կարևոր
4987 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-02 14:01
Հասարակություն

Խորհրդանիշների փոփոխությունը՝ անցյալից ու հայկականությունից կտրելու միտում. մտավորականների արձագանքը

Խորհրդանիշների փոփոխությունը՝ անցյալից ու հայկականությունից կտրելու միտում. մտավորականների արձագանքը

ՀՀ ներկայիս իշխանությունն իր ընդունած աննախադեպ որոշումներով դարձել է անգերազանցելի: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր տելեգրամյան էջում խոսել է  զինանշանի  և  պետական օրհներգի փոփոխության մասին։ Վերջինս նշել է,  որ  այդ փոփոխությունը վաղ թե ուշ պետք է լինի, և այն պետք է կապ ունենա մեր հայկականության հետ։ Ալեն Սիմոնյանը զինանշանի վրա պատկերված առյուծի համեմատություն ֆեսբուքյան սմայլի հետ, օրհներգում հայկական երաժշտության բացակայություն. ահա ինչպես է բնութագրում ԱԺ նախագահը սահամանադրությամբ ամրագրված երկու կարորագույն խորհրդանիշները։

Ազատամարտիկ, մասնագիտությամբ պատմաբան Թաթուլ Հարութունյանը նախաձեռնության մեջ տեսնում է հայ ժողովրդին արմատից և հայկականությունից  կտրելու միտում.

«Օրհներգը յուրաքանչյուր պետության այցեքարտերից մեկն է, նույնիսկ օրհներգը և դրոշը կարելի է համարել ծնողներ»,- նշում է ազատամարտիկը։

Թաթուլ Հարութունյանի խոսքերով՝ աշխարհում չկա մի այնպիսի նախադեպ, երբ նույնիսկ հանրաքվեի միջոցով օրհներգ են փոփոխում։ Վերջինս օրինակ է բերում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը և նշում, որ բոլոր ժամանկներում վերջինս անդավաճան մնաց իր օրհներգին։ Նրա մեկնաբանությամբ՝ լավի կամ վատի մասին խոսք լինել չի կարող, օրհներգը որևէ մեկի քիմքին դուր գալու համար չի, որ ստեղծվում է. այն  արտահայտում  է մեզ ու մեր անցած ուղին։

«Ինչպե՞ս կարելի է փոփոխել օրհներգը. դրա հիման վրա ստեղծվել է Հայաստանի Առաջին  Հանրապետությունը, մարդիկ  օրհներգը շուրթերին գնացել են զոհվելու: Եթե երեխային հարց տաս օրհներգի մասին՝ նա չի ասի,  որ այն վատն է, քանի որ լսել է մանկուց»,- նշում է Թաթուլ Հարութունյանը։

Զինանշանի մասով առաջարկվող փոփոխությունները ևս հիմնավոր չեն, ազատամարտիկի համար՝ ևս անընդունելի։

«Ներկայիս իշխանության որոշումների շնորհիվ մենք կդառնանք քամուց քշված մի տերև, և կկորցնենք մեր անցյալը, կարծում եմ, որ այդ փոփոխությունները չպետք է թույլատրի մեր առողջ մտավորականությունը»,-  եզրափակեց ազատամարտիկ Թաթուլ Հարութունյանը։

Գրող, ՀՀ մշակույթի նախկին նախարար Ռոլանդ Շառոյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով խնդրին՝ փաստեց.  

«Անցյալը միշտ ներկա է ամենուրեք. մենք գոյատևում ենք ներկայի մեջ մեր ապրած անցյալի հաշվին։ Մեր ազգի բնությունը պղծեցին, մեր աստվածընծա լեռների լույսը ֆոսֆորե հրով հրկիզեցին, մեր զովասարերը մոխիրով պատեցին, մեր անտառներն ու այգիներն այրեցին, հրասայլերով արմատախիլ արեցին ու ճզմեցին թուրքական ոտնահետքերով, մեր խիզախ սրտերը սվինահարեցին, մեր գենին հաշիշ խառնելով մեր գետերն ու լճերը «չայխանա»-ի վերածեցին՝ գորշ ոռնոցներ արձակելով»։

Գրողի  խոսքերով՝ քննարկվող փոփոխությանն այլ մեկնաբանություն հնարավոր չի տալ,  քան խաղ կամ դավաճանություն։ Ըստ նրա՝ մեր կյանքը հիմա ավելի կլոր է, քան երկրագունդը, և եթե մի օր գլխապտույտ ունենանք, կամ ընկնենք-մեռնենք, չմոռանանք վերջին շնչում ասել՝  «նախկիններն են մեղավոր»։

Կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանն արդեն չի զարմանում քննարկվող որոշումներից.  

«Արարատ սարը փոխարինում են Արագածով, հիմա էլ հերթը հասել է զինանշանին և օրհներգին, և այս ամենի վերջի կարծես չի երևում»։

Գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանի խոսքերով՝ մենք շատ գործեր ունենք, որոնք կարելի է դարձնել օրհներգ. նրա խոսքերով՝ լավագույն տարբերակներից մեկը կարելի է համարել Չարենցի՝  «Ես իմ անուշ Հայաստանի»  բանաստեղծությունը։

«Օրհներգի փոփոխության համար գիտակ մարդկանց խումբ է պետք, որն իր աշխատանքը կներկայացնի հանրությանը, առաջ կբերվեն լավագույն տարբերակները՝ թե խոսքերի, թե երաժշտության»,-  նշում է  գրողը։

Նրա խոսքերով՝ օրհներգի պարագայում շատ կարևոր  է տեքստը, որի խոսքերը պետք է լինի ոգեշնչոող։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության  օրհներգը սահմանված է օրենքով: Երգն  առաջին անգամ հնչել է 1885 թվականի մարտի 15-ին՝ հանդիսանալով Թիֆլիսի «Արծրունի» թատրոնում կայացած հայ առաջին քառաձայն համերգի առաջին երգը։ Հետագայում այն մշակել է Բարսեղ Կանաչյանը։  «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» գործող օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին։

 

 

Սյուզի Դավթյան

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ,

կուլտուրայի ֆակուլտետ,

լրագրության բաժին, 3-րդ կուրս