայտարարելով, որ բռնազավթման և կոտորածի պատվին լոխում բաժանել չի կարելի։
Միջադեպից օրեր անց ելույթ ունեցած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ այդ ուսանողները ահաբեկիչներ են, և նրանք կհեռացվեն համալսարանից։ Մարտի 22-23-ը Աֆրինի գործողությունների դեմ բողոքած ուսանողները ձերբակալվել էին։