կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-14 18:53
Հասարակություն

Ցեղասպանության կազմակերպիչներից վրեժ լուծած հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթող կտեղադրվի

Այսօր Երևանի ավագանին միաձայն ընդունեց մայրաքաղաքում Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից վրեժ լուծած հերոս հայորդիների հիշատակը հավերժացնող խորհրդանշական հուշակոթող տեղադրելու նախագիծը: Առաջարկը ներկայացրել են  վրիժառուների ժառանգները: Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը զեկուցեց, որ այն տեղադրվելու է Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում՝ Ալեք Մանուկյան փողոցի և Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան ետնամասին հարող տարածքի կենտրոնական մասում: Հուշակոթողը կկոչվի  «Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված հուշաղբյուր»:

«Վստահեցնում եմ, սա լինելու է պատմական որոշում: Քանի որ Երևանը հավերժի քաղաք է, մենք մեր արժանապատվության զգացումը հավերժորեն փոխանցում ենք մեր սերունդներին, արժանապատվություն, որի կարիքն այսօր մենք պետք է զգանք ողնաշարով, մեր վտանգված արժանապատվությունը պետք է վերականգնենք, և դա՝ ի խորհրդանշումն և ի հիշատակ մեր հայորդիների, որ ապացուցեցին՝ մեր ազգը, հայ ժողովուրդն ունի սեփական ինքնության, սեփական արժանապատվության հանդեպ ներքին խորը պատասխանատվություն: Աշխարհին ապացուցելու ոչինչ չունենք հիմա մենք, արդեն ապացուցվել է մեր արդարամտությունը, արդարադատությունը և արդարադատ վճիռը, մենք հիմա որդեգրելու ենք մեր արժանապատվությունը դարերի համար և մեր արժանապատվությունը՝ որպես մեր ներքին պատասխանատվություն, ինքներս մեր հավիտենական գոյության համար»,- ասաց Կամո Արեյանը:

Քաղաքապետի խորհրդականն ընդգծեց, որ հայոց ցեղասպանության համար վրեժ լուծած անձինք պատահական մարդիկ չէին, նրանք կրթված և ազնվական կեցվածք ունեցող մարդիկ էին: Արեյանը Մարությանին խնդրեց, որ որոշումը ստորագրելուց հետո այն պատշաճ ձևավորմամբ տեղադրեն Երևանի պատմության թանգարանի ակնառու ցուցափեղկերից մեկում: