կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-22 11:02
Տարածաշրջան

Թուրք մտավորականների նախազգուշական ուղերձը` Էրդողանի ռեժիմին

Թուրք մտավորականների նախազգուշական ուղերձը` Էրդողանի ռեժիմին

Մի խումբ հայտնի թուրք մտավորականներ ու լրագրողներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմի հասցեին խիստ քննադատություններ պարունակող հայտարարություն են ստորագրել. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Ըստ թուրքական Cumhuriyet ընդդիմադիր թերթի կայքի` «Զգուշացում Էրդողանի ռեժիմին. հերիք է արդեն» վերնագրով հայտարարության տակ ստորագրած անձանց շարքում կան այնպիսի անվանիներ, ինչպիսիք են գրող, հրապարակախոս Բասքըն Օրանը, գրող, լրագրող Հասան Ջեմալը, մտավորականներ Զեյնեփ Թունբայը, Ֆիքրեթ Բաշքայան և այլք:

Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվել Թուրքիայի քաղաքական ու հասարակական կյանքի բոլոր ոլորտներում Էրդողանի բռնապետական հակումների հետևանքով արմատավորված արատներին:

«Գնալով հաճախակիացող սկանդալները սրբելու և տանելու են բոլոր նրանց ու այն ամենը, ինչ դեռ մնացել է այս երկրում: Էրդողանի ռեժիմը թող չկարծի, որ այդ ամենից դուրս է մնալու»,- ասված է հայտարարության տեքստում:

Հատկապես ուշադրություն է հրավիրվել համալսարանների վրա իշխանությունների գործադրած ճնշմանը ու նշվում է, որ մինչև այս պահը երկրի իշխանություններն արդեն 3 համալսարան հանձնել են պետական կառավարիչներին:

Այնուհետև խոսվում է վերջերս ընդունված` մեջլիսի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրենսդրական փոփոխություններին՝ ուղղված հիմնականում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP-ԺԴԿ) դեմ:

«Խորհրդարանը դատարկվում է: Մեծությամբ 2-րդ ընդդիմադիր կուսակցության (ԺԴԿ) պատգամավորների անձեռնմխելիությունը վերացվել է: Ոստիկանությունը վաղը թակելու է նրանց դռները»,- նշված է հայտարարության է մեջ:

Հայտարարության տեքստից անմասն չի մնացել նաև դատական համակարգում կատարված լայնամասշտաբ կադրային ջարդը, ինչի հետևանքով Էրդողանը համակարգը է լցրել է բացառապես իրեն հավատարիմ մարդկանցով: Ըստ թուրք մտավորականների`հերթը հասել է Սահմանադրական դատարանին, որը թերևս կարողացել է դիմակայել իշխանության հարձակումներին:

Հայտարարության ծավալուն տեքստի մեջ արծարծվել են նաև Թուրքիայի համար  այնպիսի խնդրահարույց թեմաներ, ինչպիսիք են քրդական շրջանների ավերումը, մամուլի ազատության օրհասական վիճակը, լրագրողների, հասարակական կազմակերպությունների հետապնդումները, երկրի չափազանց իսլամականացումն ու բազմաթիվ այլ հարցեր: