կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-02 17:46
Հասարակություն

Վարդապետը հայ մտավորականների աքսորախմբի հետ 7 ամիս է անցկացնում Չանղրիում

Վարդապետը հայ մտավորականների աքսորախմբի հետ 7 ամիս է անցկացնում Չանղրիում

Աղբյուրը՝ armeniangenocide100

Հովհան ծ. վրդ. Կարապետեանի պատմությունը

1888 թ., Պրուսա

Երիտասարդ, աշխույժ, ուսումնական Հովհան ծայրագույն վարդապետ Կարապետեանը 1915-ին հայտնվեց հայ մտավորականների աքսորախմբում: Ավելի քան 7 ամիս անցկացնելով Չանղրիում, Գրիգորիս վարդապետի հետ փորձում էր սարսափի այդ օրերում հույս ու ուժ տալ հայրենակիցներին: 1915-ի ձմեռամուտին այլ հոգևորականների հետ հեռանում է Չանղրիից և հաստատվում Ուշաղում: Մինչև զինադադարի կնքումը նա մնում է այնտեղ, ինչից հետո Հովհան վարդապետը հայրենադարձվում է՝ արժանանալով փառավոր ընդունելության:

 

Ծնած է 22 յունիսի, 1888-ին՝ Պրուսա, որդի՝ Աւետարանական Հայոց Հովիւ պատ. Տիգրան-Ղազարոս Կարապետեանի, աշխարհական անուամբ Ներսէս-Յովհաննէս:  Նխն. կրթութիւնը կ՚ստանայ անդ եւ Պարտիզակ: 1905-ին Ռ. Գօլէճ մտնելով՝ 5 տարի վերջ ընթացաւարտ կ՚՚ըլլայ, յետոյ կ՚ուղեւորի Ամերիկա, ուսումը կատարելոգործելու: Տարի մը Հարդֆորդի, երկու տարի ալ «Եունիըն» (Ն. Եօրք) աստուածաբանական ճեմարաններուն կ՚աշակերտէ եւ վերջինէն B. D վկայականը կ՚ստանայ, նաեւ Գոլոմպիա համալսարանի մէջ մասնաւոր դասընթացքի հետեւելով պսակաւոր կ՚ելլէ M. A վկայականով: Նոյն միջոցին կը վարէ քարտուղարութիւնը Հայկ. Միութեանց կենտրոնական մարմնոյն: Այնուhետեւ ազգին ծառայելու եռանդովը բորբոքուն, կ՚ուխտէ կուսակրօն մնալ եւ 1914-ի գարնան Նոր Աշխարհէն կը հեռանայ դէպ Այրարատ: Յունիս 16–ին վարդապետ կը ձեռնադրուի Բագարատ Եպս. Վարդազարեանէ յԷջմիածին՝ ուրկէ Պօլիս անցնելով, նոյն տարւոյ օգոտս. 27-ին քարոզիչ կը կարգուի Կէտիկ-Փաշայի, միաժամանակ ստանձնելով Ս. Պատրիարք Հօր անձնական քարտուղարութիւնը:


Երիտասարդ, աշխոյժ, ուսումնական, օժտուած բեմբասացի կարողութեամբ (աւելցուցէք Պատրիարքարանի շրջանակին մէջ գտնուողի իր հանգամանքն ալ), ուստի՝ բնական էր, որ զինքն ալ նետէին Հայ մտաւորականներու աքսորախումբին մէջ:

Աւելի քան եօթ ամիս՝ նժդեհի դժնդակ կեանք մը կը բոլորէ Չանղըրիի մէջ, աշխարհական այնքան ազգակիցներու նման, եւ Գրիգորիս վարդապետի հետ կը ջանայ կորով ներշնչել բոլորին, սարսափի այդ անմոռանալի օրերուն, երբ օրը կը լուսնար՝ «բարի»-ն հետը չբերելով եւ իրենց շարքերէն շատեր կը բռնէին Անծանօթի ճամբան: Բախտակից Ֆերիքէոյի Տ. Վարդանի, փաստաբան Գ. Չերազի եւ գրագէտ ուսուցիչ Մ. Շամտանճեանի, որոնք 1915–ի ձմեռնամուտին հեռացան Չաղըրրիէ եւ հաստատուեցան Ուշաղ, մինչեւ զինադադարի կնքում հոն անցունելով նժդեհի 3 սեւ տարիներ, որոնց հետ Յովհան վարդապետ հայրենադարձ եղաւ, արժանանալով փառաւոր ընդունելութեան մը՝ իր թաղին ժողովուրդէն: Քարոզիչ Կէտիկ-Փաշայի եւ Պալաթու, անգամ Կրօն. ժողովի, 20 Յլս.1919-էն մինչեւ 5 Օգոստ. 1920 առաջն. տեղապահ Իզմիր, ծայրադնութեան աստիճան ստացած Զաւէն Ս. Պատրիարքէ: 8 Յնվ. 1921–ին կը մեկնի Ամերիկա, այժմ հովիւ Նիւ Եօրքի Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ: Իր տեսլականն է Հայաստ. Եկեղեցւոյ ամենակենսունակ մէկ պէտքը լրացնել-զարգացեալ եւ ժամանակին ոգւոյն համաձայն պատրաստուած պաշտօնէութիւնը մը հասցնել, որուն համար ուխտած է աշխատիլ:

 

Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան եւ իր հօտին աղէտալի 1915 տարին, Բ. Տպագրութիւն, Թեհրան, 2014, 842 էջ, էջ 32-33: