կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-30 18:58
Քաղաքական

Չպետք է հոգնենք. Կարեն Կարապետյանը` համաչափ զարգացման մասին

Չպետք է հոգնենք. Կարեն Կարապետյանը` համաչափ զարգացման մասին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է «Երկխոսություն տեղական տնտեսական զարգացման շուրջ» թեմայով քննարկմանը, որի շրջանակում տեղի է ունեցել «Տնտեսության զարգացումը համայնքներում» ձեռնարկի շնորհանդեսը:

Ձեռնարկը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից:

Վարչապետը կարևորել է նման միջոցառման անցկացումը՝ նշելով, որ այն համահունչ է տարածքային կառավարման ոլորտում ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը: 

«Մենք բազմիցս ասել ենք, որ պետք է նոր շունչ, նոր որակ հաղորդենք կառավարություն-մարզպետարան-համայնքներ եռաստիճան կառավարմանը: Կառավարչական մակարդակում այսօրվա հրամայականն այն է, որ ղեկավարները լինեն ժամանակակից, կանոնավոր աշխատեն իրենց վրա: Բազմիցս ասել ենք, որ տարածքային համաչափ զարգացումը մեր հանրապետությունում չափազանց կարևոր խնդիր է: Հայաստանի Հանրապետության քաղաքացին, առաջին հերթին, իր հարցերը փորձում է լուծել համայնքում: Ինչպիսի՞ն են համայնքում տրանսպորտի վիճակը, բիզնես միջավայրը, սանիտարական մաքրումը, արդարության ընկալումը, աշխատատեղերի ստեղծումը. հենց սրանով է քաղաքացին գնահատում իշխանության գործունեությունը և իր լավ ու վատ լինելը», - ասել է կառավարության ղեկավարը: 

Կարեն Կարապետյանը նշել է, որ վերջերս Ամերիկյան համալսարանում կազմակերպվել են համապատասխան դասընթացներ ՀՀ մարզպետերի համար, ինչը վկայում է այն մասին, որ համայնքային կառավարիչների հմտությունների զարգացման գործընթացը պետք է լինի շարունակական: 

«Այդ առումով մենք որոշակի քայլեր ենք անում. անցած տարվա վերջ ձևակերպել էինք, թե համայնքները զարգացման ինչպիսի ծրագրեր պետք է ներկայացնեն: Բոլոր համայնքներից ստացել ենք: Բացի դրանից, համայնքները ներկայացրել են բիզնես ծրագրեր, որոնք կարող են բիզնես միջավայրը փոխել և նպաստել աշխատատեղերի ստեղծմանը: Որոշ ծրագրերի արդեն սկսել ենք օժանդակել: Այդ ծրագրերի որակը, ցավոք, հեռու է ժամանակակից պահանջներից: Բայց մենք երբեք չպետք է հոգնենք ու պետք է վստահորեն գնանք այս ուղղությամբ՝ համոզված լինելով, որ վերջում հասնելու ենք կառավարման այն մակարդակին, որն այսօր ՀՀ քաղաքացին մեզանից ակնկալում է, և որն ուղղակի անհրաժեշտ է», - ասել  է վարչապետը: 

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրին, Եվրոպական միությանը, Եվրոպայի խորհրդին, Գերմանական Միջազգային համագործակցության ընկերությանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը, Շվեյցարիայի զարգացման գործակալությանը և մյուս գործընկերներին այս գործընթացում աջակցության և համագործակցության համար: Վարչապետն արդյունավետ աշխատանք է մաղթել միջոցառման մասնակիցներին՝ վստահություն հայտնելով, որ այս քննարկումներն ու մտքերի փոխանակությունը նոր շունչ և մոտեցումներ կբերեն կառավարման ոլորտում: